close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2018
+6°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մատներս քո մատների հետ ավտոմատիդ ձգանին կլինեն. քրոջ ամանորյա հուզիչ նամակը՝ զինվոր եղբորը

Հասարակություն

5 Հունվարի 2016, 13:22
 Մատներս քո մատների հետ ավտոմատիդ ձգանին կլինեն. քրոջ ամանորյա հուզիչ նամակը՝ զինվոր եղբորը

 Ներկայացնում ենք Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի բնակիչ Անի Գրիգորյանի անչափ հուզիչ նամակը ԼՂ N զորամասում ծառայող եղբորը՝ Սերյոժա Գրիգորյանին:

«Բարև, իմ անուշ եղբայր,

Չնայած նոր եմ խոսել քեզ հետ, լսել ձայնդ, մասամբ հագեցրել կարոտս, բայց հիմա ուզեցի գրել: Երբ հեռախոսով խոսում եմ քեզ հետ, ինձ բավարար է թվում ձայնդ լսելը: Դրա համար էլ արցունքներս խեղդում են կոկորդս ու ոչինչ ասել չեմ կարողանում: Երբ եկար ու տեսա քեզ, միայն քո ներկայությունից այնքան երջանիկ էի, որ ուղեղումս կուտակված բոլոր հարցերը, բոլոր մտքերը մոռանում էի, դրա համար էլ հիմար կատակներ էի անում ու անիմաստ ժպտում: Իսկ այսպես հեշտ է. վերջապես կգրեմ այն, ինչ նոր տարվա շեմին ուզում եմ ասել քեզ, ինչ երևի հետո հարմար չգտնեմ ասելու: Ես լավ եմ. Ապերն ու Արմանչոն էլ լավ են: Երեկ գնացել էի պապային ու մամային տեսնելու: Երևի խոսել ես հետները: Լավ են: Բայց առանց քեզ ինչպես Նոր տարի անեն: Էսօր Արմանչիկն ասում է՝ որ մեծանամ, զինվոր եմ դառնալու, քեռուս նմանվեմ: Երևի ինքը դրդեց, որ գրիչ վերցնեմ: Մանկապարտեզում արդեն ընկերուհի ունի, որ տեսնես ոնց է ուշադիր էդ երեխայի հանդեպ, ուշքդ կգնա… Առաջին Նոր տարին է, Սերոժ ջան, որ մեզ հետ չես լինելու, որ իրար հետ բաժակ չենք բարձրացնելու, չենք համբուրվելու, որ զնգուն ծիծաղդ չեմ լսելու, ու կատակներիցդ չեմ նեղանալու, մեկ-մեկ էլ՝ ջղայնանալու: Սա առաջին նոր տարին կլինի, որ չենք սպասի՝ թե ժամը քանիսին ընկերներիդ հետ ներս կխուժես ու կսկսվի մեր իսկական տոնը: Գիտեմ, տղաները կգնան մեր տուն: Մենք էլ կգնանք: Բայց ես, մաման ու պապան մտքով քեզ հետ կլինենք: Դե, ինչպես հասկացար, Արմանչոն արդեն քեզ հետ է: Դժվար է պատկերացնել, որ այդ պահին Նոր տարին զենքը ձեռքիդ սահմանին խրամատում, քո դիրքում կանգնած կլինես: Աստված իմ այս երբ մեծացար… Մտքով Նոր տարվա գիշերը քեզ հետ կլինեմ, մատներս քո մատների հետ ավտոմատիդ ձգանին կլինի, որ անհրաժեշտության դեպքում իրար հետ կռիվ տանք: Քեզ գրկած կլինեմ, որ հանկարծ էս ցուրտ ձմռանը չմրսես, որ եթե թիկունքումդ կամ գլխավերևումդ ական կամ նռնակ, կամ էլ սնարյադ պայթի, քեզ չկպչի: Մտքով քեզ անընդհատ կբոթեմ, որ հանկարծ քունդ չտանի, աչքդ չկպչի, չնայած արդեն ասել ես, որ սովորել ես այդ ռեժիմին: Երանի իսկապես կողքիդ լինեի… Խոստանում եմ, որ տոները լավ ենք դիմավորելու, ուրախ, ու չեմ լացելու: Հա, պատկերացրու, չեմ լացելու, որովհետև արժանի պիտի լինենք նրան, ինչ անում ես դու սահմանին քո ընկերների հետ միասին: Դրա համար ես չէ՞ անքուն գիշեր անցկացնելու. որ մեզ այստեղ հանգիստ ու ապահով զգանք: Ուրեմն չուրախանալու իրավունք չունենք: Մամային արդեն ասել եմ, որ հանկարծ աչքին արցունք չտեսնեմ, տխրության հետք չտեսնեմ: Առաջին անգամ եմ երևի սա ասում քեզ, ու դա երևի այն պատճառով, որ նամակով եմ ասում. հպարտ եմ, որ քո նման եղբայր ունեմ, որ չես տրտնջում, որ երբ հարցնում ենք՝ ոնց ես՝ երբեք չես ասում թե խնդիր ունես, թե ինչ-որ բանի կարիք ունես: Անգամ երբ մեզ ասում են, որ ձեր պոստերի ուղղությամբ կրակում են ամեն տեսակ զենքից, երբ պապան անհանգստությունից տեղը չի գտնում, միևնույնն է՝ մեզ էնպես ես հանգստացնում, կարծես խոսում ես կարկուտի մասին: Հպարտ եմ, որ եղբայրս ես, հպարտ եմ, որ զինվորս ես, մեր բոլորի զինվորը. այդտեղ քեզ հետ կանգնած տղաների հետ միասին: Բոլորին բարևիր: Ես հիմա միայն քո քույրը չեմ: Ես բոլոր այդ տղաների քույրն եմ, որոնք պաշտպանում են քո թիկունքը, որոնց ապավինելով վստահ կատարում ես ծառայությունդ: Ես իրենց հոգուն մեռնեմ: Ասա նրանց, որ բոլորի համար աղոթում եմ: Ես հավատում եմ քեզ, հավատում եմ հայ զինվորի խելքին ու բազկին: Դու հիմա պետություն ես սարքում, դու հիմա հայրենիք ես սարքում, որքան վեհ է հնչում: Դու ես հիմա պետությունն էլ հայրենիքն էլ, որը ապահովում է իմ փոքրիկի՝ իմ Արմանչիկի հանգիստ, խաղաղ քունը: Հետո կգաս՝ արդեն ընտանիքդ, քո բույնը կսարքես: Պատկերացնում եմ՝ ոնց եմ հարսանիքիդ պարելու: Լավ մնա, Սերոժ ջան: Չմոռանաս ձեռնոցներդ դնես: Ոտքերդ տաք պահիր: Եթե բան պետք լինի, ինձ գրիր: Շնորհավոր քո ու այդտեղ քեզ հետ ծառայող բոլոր տղաների, իմ բոլոր եղբայրների Նոր տարին ու Սուրբ Ծնունդը: Աստծո ու ձեր ծնողների օրհնությունը ձեզ վրա: Սպասում եմ… սրտատրոփ…

Քո քույր՝ Անի»:

Օդի ջերմաստիճանը չի փոխվի
18 Նոյեմբերի 2018, 16:27 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica