Քաղաքականություն
Հասարակություն
Հայրենի
Մարզական
Վերջապես եկավ գիշերը...

Եվ այսպես, ողջ Հայաստանը սպասման քաղցր անհանգստության մեջ է: Ամեն ինչ արդեն պատրաստ է հուլիսի 4-ի լույս 5-ի գիշերվա համար: Նախօրոք նույնիսկ մեղմ զեփյուռով երեկո եւ զով գիշեր է պատվիրվել Երեւանում:
Բա ասում էիք` Հիլարի Քլինթոնի այցի մեջ լավ բան չկա: Լիուլի կըմբոշխնենք զով գիշերն ու... Տեսնես որտե՞ղ է Հիլարին այս պահին, կմտածենք...

Դատելով հանգամանքից, որ Հիլարի Քլինթոնը հատկապես ՀՀ երկու քաղաքացիների` Սերժ Սարգսյանի եւ Էդվարդ Նալբանդյանի հետ է լավ հարաբերությունների մեջ, պետք է ենթադրել, որ հենց նրանց հյուրն էլ կլինի: Հարցն այն է, թե Հիլարին նրանցից ում կնախընտրի: Նրա համար հեշտ չի լինի դա անել:

Սերժ Սարգսյանը նախագահ է, Էդվարդ Նալբանդյանը` արտգործնախարար: Բայց սա դեռ բավարար պայման չէ միանշանակ որոշում կայացնելու համար: Բանն այն է, որ արտգործնախարար Նալբանդյանը սովորական արտգործնախարար չէ: Հիլարին նույնպես սովորականներից չէ: Նա շատ է սիրում տղամարդկանց թշիկներից քաշքշել, իսկ նման բան նրան թույլ կտա ՀՀ հիշյալ քաղաքացիներից միայն մեկը` Էդվարդը:

Հետեւաբար, մեզ տանջող հարցին պատասխանելու համար դեռ պետք է պարզել Հիլարի Քլինթոնի` Հայաստան գալու բուն նպատակը: Թերթերը գրել են, թե նա տարածաշրջան է գալիս Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին տեղից շարժելու: Բայց թերթերը ե՞րբ են ճիշտ բան գրում: Հե~յ գիտի կիրովականցի Ռուբեն: Առնում էր ՀԿԿ Կիրովականի քաղկոմի «Կայծ» թերթն ու կարդում էր միայն սեւ, հաստ շրջանակի մեջ առնված լուրերը` մահախոսականները. մարդը միայն դրանց իսկությանն էր հավատում...

Եվ ուրեմն երկրիս թերթերը գրում են, թե Քլինթոնը տարածք է ժամանում ՀՀ եւ ԱՀ նախագահներին տեղից շարժելու համար: Նման դեպքերում, սովորաբար, հավասարության նշան են դնում օբյեկտների միջեւ, որովհետեւ մեկնումեկին առավելություն տալը անկանխատեսելի հետեւանքներով է հղի: Բայց, ահա, տիկին Քլինթոնը որոշել է գիշերել Հայաստանում եւ հաջորդ օրը միայն մեկնել: Բաքվից, սակայն, տրտունջներ այդ կապակցությամբ չեն հնչում:

Մի՞թե դա անպատվություն չէ իրենց հասցեին: Մինչդեռ ՀՀ իշխանությունից մեր որոշ խոհեմ քաղաքական գործիչներ շտապել են հայտարարել, որ Քլինթոնի հայաստանյան գիշերը նշանակում է միայն մեկ բան` նա Հայաստանի իշխանություններին, այսինքն` իրենց, ավելի շատ է սիրում ու հարգում, քան ադրբեջանական իշխանություններին: Բացի այդ, նշում են նրանք, այս նշանավոր գիշերակացը արդյունք է միայն ու միայն մեր նախագահի նախաձեռնողական քաղաքականության:

Սա արդեն շշմելու բան է, որ, եթե Քլինթոնի ականջն ընկնի, նա հաստատ կմտածի, որ Հայաստանի իշխանություններն իր այցն անգամ շահարկում են հանուն սեփական իմիջի: Այո, շահարկում են, որովհետեւ եթե նրա` Ադրբեջանում եւ Հայաստանում գտնվելու ժամանակահատվածները բերենք իրար մոտ, կտեսնենք, որ ԱՄՆ պետքարտուղարը Բաքվում ավելի շատ ժամանակ է անցկացնելու, քան Երեւանում: Մասնավորապես, Հայաստանում գտնվելու ժամերի ընդհանուր թվից մենք պարտավոր ենք հանել գիշերային ժամերը, որովհետեւ նորմալ մարդիկ գիշերը սովորաբար քնում են եւ հատկապես կարեւոր թեմաներով բանակցություններ չեն վարում:

Եվ, այնուամենայնիվ, ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները կարեւորում Քլինթոնի` Հայաստանում մեկ գիշեր անցկացնելու որոշումը: Նա, ի դեպ, իր ինքնաթիռում, ամենայն հավանականությամբ, ավելի լավ պայմաններ ունի, քան մեր «15-աստղանի» հյուրանոցների պայմաններն են: Հետեւաբար, ինչո՞ւ է որոշել գիշերն անպայման մեզ մոտ անցկացնել: Կարծես արդեն գլխի ենք ընկնում: Դուք էլ, հարգելի ընթերցողներ, գլխի կընկնեք, եթե հիշողություններդ լարեք:

Ի՞նչը հիշենք, երբ տիկինն առաջին անգամ է այցելում Հայաստան` կհարցնեք: Վայ ձեր տունը շինվի: Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին հայ-թուրք-շվեյցարական համատեղ հայտարարությունը ե՞րբ եղավ` 2009թ. ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը, հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրված տարբերակները ե՞րբ հրապարակվեցին` նույն թվականի օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը, հայ-թուրքական արձանագրությունները ե՞րբ ստորագրվեցին` նույն թվականի հոկտեմբերի 10-ին եւ դարձյալ գիշերը: Գիշերը:

Եթե նկատի առնենք այն հանգամանքը, որ տիկին Քլինթոնն այդ բոլոր արարողությունների կազմակերպիչներից եւ մասնակիցներից մեկն է եղել, ուրեմն պետք է խոստովանենք, որ նա շատ լավ գիտի Հայաստանի իշխանությունների աշխատանքային բնավորությունը կամ, որ քաղաքականապես ավելի լավ կհնչի` գիշերային դիվանագիտություն անելու արտասովոր նախասիրությունը: Այս առումով մենք, թերեւս, եզակի ենք ողջ աշխարհում, եթե չհաշվենք այն երկրները, որոնցում տարվա կեսը գիշեր է լինում, եւ նրանց իշխանությունները, ուզած-չուզած, վեց ամիս գիշերային դիվանագիտություն են անում:

Հիմա կասեք` ես այնքան նախանձ եմ, որ չեմ կարողանում ուրախանալ մեր իշխանությունների այս մի փոքր հաջողությամբ անգամ: Նախանձելու հարց չկա, հավատացնում եմ: Պարզապես եթե Քլինթոնը երեք գիշեր էլ մնար, չէի կարող ուրախանալ, որովհետեւ նա գալիս է վայելելու ոչ թե հայկական հյուրասիրության ողջ ինքնատիպությունը, այլ մեր խեղճությունն ու անելանելի վիճակը: Ասել է թե` գալիս է մեր թշերը հերթական անգամ քաշքշելու եւ այն էլ` գիշերով: Մեր ինքնատիպ առածն ի՞նչ է ասում` աչքը տեսածից է վախենում...

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
||