|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչությունը տեղակայվել է Կոմիտասի 37 հասցեում: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երեկ մասնակցել է Կրթության պետական տեսչության նոր շենքի բացմանը. տեղեկացնում են ՀՀ ԿԳ նախարարությունից:
«Տեսչությունը երկար տարիներ աշխատում էր խոնավ, առանց արևի լույսի, կենցաղային նվազագույն պայմաններ չունեցող մի անկյունում: Նոր շենքում ստեղծված բարենպաստ պայմանները, հուսով եմ, ազդակ կհանդիսանան ավելի լավ աշխատելու և կրթության վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու համար»,- ասել է Աշոտյանը:
Նախարարն իր խոսքում անդրադարձել է Կրթության պետական տեսչության լիազորություններն ընդլայնելու նպատակով նախատեսվող օրենսդրական փոփոխությունների նախագծին և ընդգծել. «Կրթության և գիտության նախարարությունն առաջարկում է տեսչության լիազորություննեը ընդլայնել` ներառելով նաև միջին և բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտները»:
Այսօր տեսչությունը իր լիազորություններն իրականացնում է միայն նախադպրոցական, հանրակրթական եւ նախնական մասնագիտական կրթության մակարդակներում, ինչը, ըստ Աշոտյանի, թույլ չի տալիս կրթական համակարգում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ ապահովել լիարժեք հսկողություն:
«Կոռուպցիոն ռիսկեր, օրենքի խախտումներ և ընդհանրապես մտահոգիչ խնդիրներ կան, ոչ միայն դպրոցներում, այլև բուհերում և քոլեջներում նույնպես: Մենք ստանում ենք բազմաթիվ դիմում-բողոքներ, և պարտավոր ենք տեսչական գործիքի շնորհիվ արձանագրել և արձագանքել այդ դեպքերին: Այդ աշխատանքն առավել արդյունավետ իրականացնելու համար ստեղծվել են տեսչության 4 տարածքային բաժիններ` հյուսիսային, հարավային, արեւմտյան և արևելյան»,- տեղեկացրել է նախարարը: