|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլին, որտեղ նախատեսվում են Սերժ Սարգսյանի հանդիպումները Գերմանիայի բարձրագույն ղեկավարության հետ: Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը:
Ապրիլի 6–ին ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ:
Զրուցակիցները հայ-գերմանական միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում երկուստեք կարևորել են միջխորհրդարանական համագործակցությունը, որի զարգացման գործում Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է Նորբերթ Լամմերթի ավանդը: «Դուք ոչ միայն խրախուսում եք երկու խորհրդարանների միջև կապերը, որոնք գործնական հարթակ են ձևավորում փոխադարձ շահերի լիարժեք ընկալման համար, այլև ձեր ուշադրության ներքո եք պահում հայ ժողովրդին վերաբերող հարցերը»,- Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթին ասել է Սերժ Սարգսյանը: ՀՀ Նախագահը, որպես ասվածի վկայություն, նշել է պարոն Լամմերթի մասնակցությունը Գերմանիայում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին, ինչպես նաև նրա ելույթը Բունդեսթագի Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ նիստին։ Նորբերթ Լամմերթը վստահություն է հայտնել, որ ՀՀ Նախագահի պաշտոնական այցը և դրա շրջանակներում հանդիպումները Գերմանիայի բարձրագույն ղեկավարության հետ, նոր մակարդակի կբարձրացնեն հայ-գերմանական քաղաքական երկխոսությունն ու կընդլայնեն համագործակցությունը:
Քննարկվել են նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող խնդիրներ և հույս է հայտնվել, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող նոր շրջանակային համաձայնագիրը կստորագրվի տեսանելի ապագայում: Ի պատասխան ՀՀ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Նախագահ Լամմերթի հարցին, Նախագահ Սարգսյանը տեղեկացրել է սահմանադրական փոփոխություններով պայմանավորված առաջիկա զարգացումների մասին և շնորհակալություն հայտնել գերմանական կողմին այդ գործընթացում տրամադրված խորհրդատվական աջակցության համար:
Հանդիպմանն անդրադարձ է եղել ԼՂ հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին: