|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Եթե Վարդան Ղուկասյանի տղան խուլիգանություն է անում, իրավապահ մարմինների խնդիրն է, բայց այդ դեպքերը պետք չէ շահարկել, որովհետև Գյումրին կրիմինալ քաղաք չէ, ինչպես փորձում են ներկայացնել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը` խոսելով Գյումրիում տեղի ունեցող անցանկալի երևույթների մասին: Հիշեցնենք, որ օրեր առաջ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, իր ընկերների հետ մեքենաներով մոտեցել էին քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատանը, նրա հասցեին հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցրել:
Պատգամավորի խոսքով` Վարդան Ղուկասյանը ունեցել է թե' թերություններ, թե' առավելություններ, բայց նա Գյումրին սիրող մարդ էր, պարզապես նրա շրջապատում կային այնպիսի մարդիկ, որոնք նպաստում էին քաղաքում բացասական տրամադրությունների առաջացմանը:
«Ի՞նչն է կրիմինալ քաղաք: Եթե որևէ մեկը հայհոյում է, թող նստեցնեն: Կուզենայի, որ Սամվել Բալասնայնը ավելի շատ զբաղվեր իր գործով: Ցավում եմ, որ առարկայական գործերով զբաղվելու փոխարեն ժամանակ ու էներգիա են ծախսում միջանձնային հակասությունների վրա»,- ասաց պատգամավորը:
Հարցին` ինչո՞ւ պատժելիությունը չի գործում իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, Մկրտիչ Մինասյանը նշեց. «Օրենքը պիտի գործի, բայց գոյություն ունի անմեղության կանխավարկած: Չպետք է ամեն մի չարիք տեսնել մեկ քաղաքական ուժի մեջ»: