|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ապրիլի 5-ին, Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի նշանավորման միջոցառումների շրջանակում, Ժնեւի Դելիս համայնքային կինոդահլիճում շվեյցարացի հանդիսատեսին ներկայացվել են ֆրանսիացի վավերագիր Մարի Դոմինիկ Մասոլի «Հայաստան` մշակույթի եւ զգացմունքների երկիր» ֆիլմը եւ համանուն գիրքը:
Միջոցառման ընթացքում հեղինակը նշել է, որ իր ֆիլմով եւ գրքով փորձել է ներկայացնել «իր Հայաստանը»` աշխատասեր, կենսունակ, ուրույն ազգային ինքնությունը դարեր շարունակ պահպանած հերոսական հայ ժողովրդի երկիրը, իրական զգացմունքների, հազարամյա պատմության, մշակույթի, արվեստի ու քաղաքակրթության երկիրը:
Ֆիլմը ներառում է Հայաստանի տարբեր վայրերում` Երեւանում, Օշականում, Էջմիածնում, Վանաձորում, Ալավերդիում, Տաթեւում, Մեղրիում, Գյումրիում, Իջեւանում, Սեւանում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում կատարված նկարահանումները:
Թե' ֆիլմը, թե' գիրքը ներկայացնում են Հայաստանի պատմական կարեւոր իրադարձությունները, ներկայիս Հայաստանի տնտեսությունը, զբոսաշրջային հնարավորությունները, պատմական եւ մշակութային ժառանգությունը, կրոնի ու լեզվի առանձնահատկությունները, ավանդական ծիսակատարությունները, Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների առօրյան:
Ֆիլմը Շվեյցարիայի ֆրանսախոս շրջաններում կցուցադրվի ողջ տարվա ընթացքում. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը: