close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2018
+21°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2018
USD1485.62
GBP1638.83
EUR1558.03
RUB17.34
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի «սև ցուցակ»-ում եմ, այսինքն` մարդկանց իրավունքների պաշտպանության «ոսկե ցուցակ»-ում. Ջանլուկա Մարչիանո

Հարցազրույց

18 Նոյեմբերի 2015, 17:10
 Ադրբեջանի «սև ցուցակ»-ում եմ, այսինքն` մարդկանց իրավունքների պաշտպանության «ոսկե ցուցակ»-ում. Ջանլուկա Մարչիանո

Հայաստանում է իտալացի հայտնի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն: Նա երկու համերգ ուներ այստեղ` Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում, նաև` «Տրավիատա» օպերայի ղեկավարումը: Հիշեցնենք, որ Մարչիանոն ապրիլի 24-ին ղեկավարում էր 24/04 նվագախմբի համերգը, այնուհետև Ստեփանակերտում ներկա է գտնվել Վերդիի «Ռեքվիեմ»-ի արցախյան պրեմիերային` հայտնվելով ադրբեջանական «սև ցուցակ»-ում:

Yerkir.am-ի զրուցակիցն է Ջանլուկա Մարչիանոն:

 

Ընտրեցի դաշնամուրը, քանի որ, որքան էլ ծիծաղելի հնչի, հարմար էր այն նվագել

Երբ սկսեցի տարրական դպրոց գնալ, շատ ակտիվ էի, և իմ ուսուցչուհին խոսեց ծնողներիս հետ` ասելով, որ իմ էներգիան պետք է օգտագործել: Նա ծնողներիս խորհուրդ տվեց, որ ինձ տանեն կա'մ դաշնամուրի, կա'մ ջութակի: Այդ ժամանակ 6 տարեկան էի: Ջութակ նվագելու համար ձեռքերդ տարօրինակ դիրքում են հայտնվում, և ես շատ անհարմար էի զգում, իսկ դաշնակահարը նստած է, ձեռքերը` ստեղների վրա, և ես ընտրեցի դաշնամուրը:

 

Զգում էի, որ, որպես դաշնակահար, շարունակելով իմ գործունեությունը, ինչ-որ բան կիսատ է մնալու

Բնավորությամբ այնպիսին եմ, որ անընդհատ ուզում եմ շփվել մարդկանց հետ: Դաշնամուրն, այո, իմն էր, բայց այն ինձ համար բավարար չէր, ես լիովին հարմար չէի զգում ինձ: Զգում էի, որ երաժշտությունն իմ կյանքի հիմնական մասն է, ես պետք է զբաղվեմ երաժշտությամբ, բայց զգում էի նաև, որ, որպես դաշնակահար, շարունակելով իմ գործունեությունը, ինչ-որ բան կիսատ է մնալու: Հետո հասկացա, որ այդ բացը կարող եմ լրացնել դիրիժորությամբ, քանի որ այն հնարավորություն է տալիս հարաբերվելու մյուսների հետ, հասնելու այն նպատակին, որին դու չես կարող միայնակ հասնել:

 

Դիրիժորը հոգեբան է` բեմի վրա կանգնած

Երբ ինչ-որ երկիր ես գնում կարճ ժամանակով` որպես դիրիժոր աշխատելու, առաջին խնդիրը հոգեբանական է, որը պետք է հաղթահարես. պետք է վերլուծես այն մարդկանց բնավորությունը, ում հետ պետք է նվագես: Դա միակ միջոցն է` հասկանալու, թե ինչպես կարող ես ներթափանցել նրանց հոգևոր աշխարհը: Տարիների հետ դիրիժորը կամաց-կամաց դառնում է լավ հոգեբան: Տեսե'ք, երբ դու աշխատում ես նվագախմբի հետ, որը դու ես ստեղծել, այդ ժամանակ սկսում ես ճանաչել մարդկանց իրական կյանքում, դա մի լավ կողմ ունի` սկսում ես նոր ընկերներ ձեռք բերել, և նրանք պատրաստ են անել ամեն ինչ` ընդհանուր նպատակին հասնելու համար: Մյուս կողմից` երաժիշտների հետ մտերմանալը որոշ դժվարություններ է առաջացնում, քանի որ երբեմն-երբեմն, որպես ղեկավար, դու պետք է շատ բարդ որոշում կայացնես, և ընկերությունն այս դեպքում խանգարում է: Այսինքն` հակասական զգացողություն է` մի կողմից` լավ է, որ ճանաչում ես նրանց անձնապես, բայց, մյուս կողմից, դա դժվարացնում է որոշումներ կայացնելը: Իդեալական կլիներ, եթե կարողանայինք համադրել այս երկուսը: Դիրիժորը երբեմն հոգեբան է, երբեմն` քո լավագույն ընկերը, երբեմն էլ` ղեկավար:

 

Օպերա ղեկավարելն իմ առաջին սերն է

Ես հաճույք եմ ստանում` համագործակցելով երգիչների հետ: Ձայնը յուրահատուկ գործիք է, ես կասեի` հազվագյուտ գործիք, որովհետև եթե դու այն կոտրեցիր, այլևս չես կարող վերականգնել, դրա համար էլ պետք է շատ զգույշ լինես: Օպերա ղեկավարելն իմ առաջին սերն է, դու շատ բան ես սովորում երգիչներից, ամենակարևորը` ինչպես շնչել, մտածել համատեղ: Երգչի հետ դու պետք է շատ հոգատար լինես, ինչպես երեխայի հետ: Ձայնը, այո, ինչ-որ առումով երաժշտական գործիք է, որի հետ պետք է շատ զգույշ լինել, քանի որ երբ էմոցիոնալ խնդիր է ունենում երգիչը, նա չի կարող երգել: Երգիչները ոչ միայն երգում են, նրանք գործողության կարիք էլ ունեն, ուստի օպերային երգչի մասնագիտությունը շատ նուրբ մասնագիտություն է, և դիրիժորը պետք է լինի նրա լավագույն ընկերը:

 

Պետք է գնահատել լույսի` թեկուզ մի մասնիկի առկայությունը մթության մեջ

Չեմ սիրում առանձնացնել այս կամ այն կոմպոզիտորին կամ ինչ-որ ստեղծագործություն, բայց իտալական գործերն ուրիշ են ինձ համար: Իտալական ստեղծագործություններում դու միշտ արևի մասնիկ կգտնես, անգամ` ամենատխուր գործերում: Լույսը մեր կյանքի շերտերում է թաքնված, ամենատխուր պահերին էլ լույսը տեսնել է պետք: Ես, օրինակ, տխուր գործեր կատարելիս լույսի` թեկուզ մեկ ճառագայթը բռնած եմ առաջ շարժվում: Պետք է ոչ միայն լույսը տեսնել կարողանալ, այլ նաև գնահատել լույսի մի մասնիկի առկայությունը մթության մեջ:

 

Այն, ինչ տարածված էր 19-րդ դարում, հիմա դասական է դարձել

Ես այն մարդկանցից չեմ, որ ասեմ` դե, լավ, ի՞նչ փոփ երաժշտության մասին է խոսքը: Եկեք` անկեղծ լինենք, մենք ուղղակի կարիք ունենք ամեն ինչ իր տեղում տեսնելու: Այն, ինչ տարածված էր 19-րդ դարում, հիմա դասական է դարձել: Եթե ես ասում եմ, որ պետք չէ ծայրահեղ մոտեցում ունենալ այս կամ այն երաժշտական ոճի հետ կապված` չի նշանակում, որ ես պակաս փորձառու երաժիշտ եմ: «Փինք Ֆլոյդ»-ն օպերա ունի գրած, Փոլ Մըքքարթնին սիմֆոնիաներ էր գրում, «Մեթալիքա»-ի անդամները կոնսերվատորիա էին ավարտել: Երաժշտությունը կյանք է, և այն միտքը, որ ինչ-որ երաժշտություն մարդկանց համախմբում է, նրանց հուզում, նրանց օրն ավելի լավն է դարձնում, մեծ նվաճում է, և ես ոչինչ չեմ կարող ունենալ նրանց դեմ:

 

Ինձ երջանիկ մարդ եմ համարում, քանի որ ես ես եմ, չեմ խաղում

Ես երջանիկ եմ, ինձ երջանիկ մարդ եմ համարում, քանի որ ես ես եմ, չեմ խաղում, ուղղակի մարդ եմ: Գիտե՞ք, ինձ համար հանրահայտ մարդ կարող է համարվել նա, ով զուտ ինձ համար է հանրահայտ, այդ մարդը կարող է լինել անգամ իմ մայրիկը, իմ ընտանիքի անդամները, իմ ընկերները, որոնցից շատերը հանրահայտ մարդիկ են նաև մյուսների համար: Ես շատ եմ ճանապարհորդում, և դա ինձ հնարավորություն է տալիս մի շարք նոր ծանոթություններ հաստատել, նոր ընկերներ ձեռք բերել, դա նաև շատ դժվար է, քանի որ դու պետք է այդ ընկերությունը պահպանես: Ընկերներիս, ցավոք, հաճախ տեսնել չեմ կարող: Ես փորձում եմ կոմպրոմիսի բերել` երբեմն ծնողներս ճանապարհորդում են ինձ հետ, սոցիալական կայքերն էլ օգտագործում եմ ծանոթներիս հետ կապը պահելու համար: Ես, օրինակ, քնելուն շատ քիչ ժամանակ եմ հատկացնում և այդ «խլած» ժամանակն օգտագործում` ընկերներիս հետ հանդիպելու համար: Ժամանակը հոսում է, երբեմն ստիպված ես աշխատել 24 ժամ շարունակ, և դժվար է ինչ-որ բան հասցնել: Շատ կարևոր է ժամանակը ճիշտ կառավարել կարողանալ, որպեսզի ոչ մի բան ձեռքիցդ բան չթողնես, նկատի ունեմ` քեզ համար կարևոր բաները: Այսինքն` երբ արթնանում ես, պետք է ուղղակի համակարգես անելիքները և չպետք է մյուսների ժամանակն էլ խլես: Շատ կարևորում եմ մարդկանց հետ շփումը` ոչ գործի բերումով:

 

Մենք ուղղակի պարտավոր ենք շատ կարդալ, թատրոն հաճախել

Չես կարող լինել լավ արվեստագետ` զարգացած լինելով միայն մի ոլորտում, կամ էլ գուցե հնարավոր է, բայց ոչ` ինձ համար: Երաժշտությունը կապված է արվեստի մյուս ճյուղերի հետ, երբ դու երաժշտություն ես գրում, դու պատմություն ես կերտում: Գործի բնույթով էլ ուրիշ երաժիշտների հետ ես հանդիպում, նրանց գործերի հետ ծանոթանում, փաստերի, տարեթվերի հետ առնչվում: Երբ ինչ-որ օպերա ես բեմադրում, չես կարող այն կյանքի կոչել` առանց հասկանալու` ով է դրա հեղինակը, ինչ է ուզել դրանով ասել, ինչ փոխանցել, ուստի առնչվում ես նաև գրականության հետ: Մենք ուղղակի պարտավոր ենք շատ կարդալ, թատրոն հաճախել:

 

Այն երաժիշտներից չեմ, որ ասեմ` ես իմ գործով եմ ասելիքս ասում

Ես այն երաժիշտներից չեմ, որ ասեմ` ես երաժիշտ եմ, զբաղված եմ իմ գործով, և ինձ չեն հետաքրքրում քաղաքական, սոցիալական մի շարք հարցեր, ես իմ գործով եմ իմ ասելիքն ասում: Ոչ, ընդհակառակը, ես կարծում եմ, որ մենք` մշակույթի գործիչներս, պետք է հստակ դիրքորոշում ունենանք և բարձրաձայնենք մեր կարծիքը, չէ՞ որ առաջին հերթին մենք մարդ ենք, քաղաքացի, հետո նոր` երաժիշտ: Իտալիայում ես ավարտել եմ համալսարան քաղաքականության գծով, և ամեն օր կարդում եմ բոլոր հնարավոր թերթերը, քանի որ ես պետք է իմանամ երկրիս, աշխարհի անցուդարձը և կարծիք կազմեմ, քանի որ մեդիայի հետ շփվելու և կարծիք հայտնելու հնարավորություն ունեմ: Հիմա իմ գլխավոր նպատակը մյուս երաժիշտների հետ շփվելն է, նրանց, ովքեր կարծում են, որ պետք է իրենց կարծիքը հայտնեն հասարակությանը հուզող այս կամ այն խնդրի վերաբերյալ: Կարծում եմ` երաժշտությունից բացի, պետք է իմ ներդրումն ունենամ ինչ-ինչ հարցերում` որպես մարդ, որպես աշխարհի քաղաքացի:

 

Երաժշտությունը կարող է քաղաքականություն փոխել

Ես միշտ կարծել եմ, որ մենք` երաժիշտներս, ունենք հնարավորություն ինչ-որ բան փոխելու, և մենք պետք է այն օգտագործենք: Գուցե երաժշտությունը չի կարող  միանգամից փոխել ինչ-որ բան, բայց կամաց-կամաց կարող ենք արդյունքի հասնել: Երաժշտությունն իր ազդեցությունն է ունենում մարդկանց մտքերի, զգացողության վրա: Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը` հավատալով, որ մի օր կփոխվի ամեն ինչ:

 

Ադրբեջանական կողմը, թղթի վրա ու ինքն իրեն «որոշումներ» կայացնելով, հարցը չի լուծի

Այս տարի ես այցելեցի Արցախ, և իմ այդ քայլի հետևանքով հայտնվեցի Ադրբեջանի «սև ցուցակում»: Դա ինձ համար նշանակում էր, որ ես հայտնվել եմ մարդկանց իրավունքների պաշտպանության «ոսկե ցուցակում»: Հասկանո՞ւմ եք` արցախցիների իրավունքն է, որ իրենք ապրում են իրենց ծննդավայրում: Ադրբեջանական կողմը, թղթի վրա ու ինքն իրեն որոշումներ կայացնելով, հարցը չի լուծի, այսինքն` օրինակ, այնտեղ ինչ-որ մեկն ինքն իրեն որոշում է. «Արցախը ձեր երկիրը չէ, և, ոչինչ, որ այնտեղ 95 տոկոս հենց բնիկներն են, հոգ չէ, նրանց կտեղափոխենք»: Եթե ես հայտնվել եմ մի երկրի «սև ցուցակում», որտեղ այսպես են մտածում, ուրեմն ես «ոսկե ցուցակ»-ում եմ: Ես պատրաստ եմ իմ ընկերներին նույնպես հրավիրել այդ հրաշք պետություն, որպեսզի նրանք էլ համալրեն Ադրբեջանի «սև ցուցակը»:

 

Երիտասարդական նվագախմբի հետ համագործակցությունն ու 65-րդ «Տրավիատա»-ն

Այս անգամ Հայաստանում եմ երկու համերգով, ղեկավարեցի «Տրավիատա»-ն` ի դեպ, 65-րդ անգամ: Զարմանալին այն է, որ երբեք չես հոգնում, քանի որ աշխատում ես ուրիշ նվագախմբերի, ուրիշ մեներգիչների հետ և ամեն անգամ մի նոր բան ես քեզ համար բացահայտում: Նոր շերտեր ես բացահայտում նույն գործում ոչ այն պատճառով, որ գործը փոխվում է, դու ես փոխվում, քո կյանքը, զգացմունքները և նկատում ես բաներ, որոնք չէիր նկատել նախորդ անգամ: Համերգով հանդես եկա նաև Երիտասարդական նվագախմբի հետ և պետք է ասեմ, որ այս նվագախումբը շատ պրոֆեսիոնալ է: Արդեն կայացած նվագախումբ է, իսկ երաժիշտները կյանքով լցված են: Երբ ես «Ալ Բուստան» փառատոնին պետք է հրավիրեի նրանց, նրանց լավ չէի ճանաչում, և Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին ինձ պատմեց նրանց մասին` ասելով, որ ես ուղղակի պետք է նրանց լսեմ: Այդտեղից էլ սկսվեց մեր համագործակցությունը: Երաժշտության մեջ սահմաններ չկան, ո՞վ գիտի` հաջորդ կանգառս որտեղ է լինելու:

 

Կարինե Հարությունյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica