|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀԿ պատգամավորները մասնակցել են, մասնակցում են և անընդհատ էլ կմասնակցենք կուտակային կենսաթոշակների վերաբերյալ քննարկումներին. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը` պատասխանելով հարցին`արդյո՞ք հանրապետական պատգամավորները կմասնակցեն ԱԺ-ում կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի վերաբերյալ անցկացվող քննարկմանը, եթե այն նախաձեռնեն ընդդիմադիր պատգամավորները:
Հիշեցնենք, որ երեկ Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը ափսոսանք էր հայտնել, որ կենսաթոշակային բարեփոխումների հարցով ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած արտահերթ նիստը չի կայացել` նշելով, որ եթե այդ թեմայով քննարկումներ լինեն, ինքը մեծ սիրով կմասնակցի դրանց:
Գագիկ Մինասյանը նշեց, որ այդպիսի քննարկումներ բազմիցս եղել են իր առանձնասենյակում և դեռ կլինեն այն պատգամավորների հետ, որոնց հետ ինքը հարաբերվում է: Դիտարկմանը, որ խոսքը վերաբերում է ոչ թե առանձնասենյակային քննարկումներին, այլ` ԱԺ դահլիճում անցկացվող, Գագիկ Մինասյանն արձագանքեց, որ կենսաթոշակային բարեփոխումների օրենքները ընդունվել են դեռ 1000 օր առաջ, և այդ ընթացքում եղել են բազմաթիվ քննարկումներ թե' պետության ներսում, թե' պետությունից դուրս:
«Եթե կային մտահոգություններ, ապա այդ երեք ու ձիգ տարիների ընթացքում պետք է բարձրացվեին»,- ասաց Գագիկ Մինասյանը:
Հարցին` թե ինչո՞ւ է այդ դեպքում հանրությունը բողոքում, Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Բայց ինչո՞ւ եք ինձանից հարցնում, հանրությունից հարցրեք»: Դիտարկմանը, որ քաղաքացիները տեղյակ չեն եղել կենսաթոշակային համակարգին վերաբերող փոփոխություններին, Գագիկ Մինասյանը կարճ արձագանքեց. «Դե, թող տեղյակ լինեին…»: