|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: Հանրապետության Նախագահը կմասնակցի Նյուպորտում սեպտեմբերի 4-ին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի /ISAF/ առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում:
Սերժ Սարգսյանը հանդես կգա ելույթով: ՆԱՏՕ-Անվտանգության աջակցության միջազգային ուժեր ձևաչափով վերջին այս hանդիպմանը կամփոփվեն Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի առաքելության արդյունքները և կնախանշվեն նոր՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելության ուղղությունները:
Հայաստանը, 2010 թվականից ի վեր լինելով միջազգային այդ առաքելության մասնակից և միջազգային ուժերի կազմում տեղակայելով մինչև 126 հոգանոց զորախումբ, իր ներդրումն է ունեցել Աֆղանստանում անվտանգության ու ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին և հանձնառու է շարունակելու մասնակցությունը նոր առաքելության շրջանակներում:
Սեպտեմբերի 4-ի երեկոյան հանդիպման մասնակիցների համար կտրվի ընդունելություն Ուելսի արքայազն Չարլզի անունից և ոչ պաշտոնական ընթրիք՝ ի պատիվ մասնակից երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների: