Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2016-02-02 16:15
Իրավական

Հայաստանն ազատ է արձակել ահաբեկչության մեղադրանքով հետախուզվող` Բահրեյնի քաղաքացուն

Հայաստանն ազատ է արձակել ահաբեկչության մեղադրանքով հետախուզվող` Բահրեյնի քաղաքացուն

2014թ. մայիսի 25-ից սպանության փորձի, պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության, հասարակական և մասնավոր սեփականության վնասման, զանգվածային անկարգության և ահաբեկչության մեղադրանքով հետախուզվող և ՀՀ իրավապահների կողմից հայտնաբերված` Բահրեյնի Թագավորության քաղաքացի Ռադհի Ֆադհել Աբբաս Ահմեդ Ալին ազատ է արձակվել: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարությունից:

Նշենք, որ փետրվարի 4-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, Ահմեդ Ալիիի նկատմամբ կիրառվել էր կալանավորում 30 օր ժամկետով:

Նույն օրը նրա վերաբերյալ` ՀՀ գլխավոր դատախազությունում առկա փաստաթղթերը փոխանցվել էին ՀՀ արդարադատության նախարարություն: Այս ընթացքում միջազգային մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հանդես էին եկել հայտարարությամբ  և հաստատել, որ Բահրեյնի դատական համակարգը չափազանց կողմնակալ է և շարունակաբար օգտագործում է իր իշխանությունը` իրավապաշտպան և քաղաքականապես ակտիվ քաղաքացիներին ճնշելու համար: Նրանք կոչ են արել չհանձնել Ռադհի Ֆադհել Աբբաս Ալիին Բահրեյնի իշխանություններին:

Արդարադատության նախարարությունից տեղեկացրեցին, որ դատարանի որոշմամբ նշանակված 30-օրյա կալանքի ժամկետը լրանալուց հետո Ռադհի Ֆադհել Աբբաս Ալին ազատ է արձակվել, նրա հանձնումը Բահրեյնի Թագավորության իրավասու մարմիններին որևէ այլ հիմքով բացառվում է:

Նշենք, որ հանձնումը պետությունների միջև իրականացվում է միջազգային պայմանագրերին համապատասխան: Բահրեյնի Թագավորության և Հայաստանի Հանրապետության միջև երբևէ չեն կնքվել և չեն գործում հանձնման կամ արտահանձնման վերաբերյալ միջազգային երկկողմ կամ բազմակողմ պայմանագրեր: Համապատասխանաբար, ՀՀ արդարադատության նախարարությունը, չունենալով Բահրեյնի Թագավորության քաղաքացի Ռադհի Ֆադհել Աբբաս Ալիին՝ Բահրեյնի Թագավորությանը հանձնելու համար անհրաժեշտ միջազգային պայմանագրային հիմք, առաջնորդվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54.1 գլխի համապատասխան դրույթներով, որոնցով կարգավորվում է քրեական գործերով իրավական օգնությունը` միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում:

ՀՀ արդարադատության նախարարությունը կարող է ուսումնասիրել Բահրեյնի Թագավորությանը նրա քաղաքացուն դիվանագիտական ուղիներով հանձնելու միջնորդությունը երկու պետությունների միջև համաձայնություն ձեռք բերելուց հետո: Բահրեյնի Թագավորության իրավասու մարմիններից Ռադհի Ֆադհել Աբբաս Ահմեդ Ալիի հանձնման խնդրանքը ստացվել է ոչ դիվանագիտական ուղիներով, որի ուսումնասիրության արդյունքում դրանում հայտնաբերված մի շարք թերությունների մասին նրանց տեղեկացվել է:

Հաշվի առնելով վերոգրյալը և ելնելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հիմքերի բացակայությունից՝ ՀՀ արդարադատության նախարարը Ռադհի Ֆադհել Աբբաս Ալիի հանձնման միջնորդությամբ ՀՀ իրավասու դատարան չի դիմել: