| 
                            Փոխարժեքներ
                                                        25 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 | 
| EUR | ⚊ | € 444.8 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7296 | 
| GBP | ⚊ | £ 510.03 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  10 տարի առաջ - 2015-06-12 11:51
            10 տարի առաջ - 2015-06-12 11:51  
         
                
            Արդեն հայտնել ենք, որ ապրիլի 17-ին Սպիտակ-Երևան ավտոճանապարհին զինվորական բեռնատարի վթարի ենթարկվելու դեպքի կապակցությամբ անցկացված ծառայողական քննությունն ավարտվել է:
Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ ծառայողական քննության արդյունքում, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հրամանով, մահվան ելքով դեպքի մեղավորները կարգապահական տույժի են ենթարկվել: Ըստ հրամանի` սպառազինության և տեխնիկայի շահագործման աշխատանքները թերություններով կազմակերպելու համար «Նկատողություն» կարգապահական տույժի են ենթարկվել մի շարք պաշտոնատար անձինք` գնդապետ Դավիթ Հարությունյանը, փոխգնդապետ Մհեր Խալաթյանը: «Խիստ նկատողություն» կարգապահական տույժի է ենթարկվել փոխգնդապետ Սարգիս Ջանունցը: «Նախազգուշացում պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին» կարգապահական տույժի են ենթարկվել փոխգնդապետ Հարություն Քեչեջյանը, փոխգնդապետ Սայադ Սմբատյանը և մայոր Արթուր Մեջլումյանը:
Հիշեցնենք, որ դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: ՊՆ-ից մեզ հայտնեցին, որ հարուցված քրեական գործի ավարտից հետո կրկին անդրադարձ կկատարվի պաշտոնատար անձանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու խնդրին:
Yerkir.am-ը ստացել է նաև գործի ընթացքի վերաբերյալ ՀՀ Քննչական կոմիտեին ուղղված գրավոր հարցման պատասխանը: «Քննության շրջանակներում նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դատաբժշկական, դատաավտոտեխնիկական, դատահետքաբանական, ինչպես նաև դատահետքաբանական և դատանյութաբանական համալիր փորձաքննություններ։ 8 զինծառայողի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացություններն ստացվել են, իսկ դիակի դատաբժշկական, դատաավտոտեխնիկական, դատահետքաբանական, դատահետքաբանական և դատանյութաբանական համալիր փորձաքննության եզրակացությունները՝ ոչ։ Քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել այլ քննչական գործողություններ»,- ասված է մեզ ուղղված պատասխանում: ՔԿ-ից տեղեկացրել են նաև, որ քննության արդյունքների մասին առավել մանրամասն տեղեկություն կտրամադրվի համապատասխան դատավարական որոշումներ կայացնելուց հետո:
Հիշեցնենք, որ վթարի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել էր ժամկետային զինծառայող Արտյոմ Թովմասյանը, իսկ նրա 9 ծառայակիցները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Yerkir.am-ի հետ զրույցում մահացած զինծառայողի հայրն ասել էր. «Դեպքի նախորդ օրը տղայիս հետ խոսել եմ, ասաց, որ մեքենայի տոռմուզի ռեմենն ա կտրել, ու զորամասում ասել ա էդ մասին, ասել են` նորը կտան, բայց չեն տվել: Էրեխեն էլ ստիպված հին ռեմեն ա ճարել, դրել»: Զինծառայողը հայրը նշել էր, որ հետամուտ է լինելու գործի բացահայտմանն ու բոլոր հանգամանքների պարզաբանմանը: