close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2017
+6°
+6°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2017
USD1484.11
GBP1646.00
EUR1570.43
RUB18.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երկու հանրապետությունների լեգենդը՝ Էդուարդ Մարգարով

Սպորտ

8 Դեկտեմբերի 2015, 03:30
 Երկու հանրապետությունների լեգենդը՝  Էդուարդ Մարգարով

Լեգենդար հայ ֆուտբոլիստ Էդուարդ Մարգարովը ցույց է տալիս իր պարգևների հավաքածուն ու հպարտորեն ասում, որ դրանք ունեցածի ընդամենը մի մասն են, մեծ մասը  բնակարանում տեղի սղության պատճառով տեղափոխել է ամառանոց: 

Ավագ սերնդի  ֆուտբոլասերների կուռքը՝  «Արարատ»-ի  լեգենդար  9-րդ համարը, արդեն  73  տարեկան է:   Հիմա կնոջ՝  Ստելայի հետ ապրում են երեանյան համեստ բնակարանում: Երկուսը միասին  68 հազար դրամ թոշակ են ստանում: Չի դժգոհում, կատակում է. «Լիքը գումար ա, ոնց ուզում` քեֆ ենք անում: Ո՞վ կարա 68 հազարով տուն պահի, թող գա, նստենք, խոսենք, տեսնենք ո՞նց է պահում»:

Էդվարդ Մարգարովը հիմա էլ կանոնավոր մարզվում է, ասում է` փոքր տարիքից ֆուտբոլիստ հորից է փոխանցվել սերը ֆուտբոլի նկատմամբ, և այդպես էլ`  ֆուտբոլում է մեծացել: ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչումը ստացավ հեռավոր 1963-ին, երբ  Բաքվի «Նևթչի»-ում էր, իսկ  սպորտի վաստակավոր վարպետի կոչմանն արժանացավ 1973-ին ՝ Երևանի «Արարատ»-ի կազմում:  Բաքվից Երևան տեղափոխվել համոզել է «Արարատ-ի այն ժամանակվա լավագույն պաշտպաններից մեկը՝ Ալեքսանդր Կովալենկոն, որին երկրպագուներն ու ընկերները Շուրիկ էին կոչում:

«Շուրիկն ասեց` արի, արի: Ընդեղ տվել ես, հիմա էլ մեզ պիտի տաս»,- պատմում  է Մարգարովը և հիշում թե ինչ դժվարություններով տեղափոխվեց Երևան: Նրան այն ժամանակ նույնիսկ Մոսկվա էին կանչել և բացատրություն պահանջել: Ելքը գտել էր ինքը, ասել էր`  բոլոր բարեկամներս արդեն մեկնել են Երևան, Բաքվում ոչ ոք չունեմ:

Բաքվի «Նևթչի»-ի կազմում  1966-ին արդեն վայելել էր մրցանակակիր լինելու քաղցրությունը.  ԽՍՀՄ բարձրագույն խմբում գրավել էին երրորդ հորիզոնականը և արժանացել բրոնզե մեդալի:  1973-ը նաև նրա  շնորհիվ դարձավ ոսկեբեր տարի  «Արարատ»-ի համար: Ինչպես «Նևթչի»-ում, այնպես էլ «Արարատում»  նա թիմերի անփոխարինելի ռմբարկուն էր:  Բաքվում էր, երբ քսան տարեկանում դարձավ ԽՍՀՄ լավագույն  ռմբարկուն: Իր խփած գոլերից որևէ մեկը չի առանձնացնում: Հիմա էլ, ինչպես նախկինում, նույն կարծիքին է՝  գոլը թիմն է ստեղծում: «Նևթչի»-ում խաղացած տարիների մասին էլ  ասում է. «Բոլոր խաղերն էլ լավն էին, երբ գոլ ես խփում»:

