close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նրանց կողքին ես աշխարհի ամենահարուստ մարդն էի, առանց նրանց՝ աշխարհի ամենաաղքատը դարձա

Բլոգեր

28 Դեկտեմբերի 2015, 16:00
 Նրանց կողքին ես աշխարհի ամենահարուստ մարդն էի, առանց նրանց՝ աշխարհի ամենաաղքատը դարձա

Երբ Տիգրան Նաղդալյանին հեռացրեցին ՀՅԴ կուսակցության շարքերից, շատերը, այդ թվում` նաև ես, չէինք հասկանում, թե ինչ է կատարվում: Տիգրանը լուռ էր, ոչինչ չէր խոսում: Հավաքեց իրերը ՀՅԴ ՄՏԿ-ից (Մամլո տեղեկատվական կենտրոն), որն այն ժամանակ գտնվում էր Մյասնիկյան 2 հասցեում, և սուսուփուս հեռացավ: Հեռացավ` ոչինչ չասելով, ոչ ոքի չմեղադրելով, չարդարանալով: Չփորձեց անգամ վիճարկել իր հեռացման հարցը: Մի քանի օր հետո նա հիմնադրեց «Փաստ» լրատվական գործակալությունը:

Անցան տարիներ: Տիգրան Նաղդալյանը նշանակվեց Հայաստանի ազգային հեռուստաընկերության գործադիր տնօրեն, իսկ մի քանի տարի անց նշանակվեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ: Հեռացված լինելով ՀՅԴ-ից` նա երբեք այդ կուսակցության դեմ չգործեց, չարտահայտվեց, ինչո՞ւ: Որովհետև նա ՀՅԴ-ն լավ էր ճանաչում, ներսից գիտեր, գիտեր անցած ուղին, պատմությունը, գաղափարախոսությունը, որն ինքը անվերապահորեն ընդունում էր: Նա, դադարելով լինել կուսակցական, մնաց Դաշնակցական: Ես դա լավ գիտեի, և եթե շատերի համար անակնկալ էր նրա հարցազրույցը «TV ալիք» թերթին, ինձ համար այնտեղ հնչած միտքերը նորություն չէին: «TV ալիք»-ի լրագրողի այն հարցին, թե Հայաստանում գործող ո՞ր կուսակցությանն է համակրում, իսկ այն ժամանակ արդեն ՀՀԿ-ն ձիու վրա էր, Տիգրանը հարցին հարցով էր պատասխանել` ասելով. «Իսկ Հայաստանում, բացի ՀՅԴ-ից, այլ կուսակցություն կա՞»: Ասել էր և ավելացրել, որ իր համար միակ կուսակցությունը մնում է ՀՅԴ-ն: Իրոք, շատերի համար այդ հարցազրույցը անակնկալ էր, նույնիսկ` նրան հեռացնողների համար: Ի տարբերություն ՀՅԴ-ից շատ հեռացվածների, Տիգրանն այլ կուսակցության անդամ չդարձավ, նոր կուսակցություն չհիմնեց….Մնաց այնպիսին, ինչպիսին էր:

Նրա և Վահան Հովհաննիսյանի մտերմությունը, և ոչ միայն Վահանի, շատերի համար գուցե անհասկանալի էր, բայց նաև օրինաչափ էր: Երկուսն էլ չէին սիրում քծնանքը, երկուսն էլ գրագետ էին, կարդացած, գիտելիքներով զինված, երկուսն էլ խարիզմատիկ կերպարներ էին՝ հումորով լեցուն, սուր մտքով և հատկապես` իրենց շիտակախոսությամբ... Երկուսն էլ այնքան կային, որ նրանց էին քծնում, ինչը, բնականաբար, երկուսի համար էլ անընդունելի էր: Ահավոր չէին սիրում քծնողներին, ինչը մեր օրերում արդեն դարձել է օրինաչափություն:

Տիգրանն իր տեղում էր Վահան, Վահանը՝ իր տեղում Տիգրան: Երկուսն էլ անփոխարինելի կերպարներ էին, որ այսօր և դեռ շատ երկար փնտրելու ենք ու չենք գտնելու: Տիգրանի սպանությունից հետո Վահանը միշտ հիշում էր Տիգրանի ծնողներին: Հիշում եմ, երբ մի անգամ մարտի 8-ին ընկերներով այցելել էինք Տիգրանի մորը՝ տիկին Մարգոյին, հնչեց դռան զանգը: Այցելուն «Բրաբիոն» ծաղկի սրահից էր: Վահանը ծաղկեփունջ էր ուղարկել որդեկորույս մորը, իր ընկերոջ մորը: Այդ օրը տիկին Մարգոյից պետք է իմանայինք, որ Վահանը հաճախ է իրեն հիշում, այցելում: Այդպիսին էր Վահանը, ընկերոջ համար հոգի կտար: Վահանն անշահախնդիր ընկեր էր` առանց հետին մտքերի: Այդպիսին էր նաև Տիգրանը: Աստված իմ, հիմա երբ փորձում եմ համեմատություններ գտնել նրանց կերպարներում և տեսնում եմ, թե ինչ ընկերներ եմ կորցրել, ապրելս չի գալիս:

Երբ ձերբակալվեցի, Տիգրանն ամեն վայրկյան ընտանիքիս կողքին էր: Ես այնտեղ՝ խցում, վստահ էի` քանի դեռ Տիգրանին չէին հասել, ընտանիքիս ֆիզիկական գոյությունը ապահովված է: Մեկուսացված լինելով հասարակությունից, դատապաշտպանից, զրկված լինելով մամուլին ծանոթանալու հնարավորությունից, հետո պետք է իմանայի, թե Վահանը որքան ջանք է գործադրել ինձ համար, ինչ ապրումներ է ունեցել և ինչպես է հետևողականորեն հետևել ողջ գործընթացին: Երբ ազատվեցի և դուրս եկա, առաջինը դիմավորեց Տիգրանը: Փաթաթվեցինք, և երկուսիս աչքերն էլ թրջվեցին: Ուրախությունից լացում էինք ու դողում: Իսկ  այդ ընթացքում նա արդարության հաղթանակի համար նույնիսկ հրաժարականի դիմում էր ներկայացրել երկրի նախագահին: Հիմա շատերը կասեն, թե հրաժարականի պատճառն այլ էր, բայց ես հո գիտեմ այդ դեպքերի և դժգույն ժամանակի շերտերը: Գտեք, փորձեք գտնել այսօրվա պաշտոնյաներից գոնե մեկին, ով իր ընկերոջ համար կգնա նման զոհողությունների: Դեմ կգնա նույնիսկ երկրի առաջին դեմքին՝ հանուն ճշմարտության, հանուն ընկերոջ փրկության: Վստահ եմ, չեք գտնի: Չկա:

2001թ. հունվարի 2-ն էր: Ահավոր չեմ սիրում Նոր տարվա սեղանները, անիմաստ գինարբուքը: Փակվել էի ննջասենյակում, գիրք էի կարդում: Կինս ձայնեց, թե` արի, հյուրեր ունենք: Փնթփնթալով դուրս եկա սենյակից ու մեկ էլ տեսնեմ` ո՞վ: Վահանը եկել էր Նոր տարիս շնորհավորելու: Երբեք իմ տանը չէր եղել, տանս տեղն էլ չգիտեր, բայց, հարցուփորձ անելով, եկել, գտել էր: Այդ երեկո շատ համով նստեցինք: Խոսեցինք կանանցից, գինուց, գրականությունից: Էլ ինչի՞ց պետք է խոսեինք: Նրա հետ միայն նստելն ու նրան լսելը արդեն հաճույք էր: Ամեն ինչից տեղյակ էր, ամեն ինչ գիտեր: Երբ իմացավ, որ կարդում էի, ասաց. «Ապրես, Ջե'մս, ես էլ եթե չկարդամ, չեմ քնի»: Այդ օրը պարզեցի, որ, հակառակ իր բազմազբաղվածությանը, Վահանը քնելուց առաջ անպայման կարդում է: Տիգրանը, բազմազբաղ լինելով հանդերձ, ստեղծագործում էր, նաև հրաշալի թարգմանություններ անում: Վահանը հետո գրեց իր հայտնի «Մանդիլիոնը»:

Այսպիսին էին իմ ընկերները, որ այսօր կողքիս չեն: Ես լավ ընկերների պակաս չունեմ, ամեն մեկը յուրովի են և հաճելիորեն տարբեր: Վահանն ու Տիգրանն էլ տարբեր էին, շատ տարբեր և շատ յուրօրինակ: Նրանց կողքին ես աշխարհի ամենահարուստ մարդն էի, (Բիլ Գեյթսը գլուխը պատովը կտար), առանց նրանց՝ աշխարհի ամենաաղքատը դարձա: Աստված ձեր հոգիները լուսավորի: Ուզում եմ ասել, դժվար է առանց ձեզ, տղե'րք: Շատ դժվար է, նաև՝ դատարկ…. Կտեսնվենք: 

Հարություն Հարությունյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica