|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրեց ԽԱՊԿ 2015թ. առաջին կիսամյակի զեկույցը Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների մասին:
Նա նշեց, որ 2015 թվականի առաջին կիսամյակը բավական լարված էր լրատվամիջոցների ու լրագրողների համար: Տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է լրատվամիջոցների և լրագրողների իրավունքների խախտումների 51 դեպք, որը 7- ով ավելի է, քան 2014 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրված դեպքերը:
Մելիքյանն անդրադարձավ Բաղրամյան փողոցում անցկացված ցույցերին, երբ մեկ օրվա ընթացքում ֆիզիկական բռնության է ենթարկվել տարբեր լրատվամիջոցների 13 աշխատակից և 10 լրագրող: «Լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա հարձակումների այս ծավալն աննախադեպ է և գերազանցում է նույնիսկ 2008 թվականի ցուցանիշը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ԶԼՄ-ների ֆինանսական վիճակին, Աշոտ Մելիքյանի խոսքով՝ դա չի կարելի բարենպաստ համարել: «Ֆինանսական դժվարությունները քրոնիկական հիվանդություն են դարձել հայկական լրատվամիջոցների ճնշող մեծամասնության համար: Լրատվամիջոցների ղեկավարների մտահոգություններն էլ ավելի են խորացել` էլեկտրաէներգիայի գալիք թանկացման հետ կապված, քանի որ դա անխուսափելիորեն կհանգեցնի արտադրական ծախսերի աճին»,- ասաց նա: