|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արդյո՞ք Սյունիքի մարզային իշխանությունները կարողանում են ճիշտ օգտվել զբոսաշրջության զարգացման համար ստեղծված նպաստավոր պայմաններից: Իհարկե ոչ:
Հայտնի է, որ մեր երկրի հարավային դարպասը լուրջ նախադրյալներ ունի այս ոլորտի զարգացման համար, միայն հարկավոր է օգտագործել առկա բոլոր ռեսուրսները: Գորիսը հանրապետության այն սակավաթիվ քաղաքներից է, որտեղ պահպանվել են պատմաճարտարապետական արժեքները, քաղաքաշինական ամբողջականություն ներկայացնող կառուցապատված միջավայրը:
Պատմական կառուցապատման ու ճարտարապետական փոքր ձեւերի վերականգնումը, տարածքների բարեկարգումն ու կանաչապատումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, գիտության եւ արվեստի, ավանդական արհեստագործության վերականգնմանը, ինչպես նաեւ կբարձրացնի տարածքում բնակվող մարդկանց բարեկեցությունը:
Այսօր մեզ չհաջողվեց ՀՀ մշակույթի նախարարությունից մեկնաբանություն ստանալ նույն նախարարության կողմից ՀՀ կառավարության առաջիկա նիստին ներկայացվելիք «Գորիս քաղաքում զբոսաշրջության զարգացման մասին» որոշման նախագծի վերաբերյալ, որի համաձայն` Գորիսը կհայտարարվի զբոսաշրջային կենտրոն: Նախարարությունից մեզ ասացին, որ մշակույթի փոխնախարար, մասնագիտությամբ ճարտարապետ Արեւ Սամուելյանը, որը համակարգել է հիշյալ որոշումը, բացակայում է նախարարությունից:
Նշենք, որ մասնագետներն այն կարծիքին են, որ Գորիսն իր բնակլիմայական պայմաններով, պատմամշակութային եւ ազգագրական առանձնահատկություններով ու ավանդույթներով լուրջ հեռանկար ունի` այլընտրանքային զբոսաշրջային կենտրոն դառնալու եւ համաշխարհային զբոսաշրջային արդյունաբերության մեջ իր տեղն ու դերը գրավելու համար:
Որոշման կայացումից, այնուհետեւ զարգացման ծրագրի ընդունումից հետո հնարավոր է` քաղաքի պատմական կենտրոնում ստեղծվի «Հին Գորիս» պատմամշակութային արգելոցը: Բացի այդ` ժայռափոր Գորիսի տարածքում կստեղծվեն էկոլոգիական, այլընտրանքային եւ արկածային զբոսաշրջության կենտրոններ, կվերագործարկվի քաղաքի օդանավակայանը: