|
Փոխարժեքներ
04 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Այսօր լրագրողների հետ զրույցում քաղաքագետ Սերգեյ Մինասյանն ամփոփեց ԱԺ ընտրությունները: Նրա խոսքով` ՀՀԿ-ի արդյունքներում դեր խաղաց վարչապետ Կարեն Կարապետյանի բարձր վարկանիշը. ամեն դեպքում` երկար ժամանակ չկար այնպիսի իրավիճակ, երբ գործող վարչապետը պահպանում է բարձր վարկանիշ: ՀՀԿ-ի արդյունքների վրա ազդեց նաև առաջին համար Վիգեն Սարգսյանի լավ վարկանիշը:
«ՀՀԿ-ի համար նախընտրական շրջանում ռեբրենդինգը կարևոր դեր խաղաց: Բայց այն, որ ՀՀԿ-ի արդյունքներում մեծ դեր խաղաց վարչական ու ֆինանսական ռեսուրսների կիրառումը, դա էլ ակնհայտ է»,- ասաց Սերգեյ Մինասյանը:
Քաղաքագետի կարծիքով` ՀՀԿ-ն այս անգամ էլ կոալիցիա կկազմի Դաշնակցության հետ, և այդտեղ կա տրամաբանություն, քանի որ Դաշնակցությունը մեծ դեր է խաղում Սփյուռքում, բացի այդ` Դաշնակցությունը կուռ դիրքորոշում ունի Արցախի հարցում: Ուստի թեև Հանրապետականը համոզիչ հաղթանակ տարավ, սակայն կցանկանա ավելի լայն հիմքեր ունենալ` կոալիցիա կազմելով Դաշնակցության հետ:
Ըստ Մինասյանի` «Ելք»-ը լուրջ բալանսավորող ուժ կարող է դառնալ խորհրդարանում: Եվ ընդդիմության մի զգալի մասը կհայտնվի խորհրդարանից դուրս: Քաղաքագետը նշեց, որ արտախորհրդարանական ուժերը կփորձեն ակտիվացնել հասարակությանը: «Իրական ընդդմադիր ուժ լինելու է «Ելք»-ը, նա աննախադեպ արդյունքներ գրանցեց Երևանում»,- ասաց Սերգեյ ՄԻնասյանը:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ առաջին անգամ ընդդիմադիր ուժը չվիճարկեց ընտրությունների արդյունքները, նա նշեց, որ բոլորն են հասկանում` մարդիկ կամավոր են ընտրել Հանրապետականին`վերցնելով ընտրակաշառք, ուստի վիճարկելն իմաստ չունի:
Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքին, ապա, ըստ Մինասյանի, այն կխաղա կոնստրուկտիվ ընդդիմության դեր, դա երևաց նախընտրական քարոզչության ընթացքում: «Գաղտնիք չէ` ում հետ և ինչ խոսակցությունից հետո Ծառուկյանը որոշեց վերադառնալ քաղաքականություն»,- ասաց նա:
Անդրադառնալով ԱԺ ընտրությունների վերաբերյալ դիտորդների գնահատականին, Սերգեյ Միանսյանը կարծիք հայտնեց, որ ԵԱՀԿ դիտորդների նախնական զեկույցը առավել դրական էր, քան նախկինում հնչեցված գնահատականները: Այդ զեկույցում առանցքայինը մարդու հիմնարար ազատություններն են, որոնք այս ընտրություններում չեն խախտվել:
Ինչ վերաբերում է ֆինանսական ու վարչական ռեսուրսների կիրառմանը, ապա զեկույցում նշվել է, որ այդ ռեսուրսներին դիմել են տարբեր ուժեր և ոչ միայն իշխող ուժը:
Խոսելով հետընտրական զարգացումների բացակայության մասին` Սերգեյ Մինասյանը նշեց, որ արտախորհրդարանական ուժերը հասկացել են, որ հետընտրական զարգացումներն իմաստ չունեն, քանի որ իրենց այդ զարգացումները գեներացնելու ուժային ու ֆինանսական լծակներ չունեն ու շատ թույլ են: