Քաղաքականություն
Հասարակություն
Անդրադարձ
Մարզական
2400-ամյա բրոնզե սուսեր

Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր, անտրոպոլոգիայի ֆակուլտետի ղեկավար Միշել Ռոտմանն արդեն 35 տարի է` զբաղվում է հնագիտությամբ: Դեռեւս չորս տարի առաջ Հայաստան է եկել այն հույսով, թե կկարողանա փակել մինչ այժմ իր կողմից կատարված հետազոտությունների մեջ մնացած «ճեղքը»:

Իր հնագիտական պեղումներն ու հետազոտությունները այժմ կատարում է Շենգավիթ հնավայրում, որը գտնվում է Երեւանում եւ գոյություն է ունեցել Ք.ծ. ա. 4-3-րդ հազարամյակներին. «Այստեղ եղել է կենտրոնացված պետություն, եղել են մարզեր, քաղաքներ, պաշտոնյաներ: Հիմա մենք սա որպես նորմալ երեւույթ ենք ընկալում, բայց այդ ամենը Ք.ծ. 3500 տարի առաջ է եղել:

Միջագետքում պեղումներ կատարելիս ժամանակագրական եւ տեղադրական համայնապատկերը ստեղծելու համար մի բան էր պակասում: Ես եկա Հայաստան` հուսալով, որ այստեղ կլրացնեմ այդ բացը: Միջագետքի առաջին զարգացած քաղաքները Իրաքի տարածքում էին: Եվ գինու արտադրությունը, մետալուրգիան, կիսաթանկարժեք քարերի մշակումը այնտեղ են թափանցել լեռնային այս շրջանից: Միեւնույն ժամանակ, այն, ինչ եղել է Իրաքում, եղել է նաեւ Հայաստանում եւ կոչվել է Կուր-Արաքսյան մշակույթ»:

Պրոֆեսոր Ռոտմանը ցանկանում է հայ գիտնականների հետ միասին ապացուցել, որ Կուր-Արաքսյան մշակույթը գյուղական չի եղել, հովվական կյանքով չեն մարդիկ ապրել, ինչպես տասնամյականեր շարունակ պնդում են տարբեր գիտնականներ: Այլ այստեղից է սկիզբ առել ժամանակակից քաղաքակրթությունը:

ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանն ասաց, որ անցյալ տարվա պեղումների ժամանակ բազում հայտնագործություններ են եղել, որոնք վկայում են Շենգավիթի` քաղաքային բնակավայր լինելու մասին:

Նախ` հայտնաբերվել են հսկայական քանակությամբ քարե գործիքներ, ինչն ապշեցրել է Միջագետքում եւ հին արեւելյան քաղաքակրթությունների բազմաթիվ կենտրոններում եղած ու տարիներ աշխատած արտասահմանցի գործընկերներին: Եղել են առանձին թաղամասեր, տարբեր տիպի կառույցներ` մոնումենտալ եւ հասարակ համայնականների շենքեր, պարսպապատ միջանաբերդ, որտեղ ապրել է վերնախավը, անպաշտպան արվարձաններ: Ենթադրվում է, որ վեց հեկտար տարածք ունեցող Շենգավիթը ունեցել է առնվազն 3000 բնակչություն, ինչը, հին արեւելյան բոլոր չափանիշների համաձայն, դրա քաղաք լինելու մասին է վկայում:

Բնակավայրի մի հատվածում, որտեղ ենթադրաբար ապրելիս են եղել երկրագործները, հայտաբերվել են հացահատիկի մոտ 15 հոր, որոնցից յուրաքանչյուրը 4 տոննա տարողությամբ է. «Այդ ժամանակի համար դա անհավատալի ծավալ է: Պատկերացրեք, որ Իրանում հայտնաբերվել էր մի պահեստ, որտեղ կարող էին ամբարել ընդամենը 300 կգ ցորեն, եւ դա համարվում էր մեծ հայտնագործություն»,- ասաց Հ. Սիմոնյանը:

Շենգավիթում եւ դրան հարակից «Ներքին նավեր» կոչվող հուշարձանի տարածքում պեղումները ցույց են տվել, որ այս տեղանքում հսկայական է եղել ձիերի թիվը, ինչը հիմնավորում է այն վարկածը, որ Հայաստանը եղել է ձիաբուծության հայրենիքներից մեկը: Սրա վերաբերյալ Հակոբ Սիմոնյանն ասաց, որ թեեւ հետազոտման բավականին մեծ ճանապարհ կա անցնելու, որպեսզի վերջնականապես հաստատվի, որ դրանք 100 տոկոսով ընտելացված ձիեր են եղել, բայց մի բան պարզ է. զարգացած մետաղագործություն կարող է գոյություն ունենալ միայն այն դեպքում, եթե ձին օգտագործվել է որպես տրանսպորտային միջոց: Իսկ Շենագավիթից հայտնաբերված պղնձի քիմիական կազմի վերլուծությունը, որը կատարվել է Գերմանիայում, վկայում է, որ այն բերվել է Ալավերդու հանքերից:

Շենգավիթում հայտնաբերվել է նաեւ մի պղնձագործական արհեստանոց, որտեղից գտնվել են տարաներ` ներսից պղնձե հաստ նստվածքով. «Վերլուծությունը ցույց է տվել, որ միայն այդ արհեստանոցում կարող էր լինել մինչեւ 300 կգ պղինձ: Իսկ դա այդ ժամանակի համար վիթխարի հարստություն էր, նույնն է, ինչ այսօր 300 կգ ոսկին: Եվ դա միայն մեկ արհեստանոցի արտադրանք է եղել»:

Նշենք նաեւ, որ առանցքային կարեւորության հայտնագործություններ են արվել նաեւ «Վերին նավեր» հուշարձանի տարածքում, որը անմիջապես հաջորդում է շենգավիթյան մշակույթին: Այստեղ հասարակ համայնականների գերեզմաններ եւ արքայական դամբարանաբլուրներ կան, որոնցից մեկում վերջերս հայտնաբերվել է բրոնզե, 1.20 մետր երկարություն ունեցող սուսեր. «Ընդհանրապես այս տիպի զենքերը բնորոշ են միայն Հայաստանին եւ ինչ-որ չափով` նաեւ ժամանակակից Վրաստանին: Ամբողջ Առաջավոր Ասիայում այդ տիպի զենքեր այլեւս ոչ մի տեղ չեն հայտնաբերվել: ...Դրանք, իմ համոզմամբ, աշխարհում ամենահին պրոֆեսիոնալ զենքերն են»,- ասաց Հ. Սիմոնյանը:

Կատարված սպեկտրալ անալիզի արդյունքում պարզվել է, որ այդ սուսերը պատրաստված է անագային բրոնզից, որը Հին Արեւելքում լայն տարածում է գտել միայն 15-16-րդ դարերում: Դրանցում անագը կազմում է 11 տոկոս, ինչ վկայում է բրոնզի բարձրորակության մասին: Նույն անալիզի ընթացքում արված կապարի իզոտոպերի հարաբերության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ սուսերը պատրաստվել է տեղում: Հ. Սիմոնյանն ասաց, որ սա լուրջ հայտնագործություն է, քանի որ մինչ այժմ այս հարցը բազում վեճերի առիթ է եղել:

Այսքանից հետո հիմնավորումներ գտնել, թե Կուր-Արաքսյան մշակույթը եղել է հովվական` ուղղակի անհնար է:

Շենգավիթում հնագիտական աշխատանքները սկսվել են դեռեւս 2000 թվականին ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի կողմից: Իսկ 2009 թվականին արդեն նրանց միացել են ամերիկացի գործընկերները: Այս համագործակցությունը մեր մասնագետներին նախ հնարավորություն է տվել արեւմտյան զարգացած լաբորատորիաներից օգտվել, որտեղ կարող ենք անել տարբեր բնույթի ճշգրիտ հետազոտություններ` առաջ քաշված վարկածները հիմնավորելու համար:

Համագործակցության պայմանագիրը կնքվել է հինգ տարով: Նախատեսվում է, որ բացվելու է հնագիտական իրերի վերականգնման լաբորատորիա: Կազմակերպվելու են գիտաժողովներ, հրատարակվելու են մենագրություններ եւ գիտական հոդվածներ, ընդլայնվելու է պեղումների ծավալը. դրանք կատարվելու են նաեւ Հայաստանի այլ տարածքներում: Նախատեսվում է նաեւ, որ լճի ափին տեղակայված հուշարձանի տարածքը դառնալու է զբոսաշրջային կենտրոն, տեղի թանագարանը բարեկարգվելու է:

Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
||