|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չի ցանկանում գնահատականներ տալ այն մարդկանց հայտարարություններին, թե ՀՀ իշխանությունները պետք է դասեր քաղեն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից: «Դրանք ցնորամիտ մտայնությամբ մարդիկ են, որոնք ուզում են շահեկան վիճակ ստեղծել՝ իշխանության գալու համար և հրճվանքով են նման բաների մասին խոսում»,- ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Պատգամավորի համոզմամբ՝ Հայաստանի խնդիրներն ուրիշ են: «Մեր քայլերը լրիվ ուրիշ են, և մեր առաջիկա ծրագրերը երբեք ու երբեք չի կարելի համեմատել աշխարհի ցանկացած երկրի խնդիրների հետ: Բնականաբար, մեզ մոտ չեն կարող տեղի ունենալ Ուկրաինայի իրադարձությունների նման իրադարձություններ, որովհետև երբեք ու երբեք հայը հայի վրա զենք չի բարձրացնի»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Լրագրողների դիտարկմանը, որ Մարտի 1 ունենք, Գալուստ Սահակյանն արձագանքեց, որ միջադեպերը ուրիշ են, բայց պետությունը քանդելու, տարբեր մասերի բաժանելու ցանկությունը լրիվ այլ երևույթ է: «Իհարկե, նման ցավալի դեպք եղել է, և դրանից պետք է դասեր քաղենք, որ նման հետևանքներ երբեք չունենա Հայաստանը»,- ասաց նա: