|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայտնի դաշնակահար Ջոզեֆ Պարատորեի հրավերով՝ դաշնակահար Լևոն Մանասերյանը (պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանի դասարան) Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում մասնակցել է «Մոցարտեում» միջազգային ամառային ակադեմիայում կազմակերպված վարպետության դասերին: Վարպետության դասերի շրջանակում երիտասարդ դաշնակահարը Պարատորեի դասարանական համերգին կատարել է Բախի ռե մինոր «Խրոմատիկ ֆանտազիան և ֆուգան»:
Ուշագրավ է այն փաստը, որ վարպետության դասերի եզրափակիչ համերգին՝ Ջոզեֆ Պարատորեի տասնմեկ հոգանոց դասարանը /բազմազգ/ ներկայացրել է Հայաստանի պատվիրակը՝ կատարելով Արամ Խաչատրյանի «Տոկատը»: Վարպետության դասերին ակտիվ մասնակցության համար Լևոն Մանասերյանին շնորհվել է դիպլոմ:
Լևոն Մանասերյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող է, մի շարք միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր և մեդալակիր:
Վերջերս նա մենահամերգներով հանդես է եկել Բրյուսելում՝ կատարելով Բախի, Բեթհովենի, Խաչատրյանի, Սարաջևի ստեղծագործությունները: Համերգի ընթացքում կատարել է նաև սփյուռքահայ կոմպոզիտոր Հ. Բոյաջյանի «Հայկական երգը» դաշնամուրային պիեսը, որն առաջին անգամ էր հնչում Եվրոպայում: Համերգները ջերմորեն են ընդունվել օտարազգի ունկնդրի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների կողմից: