|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Գերմանական անվանի ընկերությունը այլևս Թուրքիային զենք ու զինամթերք չի վաճառի: Թուրքական Ntv.com.tr լրատվակայքի տեղեկացմամբ՝ զենքի արտադրության ոլորտում հայտնի Heckler & Koch-ը որոշ քաղաքական չափանիշների շրջանակներում վերանայել է այն երկրների ցանկը, որոնց զենք է վաճառում. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Այսպիսով` ՆԱՏՕ-ի անդամ երկրները կամ այն երկրները, որոնք այս կազմակերպության հետ սերտ հարաբերություններ ունեն, ինչպես նաև՝ օրինապահության և ժողովրդավարության բարձր մակարդակ ունեցող երկրները ընդգրկվել են «կանաչ ցուցակում»: Ընկերությունը զենք կվաճառի միայն այդ ցուցակում ընդգրկված երկրներին:
Նախատեսված չափանիշներին չհամապատասխանող երկրները, ինչպիսիք են՝ Սաուդյան Արաբիան, Մեքսիկան, Բրազիլիան, Հնդկաստանը, ընդգրկվել են «դեղին ցուցակում»: Heckler & Koch-ն առաջիկայում այլևս չի պատրաստվում այս երկրներին զենք մատակարարել:
«Դեղին ցուցակում» է ներառվել նաև Թուրքիան: Ըստ աղբյուրի՝ այս ցուցակի երկրներին զենք վաճառելու համար ընկերությունը երկար ժամանակ չէր կարողանում Գերմանիայի կառավարությունից թույլտվություն ստանալ: Ուստի այժմ Heckler & Koch-ը փոխել է իր մարտավարությունը:
Թուրքական կողմի պնդմամբ՝ զենքի մատակարարման վերաբերյալ գերմանական ընկերության և Թուրքիայի միջև ավելի վաղ կնքված պայմանագրերի միակողմանի չեղարկման դեպքում Heckler & Koch-ը ստիպված կլինի խոշոր փոխհատուցումներ վճարել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ավստրիայի խորհրդարանում միաձայն ընդունվել էր բանաձև, որն առաջարկում է Թուրքիայի նկատմամբ զենքի վաճառքի էմբարգո կիրառել: