|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գերմանիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչած «Կանաչներ» կուսակցության համանախագահ, Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի հեղինակ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը նույնպես արձագանքել է Թուրքիայում ընդդիմադիր Cumhuriyet թերթի դեմ գործողություններին ու դրա աշխատակիցների ձերբակալությանը:
Ըստ Demokrathaber-ի՝ Օզդեմիրը նշել է, որ դաշնային կառավարությունը մտահոգություն է հայտնում Թուրքիայում մամուլի ազատության կապակցությամբ, մինչդեռ Թուրքիայում մամուլի ազատություն չկա: «Ի՞նչ մամուլի ազատություն: Թուրքիայում մամուլի ազատություն գոյություն չունի, հետևաբար՝ մտահոգվելու կարիք էլ չկա»,- ասել է Օզդեմիրը:
Նրա խոսքով՝ Թուրքիան ոչ մի կապ չունի դեմոկրատ լինելու, մարդկային և ազգային փոքրամասնությունների իրավունքների, ինչպես նաև արևմտյան այլ արժեքների հետ: «Որպես այդ արժեքների կրող՝ Արևմտյան աշխարհը պետք է Էրդողանի դեմն առնի»,-հայտարարել է պատգամավորը:
Անդրադառնալով նաև Թուրքիայում մահապատժի վերականգնման ուղղությամբ քննարկումներին՝ Օզդեմիրը նշել է, որ նման դեպքում վերջ կտրվի Եվրամիությանն անդամակցելու բանակցություններին: «Նա, ով ցանկանում է մահապատիժը վերականգնել, կարող է անդամակցել Հյուսիսային Կորեային կամ մեկ ուրիշին, սակայն ոչ երբեք ԵՄ-ին»,- ասել է կուսակցության ղեկավարը: