|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Օրերս Վիեննայի Հայ առաքելական եկեղեցական համայնքի հանդիսությունների սրահում, Ավստրիայում ՀՀ դեսպանության հետ համատեղ, տեղի է ունեցել հիշատակի միջոցառում` նվիրված սումգայիթյան ջարդերին եւ Արցախյան շարժման սկզբնավորման 25-ամյակին:
Միջոցառմանը ներկա էին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, այդ օրերին Վիեննայում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցող` ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտաշես Գեղամյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ Խաչիկ Հարությունյանը:
Միջոցառման շրջանակներում կազմակերպվեց 1988-ի սումգայիթյան ջարդերին եւ գերմանական ու ավստրիական մամուլում այդ իրադարձությունների արձագանքներին նվիրված լուսանկարչական եւ փաստագրական վավերագրերի ցուցահանդես: Ցուցադրվեցին հատվածներ սումգայիթյան ջարդերին նվիրված ֆիլմաշարից:
Միջոցառման ավարտին ավստրիահայ կազմակերպությունների հարյուրի չափ ներկայացուցիչներ լռության երթով քայլեցին դեպի Վիեննայի կենտրոնական հրապարակ` Շտեֆանսպլաց, ուր բազմաթիվ պաստառներով, Հայաստանի եւ Արցախի դրոշներով, հայրենասիրական երգերի կատարմամբ բողոքի ցույց իրականացվեց, եւ անցորդներին ու հետաքրքրվողներին բաժանվեցին սումգայիթյան ջարդերին նվիրված տեղեկատվական նյութեր: