|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և Եվրոպայի փոխչեմպիոն, մարմնամարզիկ Հարություն Մերդինյանի համար բոլոր Նոր տարիներն էլ հիշվող են, սակայն առանձնահատուկ է եղել անցյալ տարին:
«Ինձ համար ամեն Նոր տարի էլ հիշվող է: Չեմ կարող առանձնացնել որևէ մեկը: Երևի ամենահիշարժանն այն է որ անցյալ տարի մեկ հոգի էլ ավելացավ մեր ազգում` եղբորս որդին ծնվեց: Այս տարի արդեն մեզ հետ սեղան կնստի»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց մարզիկը:
Մերդինյանը մանուկ հասակում մշտապես նվերներ է ստացել ծնողներից և իմացել է, որ իրականում Ձմեռ պապ չկա: «Ձմեռ պապից նվեր չեմ ուզել, քանի որ ինձ ասել են, որ Ձմեռ պապ չկա: Միշտ նվերները ստացել եմ ծնողներիցս: Ձմեռ պապին լիներ, թե` չլիներ, միշտ նվեր ստանում էի»,- կատակեց նա:
Մերիդնյանը Նոր տարվա սեղանը չի պատկերացնում առանց մայրիկի պատրաստած համեղ ուտելիքների: «Շատ եմ սիրում հատկապես հավի ռուլետ և փախլավա: Սեղան գցելիս կոնկրետ գործ չունեմ անելու: Եթե պետք լինի ափսեները շարել, կանեմ: Եթե մի բանով կարողանում եմ օգնել, ապա օգնում եմ, եթե` ոչ, աշխատում եմ չխանգարել»,- ասաց մարզիկը և հավելեց, որ Ամանորի գիշերը երազանք չի պահում:
«Երազանք չեմ պահում, բայց միշտ ուզում եմ` առողջ լինենք: Կարևորը դա է, մնացածը երկրորդական է: Ցանկանում եմ շնորհավորել մեր հայ ժողովրդին, ցանկանում եմ նպատակների իրականացում. ինչ չի եղել անցնող տարում, թող լինի գալիք տարում»,- եզրափակեց Մերդինյանը: