|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Վերջին շրջանում ԱԱԾ-ն ջանքեր է գործադրում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի դեմ կեղծ ցուցմունքներ ստանալու ուղղությամբ. այսօր լրագրողներին հայտնեց Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Փաստաբանի խոսքով՝ նախաքննական մարմինը փորձում է համոզել գործով մեղադրյալներից Գարեն Աթաջանյանին` ցուցմունքներ տալ Արա Բուդաղյանի դեմ:
«Միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր իրենց ազատության դիմաց կմրոտեն ցանկացածին»,- ասաց նա ՝ նշելով որ նախաքննական մարմինն «առևտուր» է անում մեղադրյալների հետ:
Ալումյանի խոսքով՝ ԱԱԾ-ն, ամենայն հավանականությամբ, մեղադրյալին խոստացել է դատաբժշկական փորձաքննության եզրակացության հիման վրա ազատ արձակել՝ նշելով, թե իբր նա առողջական խնդիրներ ունի:
Ըստ փաստաբանի` նախաքննական մարմինը քննություն չի տանում` ստուգելու այն վարկածը, որ հնարավոր է` Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձը հանցագործության իմիտացիա է, ոչ թե իրական դեպք, և մի քանի անգամ արդեն մերժել է այդ ուղղությամբ քննություն տանելու վերաբերյալ իրենց միջնորդությունները:
Yerkir.am-ի հարցին` արդյո՞ք վերահսկող դատախազը քայլեր ձեռնարկում է՝ պատշաճ նախաքննություն ապահովելու համար, Ալումյանը պատասխանեց. «Եթե գլխավոր դատախազը Գևորգ Կոստանյանն է, ով ամեն ինչ արեց, որպեսզի 2013-ի հունիսի 1-ի միջադեպի գործը չբացահայտվի, մնացած դատախազների վերահսկողության մասով խոսքն ավելորդ է»: