Հասարակություն
Հայրենի
Անդրադարձ
Մարզական
Պատերազմը տխմարություն է, կարեւորը մանեւրներն են

Հունիսի 18-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքը, ցավոք, այդպես էլ համարժեք գնահատականի չարժանացավ միջազգային հանրության, Ղապաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացով զբաղվող միջնորդների կողմից: Անցած շաբաթվա իրադարձությունները ցույց տվեցին, որ հզոր տերությունները, միջնորդ համանախագահներն ամեն գնով աշխատում են հավասարակշռություն պահպանել հակամարտող կողմերի միջեւ` հրադադարի կոպիտ խախտման պատասխանատվությունը վերագրելով հակամարտության բոլոր կողմերին: Այսինքն` կրկին անտեսվեց այն իրողությունը, որ Ադրբեջանն է խախտել հրադադարը, եւ այդ սադրանքը հայկական կողմին արժեցավ չորս զոհ:

Այլ տպավորության դժվար է հանգել` ծանոթանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, որում միջնորդները կոչ են անում կողմերին` չխախտել հրադադարի ռեժիմը, միաժամանակ արձանագրելով, թե 18-ի բախումը նպատակ ուներ խոչընդոտել բանակցային գործընթացը: Չի նշվում, սակայն, սադրանքի կազմակերպիչը, եւ այդ հանգամանքն արդեն իսկ թեւավորել է ադրբեջանական կողմին: Համանախագահների «հավասարակշռված» հայտարարությանը հաջորդեց ութնյակի գագաթաժողովի ժամանակ միջնորդ պետությունների նախագահների հայտարարությունը` նույնպես «հավասարակշռված»:

Ադրբեջանական քաղաքագետներին եւ վերլուծաբաններին ոգեւորել է այդ հայտարարության հատկապես այն հատվածը, թե, իբր, կարգավորման գործընթացում Ադրբեջանին «պետք է վերադարձվեն Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքները»: Եվ, իհարկե, դժգոհություն էր առաջացրել այն պարբերությունը, որում խոսվում է Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի (որի էությունը բացարձակապես պարզ չէ) եւ Ղարաբաղ-Հայաստան միջանցքի պահպանման մասին:

Ինչեւէ, Բաքվում ակնհայտ ոգեւորություն կա միջնորդների այսպիսի պահվածքից, ավելի արմատական տրամադրություններ ունեցող շրջանակներից անգամ հայտարարություններ են հնչում, որ միջազգային հանրությունը ակնհայտորեն հոգնել է այս հակամարտությունից եւ խոչընդոտներ չի հարուցի, եթե Ադրբեջանը որոշի ուժով «վերադարձնել պատմական տարածքները»:

Այս կարգի դատողություններով հանդես են գալիս ոչ միայն պաշտոնական շրջանակները, ասենք` Սաֆար Աբիեւը, որի մեծամիտ հայտարարություններին հայ հանրությունը արդեն վարժվել է, այլեւ իշխանական շրջանակները չներկայացնող մարդիկ, վերլուծաբաններ կամ փորձագետներ: Մասնավորապես, փորձագիտական շրջանակներից (Մ. Ահմետօղլու, Ռ. Մուսաբեկով, Ա. Գուլիեւ) արդեն հնչել են կարծիքներ, որ միազգային հանրությունը, միջնորդները հունիս 18-ի դեպքերի հետ կապված իրենց վերաբերմունքով հասկացրել են Բաքվին, որ ներկայիս ստատուս քվոն իբր սպառել է իրեն, եւ Ադրբեջանը կարող է դիմել քայլերի` «նոր ստատուս քվոյի ձեւավորման ուղղությամբ»:

Այսինքն` պատերազմական գործողությունների վերսկսման: Ի բարեբախտություն ադրբեջանցիների, սակայն, Բաքվում դեռ մնացել են սթափ դատելու ունակությունը չկորցրած մարդիկ: Եվ այդ կապակցությամբ ուշագրավ է քաղաքագետ, ռազմաքաղաքական հարցերի փորձագետ Ռաֆայել Մուստաֆաեւի հրապարակած հոդվածը, որում հեղինակը կոչ է անում երկրի ղեկավարությանը եւ գործընկեր վերլուծաբաններին` սթափ գնահատել Ադրբեջանի հնարավորություններն ու մասնավորապես նշում է. «Հաջող հարձակողական գործողություններ ծավալելու համար հարձակվող կողմը պետք է պաշտպանվողին մի քանի անգամ գերազանցի կենդանի ուժով եւ տեխնիկայով:

Ընդ որում` մարտի դաշտ պետք է ուղարկի ոչ թե թնդանոթի միս` ի դեմս երեկվա դպրոցականների, այլ բարձրակարգ պրոֆեսիոնալների` հրետանավորի, տանկիստների, օդաչուների, զենիթահրթիռային զինատեսակների մասնագետների: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական կողմից այդպիսի պրոֆեսիոնալներն անհամեմատ ավելի շատ էին: Հաշվի առնելով, որ հետպատերազմյան տարիներին հազարավոր հայեր ավարտել են ռուսական ռազմական ուսումնական հաստատությունները, պարբերաբար մասնակցել ՀԱՊԿ-ի շրջանակներում տեղի ունեցող համատեղ զորավարժություններին, խիստ կասկածելի է, թե Ադրբեջանը գերակայություն ունի ռազմական կադրերի առումով:

Նույնքան կասկածելի է մեր տեխնիկական առավելությունը հակառակորդի նկատմամբ: Հայաստանը ոչ մեկ անգամ ստացել է ռուսական զենքի խոշոր խմբաքանակներ, որոնց մեծ մասը նույն պահին հայտնվել է Լեռնային Ղարաբաղում եւ հարակից շրջաններում: Ըստ որոշ տվյալների` այնտեղ է հայտնվել Վրաստանից դուրս բերված ռուսական ռազմակայանների տեխնիկայի զգալի մասը: Ավելորդ չէ հիշել, որ, ըստ որոշ հրապարակումների, Լեռնային Ղարաբաղում տեղադրված է նաեւ հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգ, որն ընդունակ է միանգամից խոցել մի քանի օդային թիրախներ»:

Մուստաֆաեւին դժվար է մեղադրել հայասիրության մեջ, քանզի հոդվածում տեղ են գտել նաեւ ադրբեջանցիներին բնորոշ խեղաթյուրումներ (մասնավորապես` Խոջալուի դեպքերի հետ կապված), իրականության հետ կապ չունեցող «պատմական» համեմատություններ: Սակայն հեղինակը բավական օբյեկտիվ է ինչպես իր երկրի, այնպես էլ հայկական կողմերի հնարավորությունները գնահատելիս, եւ այդ առումով հետաքրքիր է հատկապես հոդվածի վերջաբանը:

«Պատերազմը կարող է առավելագույնը մի քանի օր տեւել, հետո արդեն մեծ տերությունները կստիպեն այն դադարեցնել: Հաշվի առնելով, թե որքան տեխնիկա եւ մասնագետներ են կենտրոնացված Լեռնային Ղարաբաղում եւ շրջակա տարածքներում, ինչպես նաեւ այն, որ գրեթե բոլոր գերիշխող ռազմավարական բարձունքները հայերի ձեռքին են եւ անցած տարիներին վերածվել են խորքային պաշտպանական գծի, մի քանի օրում կհաջողվի ազատագրել Հայաստանի կողմից օկուպացված շրջաններից 2-3-ը, այն էլ` լավագույն դեպքում:

Ընդ որում` տալով մարդկային ուժի եւ տեխնիկայի մեծ կորուստներ, գուցեեւ ստանալով հակահարված Գյանջայի ուղղությամբ` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Արժե՞ արդյոք դիմել այսպիսի ռիսկի, երբ առանց դրա կարելի է հետ ստանալ այդ շրջանները որպես բանակցային գործընթացի արդյունք: Այլ հարց է, թե արդյո՞ք շրջանների ազատագրումը ուժով կամրապնդի Ադրբեջանի դիրքերը հետագա բանակցային գործընթացում: Կարող է ստացվել ճիշտ հակառակը, քանի որ Ադրբեջանի հարձակողական օպերացիայի դեպքում հայկական կողմը կունենա ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքացիական բնակչության կորուստներ, եւ դա հնարավորություն կտա Երեւանին, անվտանգության նոր երաշխիքներ ապահովել Լեռնային Ղարաբաղի օկուպացիոն ռեժիմի համար եւ անգամ հասնել նրա պաշտոնական ճանաչմանը»,- նշում է Մուստաֆաեւը:

Հանրագումարում հեղինակը կարծիք է հայտնում, թե պարզ է, որ «ադրբեջանական զրահագնացքը պահեստային գծերից առաջ շարժելն իմաստ չունի` առնվազն մինչեւ դրա հիմնանորոգումն ու մոդեռնացումը», եւ առաջարկում է պաշտոնական շրջանակներին` հարստացնել քաղաքական միջոցների զինանոցը: Մեկ բացասական հանգամանք կա այս ամենում այն իմաստով, որ անգամ ադրբեջանական կողմում սթափ դատողություն ունեցող մարդկանց մեջ կա վստահություն, թե բանակցային գործընթացում առանց Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու, այսինքն` առանց որեւէ իրական զիջման` Ադրբեջանին կարող են վերադարձվել ինչ-որ տարածքներ: Սա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունների կեցվածքը հիմք է տվել Բաքվին եւ գուցե անգամ միջնորդներին` այդպիսի պատրանքներ ունենալ: Եթե, իհարկե, դա իսկապես պատրանք է, ոչ թե համոզմունք:

Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ
||