close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2017
+6°
+13°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լուսիկ տատիկի չորս օրն Ադրբեջանում, կամ թանկարժեք պանիրը …

Անտեսված ձայներ

21 Նոյեմբերի 2015, 13:52
 Լուսիկ տատիկի չորս օրն Ադրբեջանում, կամ թանկարժեք պանիրը …

Չորս օր Ադրբեջանում ու անվնաս վերադարձ. մի քանի օր է՝ Կոթին քննարկում է Լուսիկ տատիկի գերության անսպասելի  հանգուցալուծումը`  վերադարձավ  ողջ-առողջ ՝ Հայաստան վերադարձնելով նույնիսկ իր գնած պանիրը:

Հաղթական վերադարձից հետո ընկերուհիները տատիկի մոտից չեն հեռանում՝  օրը լցնելով ամենատարբեր վերլուծություններով. վերջին տարիներին հայ-ադրբեջանական սահմանը մոլորված հատած  ոչ մի հայ անվնաս չէր վերադարձել:  «Երևի Եվրախորհրդի ուշադրության կենտրոնում են»,- ենթադրում է հարևանուհիներից Ռիմա տատիկը, բայց և զարմանում. «Նրանք խիղճ չունեն: Թե ի՞նչ մարդիկ են պատահել, որ էս կնգան բան չեն արել, մի այլանդակ սրսկում չեն արել , չգիտեմ»:

«Շան բախտ ունեմ»,- կատակում է հերոսուհին ու, այդ պահին հնչող կրակոցներն էլ բանի տեղ չդնելով, իրեն մոլորեցրած տունն է ցույց տալիս: Մորաքույրը սարից եկել ու վաճառքի պանիր էր բերել, նրանց տունն էլ գյուղի ծայրին է` սահմանից ոչ հեռու:  Լուսիկ տատը պանիրը գնել ու ոչ թե  իր տուն, այլ հակառակ ՝ սահմանի ուղղությամբ էր շարժվել: «Մառախուղ էր, ամպ էր, չանգ էր, գնացի` ընգա թուրքի ձեռը: Տարա՜ն, տարա՜ն` աչքերս կապած»,- պատմում է նա:

Լուսիկ տատիկը լավ չգիտի` զորամասո՞ւմ, թե՞ հոսպիտալում են իրեն պահել: Չորս օր  չի կերել, չի խմել թունավորվելու վախից: Միայն դեղ է խնդրել. զգացել է, որ ճնշումը բարձր է: Լուսիկ տատիկը պատմում է, որ իրեն ոչ միայն արագ դեղ են հասցրել, այլև բուժքույրերը պարբերաբար ճնշումն են չափել, վիճակից հարցուփորձ արել: Ասում է՝ ինձ նեղություն չեն տվել, բայց «տեղս նեղ էր,  ասըմ ի` յարաբ իմ գյեղը կտենա՞մ»:

Չորրորդ օրը Կարմիր խաչը եկավ,  ու Լուսիկ տատիկի խոսքով՝ իր օրը բացվեց: Տատիկը հիշում է՝ երբ Իջևան բերող ճանապարհը տեսավ, հասկացավ ՝ փրկվել է: «Կարմիր խաչերը երկու աղջիկ էին, նրանց բալեքն ապրեն, նրանք ուրախ կենան»,- օրհնում է տատիկը:

Սահմանի այն կողմում անհանգիստ, ընկճված է եղել, բայց վախկոտներից չէ , ավելին ՝ ինքն է գոտեպնդում իր զավակներին. «Մամեն հու մեռել չի՞»:

Իսկ պանրի հարցն ընդհանրապես արտառոց է.  գերության չորս օրերի ընթացքում Լուսիկ տատիկը ո’չ կերել, ո’չ  էլ հյուրասիրել է, թեև ասում է` ցանկացողներ կային: Տատիկը  սահմանի այն կողմում էլ չի մոռացել ՝ երկու կիլոյին երեք հազար դրամ էր տվել. ոչ մի գրամ` հակառակորդին: «Լավ չեմ արե՞լ»,- հպարտանում է: «Լավ ես արել»,- ասել է սահմանին նրան դիմավորած դուստրն ու  գերության պատճառ դարձած պանրի փաթեթը նետել ջուրը: Լուսիկ տատիկն այս դեպքում չի ափսոսացել: Նա հպարտանում է, որ թեև բուժքույր կանայք հետաքրքրությամբ իր ոսկե մատանին  էլ են զննել, բայց դա էլ չի տվել: Անվնաս հասել է իր 53  տարվա ամուսնուն` «ղսմաթով, սաղ-սալամաթ»:

 Ամուսինը ՝ Նորիկ պապն էլ է ապշած. «Մալադեց, որ վախից չի մեռել»: Ընկերուհիներն էլ նույնն են ասում: Ժենյա տատիկը մանկության ընկերուհին է: Բացակայության չորս օրերի ընթացքում ամենաշատն է տառապել: Ասում է՝ մատաղ նրանց, որ ընկերուհուս ազատեցին: Բոլորը շնորհակալ են Կարմիր խաչից էլ, տատիկին ընդունած-ճանապարհած ադրբեջանցիներից էլ:  

Լուսիկ տատիկը երկրորդ ծննդյան օրը դեռ չի նշել, սպասում է դեկտեմբերի 19-ին. ծառայող թոռը կվերադառնա, ու բոլորը միասին կհավաքվեն: 

«Ախորժակը տեղն է, լավ էլ հանգիստ քնում է»,- ասում է ամուսինը:  Երկուսով իրենց մեծ տան նկուղում են ապրում: Վերևի հարկը ադրբեջանական արկերից վնասվել ու բնակության  համար պիտանի չէ:  Լուսիկ  տատն անհարմարություններից չի բողոքում, անընդհատ հնչող կրակոցներից չի դժգոհում. 76 տարեկանում նորից է ծնվել, ասում է. «Մի էդքան էլ  ձգելու եմ… »:  

Հ.Հ.

yerkir.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica