|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում հյուրընկալվեց Հունաստանի խորհրդարանի խոսնակ Զոի Կոնստանդոպուլուի գլխավորած պատվիրակությունը, որ Հայաստան է ժամանել Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը եւ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանը:
Հրանտ Մարգարյանը բարձր գնահատեց փաստը, որ հայ ժողովրդի համար այս կարեւորագույն օրերին հույն ժողովուրդը՝ հանձին խորհրադարանի նախագահի, մեր ժողովրդի կողքին է եւ մասնակցում է 100-ամյա տարելիցի միջոցառումներին:
Ներկայացվեցին ՀՅԴ պատմությունն ու անցած ճանապարհը, այժմյան քաղաքական օրակարգը, դիրքորոշումները ներքին եւ արտաքին կարեւորագույն հարցերի՝ այդ թվում Հայաստան-Եվրոպա հարաբերությունների, Ղարաբաղյան հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների, Սիրիայում քրիստոնյաների եւ մասնավորապես՝ հայերին սպառնացող վտանգի շուրջ:
Հունաստանի խորհրդարանի խոսնակն իր հերթին ընդգծեց, որ հայ եւ հույն ժողովուրդները դարավոր բարեկամներ են եւ ունեն նույնական ճակատագրեր, ուստի եւ բնական է, որ իրենք այս օրերին Երեւանում են:
Զոի Կոնստանդոպուլուն խոսեց նաեւ Հունաստանի առջեւ ծառացած տնտեսական դժվարություններից, ինչպես նաեւ կառավարության ձեռնարկած այն քայլերից, որոնք ուղղված են այդ իրավիճակից դուրս գալուն:
Քննարկվեցին 2 կուսակցությունների միջեւ սերտ փոխգործակցության, միջազգային ասպարեզում հույն եւ հայ պատգամավորների համագործակցության հնարավորությունները, պայմանավորվածություն ձեռք բերվեց նմանատիպ հանդիպումներն ավելի հաճախակի դարձնել:



