|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սիրիայի նոր կառավարությունը հավանություն է տվել երկրում 48 տարի գործող արտակարգ իրադրության ռեժիմը չեղյալ համարող օրինագծին: Արաբական ԶԼՄ-ների տեղեկություններով` նաեւ վերացվում է պետանվտանգության բարձրագույն դատարանը:
Օրինագիծը պետք է հաստատի երկրի նախագահ Բաշար ալ Ասադը, սակայն, փորձագետների կարծիքով` դա ընդամենը ձեւական բնույթ է կրելու:
Արտակարգ իրադրության վերացումը եւ այլ բարեփոխումները, նաեւ աշխատավարձերի ու կենսաթոշակների ավելացումը պատասխանն են երկրում շարունակվող բողոքի ակցիաների:
Նշենք, որ արտակարգ իրադրության պայմաններում գործող օրենքները երկրի անվտանգության ուժերին օժտում են անսահմանափակ լիազորություններով, ինչն էլ ժողովրդի դժգոհության հիմնական պատճառներից մեկն է: Ըստ 1963 թվականին մտցված արտակարգ իրադրության ռեժիմի` արգելվում են զանգվածային հավաքները, սահմանափակվում է քաղաքացիների անցուդարձը, անվտանգության ուժերին թույլ է տրվում ստուգել մարդկանց անձնական կապերը, ձերբակալել նրանց հարցաքննության համար, գրաքննել մամուլը:
Երկրի նոր կառավարությունը ձեւավորվել է ապրիլի 14-ին: Նույն օրն էլ նախագահ Ասադի հրամանով բանտերից ազատ են արձակվել բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվածները: