|
Փոխարժեքներ
04 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Այսօր տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության գործով Միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարավորությունները» գրքի շնորհանդեսը: Աշխատության հեղինակն է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, «Օրենքի ուժով» ՀԿ-ի նախագահ Արմեն Մարուքյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում Մարուքյանն ասաց, որ այս ուղղությամբ աշխատանքները պատմության ինստիտուտում բավական երկար ժամանակ է, ինչ տարվում են` դեռեւս 2008-ից, և այս տարի արդեն հասցրել են հրատարակել «Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդիրները և պատմաիրավական հիմնավորումները» աշխատությունը:
«Հուրախություն մեզ տեսանք, որ նախագահի դրամաշնորհային ծրագիր կա, ինչն էլ ոգևորիչ էր, և որոշեցինք մեր կազմակերպությամբ մասնակցել: Գրքում քննարկվում են Միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարավորությունները, այսինքն` ապագայում Միջազգային դատարան ներկայացվելիք հայցադիմումի բաղադրիչները, թե ի՞նչ փաստաթղթերի հիման վրա մենք պետք է պահանջներ ներկայացնենք: Քանի որ վերջին շրջանում Քեսաբում ուշարժան իրադարձություններ էին կատարվում, որոշեցինք նաև դրանց անդրադառնալ և քեսաբահայերի իրավունքների պաշտպանության հարցին նույնպես անդրադարձ կատարել»,- ասաց Մարուքյանը:
Ի դեպ, գիրքը չի վաճառվում, դրա համար էլ առաջիկայում գրքի էլեկտրոնային տարբերակը կդրվի պատմության ինստիտուտի և ԵՊՀ-ի Հայագիտական ինստիտուտի կայքում: Մարուքյանը նշեց նաև, որ առաջին հայացքից թվում է` հանդուգն վերնագիր ունի գիրքը, բայց, նրա կարծիքով, մեր անհամարձակությունը հանգեցրել է նրան, որ մեր հարևանը դարձել է սանձարձակ Ցեղասպանության ժխտողական քաղաքականության մեջ:
Թուրքագետ Արտակ Շաքարյանն էլ նշեց, որ շատ կարևոր է վերաիմաստավորել Ցեղասպանությունը, քանի որ իրականում հայ հասարակությունն էլ, Ցեղասպանություն ասելով, պատկերացնում է 1915-ի ապրիլի 24-ը, և վերջ:
«Գիրքը կարևոր է Ցեղասպանությունը նորովի հասկանալու, մանրամասներն իմանալու համար, շատ էական է նաև այն առումով, որ մենք վերջապես կհասկանանք` ի՞նչ ենք ուզում Թուրքիայից, ի՞նչ պահանջներ ունենք: Շատերն են ասում` դիմեք միջազգային ատյաններին, բայց մենք, ցավոք, չենք պատկերացնում, որ չենք տիրապետում այդ լծակներին և փաստաթղթերին, որ վստահ լինենք 100 տոկոսով` դիմելու դեպքում հաղթելու ենք»,- ասաց թուրքագետը` հավելելով, որ շատ կարևոր է նաև, որ նմանօրինակ գրականությունը թարգմանվի, քանի որ, ի վերջո, մեր խնդիրն է, որ համայն աշխարհն այդ մասին իմանա: