|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի գլխավորությամբ, ապրիլի 27-29-ը մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Երկու երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների միջև պաշտոնական հանդիպմանը ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև մաքսային վիճակագրական տեղեկատվության փոխանակման մասին» արձանագրությունը:
Հայաստանի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ինչպես ԻԻՀ ֆինանսների և տնտեսական հարցերով փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Մասուդ Քարբասիանի, այնպես էլ գործարար շրջանակների հետ: Քննարկվել են առևտրի դյուրացմանն ու սահմանային կետերում մաքսային ընթացակարգերի պարզեցմանը վերաբերող առաջարկները:
Կողմերը նաև պայմանավորվել են կազմակերպել և կարճ ժամանակում ավարտին հասցնել «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և ԻԻՀ մաքսային ծառայության միջև ուղևորների, տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրությունը: Առաջիկայում ԻԻՀ մաքսային ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները կհրավիրվեն Հայաստան՝ արձանագրության քննարկման նպատակով:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին