|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երեկ երեկոյան` սեպտեմբերի 1-ին, Շուշիում Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ» օպերայի արցախյան պրեմիերայով մեկնարկեցին Արցախի Անկախության օրվան նվիրված միջոցառումները:
Ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքը, որտեղ տեղի էր ունենում բեմելը, վերածվել էր մեծ օպերային թատրոնի: Նոր մեկնաբանությամբ, լուսային հարուստ լուծումներով հագեցած ներկայացման բեմադրող անձնակազմն ամեն ինչ արել էր, որ «Արծվաբերդ»-ի պրեմերան իսկական տոն դառնա հազարավոր ներկաների և, հատկապես, Շուշիի բնակիչների համար:
Բեմադրող ռեժիսոր Ժիրայր Դադասյանի նորարարական մոտեցումներն ու լուծումները նոր շունչ էին հաղորդել դեռևս 1957 թ. գրված ստեղծագործությանը: Հատկանշական է, որ օպերայի առաջին բեմադրությունից հետո, որ կայացել էր Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 1957թ.նոյեմբերի 3-ին, այն իր երկրորդ ծնունդն ունեցավ հեղինակի հայրենի օրրանում` ազատ և անկախ Արցախի արծվանիստ Շուշիում:
Արցախյան պրեմիերային ներկա հազարավոր հանդիսականների շարքերում էին հայտնի մտավորականներ, քաղաքական և պետական գործիչներ, հյուրեր, ովքեր եկել էին ունկնդրելու Անդրեյ Բաբաևի անզուգական երաժշտությունը և միասին նշելու Արցախի Հանրապետության անկախության տոնը:



Լուսանկարները` Արցախի նախագահի կայքից