1966 թվականին «Նևթչի»-ի` ԽՍՀՄ  մրցանակակիր դառնալու հետ կապված, վերջերս Դմիտրի Գորդոնին հյուրընկալվելիս Կիևի «Դինամո»-ի  վետերան Սերեբրյանիկովն ասել էր, թե որոշիչ խաղից առաջ «Նևթչի»-ի կիսապաշտպան Պոնիշևսկին և հարձակվող  Մարգարովը իրեն ութսուն հազար ռուբլի տվեցին,  որ իրենք պարտվեն: Հարցին` արդյո՞ք եղել է նման բան, Մարգարովը,  զարմացած, հարցով է պատասխանում.  «Տո եստ, խաղը տվել ե՞ն:  Չգիտեմ` ինքը որտեղից ա վերցրել… Իրենք արդեն չեմպիոն էին և թուլացած դաշտ դուրս եկան, թեթև էին խաղում: Մենք էլ էդ պահից օգտվեցինք, իրենց բռնեցինք»: Նա չի մոռանում նշել, որ այդ տարիներին ԽՍՀՄ առաջնությունում հանդես եկող ուկրաինական թիմերը վեցն էին, և, որպես չգրված կանոն, Կիևի «Դինամոն»  իր հայրենակիցներից, որպես «նվեր», յուրաքանչյուր խաղաշրջանում արդեն ուներ առնվազն 10 միավոր, իսկ մրցաշրջանում՝ 20:

Թե’ «Արարատ»-ը, թե’ «Նևթչի»-ն նրա համար հարազատ են, երկուսն էլ, ինչպես ինքն է ասում, բարի հիշողություններով: Եթե հիմա խաղային, երկուսին հավասարապես  կերկրպագեր:

Հայ-ադրբեջանական սրված հարաբերությունների մասին էլ զգույշ է արտահայտվում: Վստահ է` հարաբերությունները պետք է լավանան, չի կասկածում, բայց ժամանակ է պետք:  Հենց այդ հույսով տարիներ առաջ՝ 2009 թվականին, միացավ հայ եւ ադրբեջանցի մի խումբ պատգամավորների ու մտավորականների խմբին, որն այցելեց Շուշի, հետո միասին եկան Երևան և մեկնեցին Բաքու, որտեղ հանդիպեցին նաև Ադրբեջանի նախագահի հետ:  Հիշում է`  երբ Ադրբեջանի նախագահին սկսել են ներկայացնել պատվիրակության անդամներին ու հերթը հասել է իրեն, Ալիևն  ասել է.  «Ստոպ: Մարգարովին պետք չէ ինձ ծանոթացնել: Ես Մարգարովին լավ գիտեմ: Նա  Հայաստանի և Ադրբեջանի լեգենդն է»: 

Բաքվում հայտնվելով`  Մարգարովն օգտվել էր այդ հնարավորությունից և զանգահարել ընկերներին, հանդիպել էին: Ընկերներին խնդրել էր տանել իրեն իրենց նախկին թաղը` Завокзальний, որտեղ անցել էր մանկությունն ու պատանեկությունը: 

Երկու հանրապետությունների լեգենդը հիմա հին խաղընկերների հետ երրորդ երկրում է հանդիպում՝ Մոսկվայում, որտեղ բնակվում են նրա երեխաներն ու հինգ թոռները: Մոսկվա հաճախ չի մեկնում, հիմնականում Երևանում է լինում, ասում է` այստեղ  իրեն լավ է զգում, բայց մտահոգված է, որ երիտասարդ սերունդը չի ճանաչում: Ասում է` 40-50 տարեկան մարդիկ հիշում են, բարևում, հարցնում են`  «ոնց ե՞ք», ինքը պատասխանում ` դիմանում ենք, լավ կլինի… Հուշեր չի գրում, չի սիրում գրել, բայց անմիջապես կատակով  առաջարկում է այդ հարցով դիմել  Նիկոլայ Ղազարյանին  և Ալյոշա Աբրահամյանին: Վերջերս Ռուսաստանում «Հայրենական ֆուտբոլի լեգենդները»  շքեղ գիրք է հրատարակվել, որում ընդարձակ անդրադարձել են  նաև «Արարատ»-ի լեգենդար հարձակվողին: Այստեղ նրա կենսագրությունն է, ֆուտբոլիստ հայրը, ընտանիքը, ընկերները. բոլորը հիշատակված են գրքի «Էդվարդ Մարգարով»  գլխում: Իսկ Հայաստանում «Արարատ»-ի մասին երգ են գրել և մի ամբողջ քառատող նվիրել նրան՝ երկու երկրների և «Արարատ»-ի լեգենդար հարձակվող Էդվարդ Մարգարովին: 

Երվանդ Հակոբյան

Հրդեհ` Արևիկ գյուղում
13 Դեկտեմբերի 2017, 16:01 Հրդեհ` Արևիկ գյուղում
Երկրաշարժ` Իրանում
13 Դեկտեմբերի 2017, 11:16 Երկրաշարժ` Իրանում

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica