close
Եղանակը Երևանում
6 Ապրիլի 2020
+12°
+13°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Ապր 2020
USD1501.55
GBP1616.76
EUR1542.38
RUB16.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ունեցած-չունեցած մի օր

Հարթակ

3 Դեկտեմբերի 2015, 17:25
 Ունեցած-չունեցած մի օր

Աղջիկներով գնացել էինք ԱՄՆ-ից մի քանի օրով Հայաստան վերադարձած ընկերուհուս տուն: Պարզվեց` Դիանան մենակ չի եկել Հայաստան, ու մինչ մյուսները տնտղում էին իրենց բաժին հասած նվերները, ես նույն ոգևորությամբ ու մանրամասնությամբ Դիանայի եղբորը` Հովհաննեսին էի զննում:

Հովհաննեսը մեզնից 10-12 տարով մեծ էր, և եթե ընկերուհիներիս համար «ձյաձյա» էր, ինձ համար` գրավիչ ու երկարամազ տղա: Հովհաննեսը ծնվել էր վերին և ստորին վերջույթների թերզարգացմամբ, շարժվում էր սայլակի օգնությամբ: Երկա՜ր, սև մազեր ուներ և սև ու մեծ, գեղեցիկ աչքեր:

Հովհաննեսի հետ պայմանավորվեցինք, որ հաջորդ օրն իրեն պետք է քաղաքը ցույց տամ: Ամբողջ գիշեր չքնեցի, գրաֆիկ էի կազմում, ամենանեղ ու կորած փողոցները հիշում, դրանցում եղած` դեռ գետնին չհավասարեցված, բայց ոչ բնակելի տների տեղը մտաբերում, ամենաբարձր տանիքները համարակալում, մեկ-երկու համով-հոտով հնավաճառի «ցուցակագրում», ոչ հայտնի սրճարաններից ընտրություն կատարում: Բախտի բերմամբ` հենց հաջորդ օրը Կամերային թատրոնում իմ ամենասիրած ներկայացումներից մեկն էր լինելու… Ուզում էի` Հովհաննեսն ուրիշ Երևան տեսներ, ոչ այն, ինչ Մաշտոցի պողոտայում գտնվող իրենց տան պատուհանից:

Հաջորդ օրը լուսադեմին Հովհաննեսն իրենց բակի մուտքի մոտ ինձ էր սպասում: Հենց նրան տեսա` բոլոր ծրագրերս ի չիք դարձան` մոռացել էի, որ սայլակով է տեղաշարժվում: Հովհաննեսի հետ կարողացանք Մաշտոցի պողոտայից հասնել մինչև Օպերա, քանի որ ես էլ ծանրություն չեմ կարողանում բարձրացնել ու ամեն անգամ եզրանախշերը /бордюр/ հաղթահարելիս մի քանի րոպե նստում գետնին` հանգստանում էի /սայլակը ես էի «գործի դնում»/:

Օգոստոսն էր, ու չնայած դեռ ժամը տասն էլ չկար, արդեն շոգ էր: Իմ մազակալով Հովհաննեսի մազերը կապեցի ու ծրագիրս ցույց տվեցի. ընտրածս տեղերից գոնե մեկը պիտի գնայինք: Տանիք չէինք կարող հասնել, ընտրածս սրճարանը ինչ-որ կառույցի երկրորդ հարկում էր, մնում էր խուճուճ փողոցներից մեկն ընտրել ու անմարդաբնակ տների կյանքն աշխուժացնել: Գնացինք կորչելու, բայց տեղ հասնելու համար տաքսի էր պետք: Մայթեզրին մի «06» էր կանգնած, վարորդին խնդրեցի, եկավ, օգնեց, Հովհաննեսին նստեցրինք մեքենա, բայց դժվարն առջևում էր` սայլակը չէր տեղավորվում է ո'չ թափքում, ոչ' էլ մեքենայի սրահում: Նորից Օպերայի բակում հայտնվեցինք, բայց մինչ մայթից Օպերայի տարածք էինք մտնում` մի տատի հասցրեց նայել մեր կողմն ու ծը-ծը-ծը անել. «Քոռանամ ես, ա'յ բալա, տեսնես ծնողներդ ում են վատություն արել, որ Աստված դեմներն ա բերել»:

Քանի դեռ օրը մինչև վերջ չէր փչացել, որոշեցինք գնալ տարածքի ամենամոտ խանութը, մի քանի բան գնել ու գալ, ծառի տակ ուղղակի նստել: Խանութի մուտքը մատչելի չէր, Հովհաննեսն ինձ սպասեց դրսում` խանութի դռան մոտ, ու մինչև կգայի, ահագին գումար էր «աշխատել»` անցորդներից մի քանիսը կոպեկներ էին գցել ծնկների վրա…

Փողոցն անցնելիս չհասցրինք մեզ հատկացված 20 վայրկյանում անցնել: Մեղավորը ես էի, ջղայնությունից ձեռքերս չէին աշխատում: Մենք` փողոցի մեջտեղում: Լույսը փոխվեց, ու սկսվեց «հրավառությունը»` վարորդների հայհոյանքների: Փողոցի մեջտեղում կանգնած` ազդանշանների ու հայհոյանքների տարափի տակ մի միտք էր պտտվում գլխումս` ամբողջ Երևանում մատչելի մի քանի տեղ է՞լ չունենանք… Չէ՛, սրճարանի, զբոսնելու, տանիք բարձրանալու, թատրոն գնալու փոխարեն մեզ մի ծառ էր Երևանն առաջարկում: Բայց, ինչևէ, գոնե այդ մի ծառն ունեինք, որտեղ մինչև պաղպաղակ էինք ուտում, փողոցային շներից մեկն իր կարիքները հասցրեց հոգալ:

Հիշում եմ` այդ օրը Հովհաննեսը երկար-բարակ Նիցշեից էր խոսում, բայց չեմ հիշում` ինչ էր խոսում` հա'մ զայրացած էի, հա'մ էլ, գրողը տանի, շատ գեղեցիկ աչքեր ուներ:

Օրվա երկրորդ կեսից արդեն դրսում մնալն անհնար էր` տոթ էր: Առավոտյան, երբ նոր էի հանդիպել Հովհաննեսին, ասել էր, թե ուզում է ամեն օր երեկոյան իրեն մի տեղ տանեմ: Այդ օրը մեր առաջին ու վերջին հանդիպումն էր, ինչպես խոստովանեց արդեն ԱՄՆ գնալուց հետո` Երևանում իր միակ «զբոսանքը»:

Ու մինչ Հովհաննեսը կգնար Երևանից, ամեն երեկո գնում էի մենակ զբոսնելու այն բոլոր տեղերով, ուր պետք է իբրև թե միասին գնայինք, ու բոլոր սրճարաններին, փողոցներին, թատրոններին, խանութներին հայհոյում էի` իմացածս ամենաթունդ հայհոյանքներով:

Հիմա մի քիչ փոխվել է Երևանը` 1-2 մատչելի տարածք կարող ես գտնել, բայց դրա փոխարեն ծառերն են պակասել…

 

Կարինե Հարությունյան

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica