close
Եղանակը Երևանում
19 Դեկտեմբերի 2018
+7°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Դեկ 2018
USD1484.72
GBP1613.27
EUR1551.42
RUB17.27
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կյանքը տրված է, որ անընդհատ աշխատենք դրա վրա և փոխենք այն. Ռուբեն Բաբայան

Հարցազրույց

26 Հոկտեմբերի 2015, 17:13
 Կյանքը տրված է, որ անընդհատ աշխատենք դրա վրա և փոխենք այն. Ռուբեն Բաբայան

Yerkir.am-ի զրուցակիցն է Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը:

 

Թե ինչպես Սախալինում հնչեց հայկական «Հորովել»-ը

Տարին շատ բեղմնավոր էր թատրոնի համար. վերջերս Նարինե Գրիգորյանը «Դզին» ներկայացմամբ մասնակցում էր Լիտվիայի միջազգային փառատոնին: Ի դեպ, ներկայացումը շատ լավ են ընդունել, նաև հայեր են ներկա եղել: Նարինեն ասում էր, որ երբեք սենյակում այդքան ծաղիկ չի եղել: Ուրախալին այն է, որ թատրոնն ակտիվորեն մասնակցում է տարբեր ֆորմատի փառատոների,  օրերս էլ Սախալինում տիկնիկային ներկայացումների փառատոնին մասնակցեց Զարուհի Անտոնյանը` «Թևավորը» ներկայացմամբ: Ճիշտ է,  փառատոնը մրցանակային չէր, բայց ամենամեծ աղմուկը հանեց մեր ներկայացումը. դահլիճը լեփ-լեցուն էր, մոտ 50 հոգի չկարողացան էլ ներս մտնել: Փառատոնը տարբերվում էր նրանով, որ յուրաքանչյուրին տալիս էր սեփական մեկնաբանության հնարավորություն, ինչն ինձ համար շատ կարևոր է, որովհետև կարծում եմ, որ հանդիսատեսը ևս ստեղծագործական պրոցեսի կարևորագույն մասնիկն է: Երբ ներկայացման ժամանակ հանդիսատեսը միացնում է իր երևակայությունը, միայն այդ դեպքում կարող ենք ասել, որ այն հաջողված է: Սախալինում հայերի հանդիպեցինք, ովքեր ոչ միայն մեր ճանապարհածախսն էին հոգացել, այլ չսահմանափակվեցին միայն մեր թատրոնի հանդեպ վերաբերմունքով, իրենց հյուրասիրության մեջ ներգրավեցին ամբողջ փառատոնի մասնակիցներին, և բոլորս «Հորովել» երգեցինք, հայկական պարեր պարեցինք, մի քիչ հայերեն սովորեցրինք մյուսներին:

 

Թատրոնը, բոլոր դեպքերում, երիտասարդի գործ է

Փառատոներին յուրաքանչյուր հաջող մասնակցություն իր հետևից բերում է նոր հրավերներ. կյանքում էլ է այդպես: Ամենակարևորն ինձ համար այն է, որ հիմնականում երիտասարդ դերասաններն ու ռեժիսորներն են մասնակցում փառատոներին: Կարծում եմ` թատրոնը, բոլոր դեպքերում, երիտասարդի գործ է: Անկախ նրանից, թե որտեղ է փառատոնն անցկացվում, քո վերաբերմունքը, պրոֆեսիոնալիզմը և կատարողական արվեստն է, որ այս կամ այն փառատոնին արժեք է տալիս: Ինչքան դու ավելի պրոֆեսիոնալ ես դրան վերաբերվում, այնքան այդ փառատոնի ձողը բարձրանում է:

 

Եթե անընդհատ միայն հայելու մեջ նայես, ապա, քեզնից բացի, ոչինչ չես տեսնի

Արվեստը միմյանց շաղկապված բջիջներ է իրենից ենթադրում, և ինչքան շատ ես շփվում ուրիշ ազգերի մշակույթի հետ, այդքան հարստանում է քո մշակույթը: Մշակույթն այն ոլորտն է, որը չի կարող առանձնացված զարգանալ, քանի որ բնության օրենքը պահանջում է փոխանակություն. եթե ջուրը չի հոսում, ճահճանում է: Թատրոնը ժամանակի ծառան է, և, ի տարբերություն ուրիշ արվեստների, մենք չունենք հնարավորություն ժամանակի քննությունը բռնելու, չենք կարող ասել` 20 տարի հետո կգա հանդիսատեսը և կհասկանա` ինչ ենք արել հիմա: Մենք այսօր այս ժամանակի հետ շատ ամուր կապված ենք, ժամանակն էլ իր հերթին մեծ ազդեցություն ունի մեզ վրա. թատրոնը արվեստներից ամենաարագ փոփոխվողն է: Այն, ինչ երեկ ժամանակակից էր, այսօր կարող է բացարձակապես հետաքրքիր չլինել: Ժամանակի զարկերակը զգալու համար փառատոները կարևոր ազդակ են: Ժամանակը զգալու համար պետք է հորիզոնդ մի քիչ մեծացնես, իսկ փառատոները տալիս են դրա հնարավորությունը: Անպայման չէ, որ բոլոր ներկայացումները հավանես, դրանք քեզ հարազատ թվան, նույնն էլ այստեղ է` այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում, չի նշանակում` մերն է ու հարազատ է: Կարևոր է, որպեսզի կարողանաս նաև քո տեղն ունենալ այդ ընթացքի մեջ: Ի վերջո, յուրաքանչյուրիս համար շատ կարևոր է գտնել մեր տեղն այս կյանքում, որտեղ մենք լավագույնս կարտահայտենք ինքներս մեզ: Քո տեղը գտնել, ժամանակի շունչը զգալ կարող ես միայն համեմատության մեջ, եթե անընդհատ միայն հայելու մեջ նայես, ապա, քեզնից բացի, ոչինչ չես տեսնի:

 

Անպետքը գալիս է իր ոտքով, իսկ պիտանին պետք է վերցնես

Այլ երկրների մշակույթի հետ հարաբերակցվելիս անպետք բաներ էլ ենք վերցնում, բայց անպետքը գալիս է իր ոտքով, իսկ պիտանին պետք է վերցնել: Իսկական արժեքները դժվար է վերցնել, իսկ անպետքը մակերեսի վրա  է և երբեմն փակում է արժեքավորի «դեմքը»: Մենք հաճախ այդ անպետքը վերագրում ենք ազգին կամ երկրին. այն, որ Ֆրանսիայում անպետք մի բան կա, դա դեռ չի նշանակում, որ Պիկասոն վատ նկարիչ է: Սա, ընդհանուր առմամբ, կյանքի ընկալման, մեր հարաբերությունների հարց է, բոլորս բազմաթիվ` և՛ դրական, և՛ բացասական կողմեր ունենք, ու եթե մենք կենտրոնանանք դիմացինի` միայն բացասական կողմերի վրա, այդ մարդուն լիարժեք չենք տեսնի: Պետք է փորձենք դրական կողմերի միջոցով հաստատել մեր երկխոսությունը, քանի որ բացասականը բերում է միայն մենախոսության: Նույնն էլ մշակույթի մեջ է, մեզ մատուցված մեծ կաթսայում ի՞նչ ենք ընտրում, արդյո՞ք տեսնում ենք մարգարիտը, գուցե պետք է մի քիչ ավելի ուշադիր լինել` արժեքավորը տեսնելու համար:  Հակառակ դեպքում` նույն ձևով կարող են և մեզ նայել, քանի որ մենք էլ ունենք իսկական գոհարներ և այլանդակ բաներ: Կարծում եմ` սա մշակութային կրթության հարց է` կարողանալ տեսնել իսկականը:

 

Մեզ թվում է` իշխանությունը կարող է մեզ դարձնել քաղաքակի՞րթ

Մշակութային կրթությունը պետք է սկսվի տնից, հետո արդեն մտնի դպրոց: Այսօր մեր դպրոցներում մշակութային կրթությունն անտեսված է: Այն մակարդակով, որով մատուցվում է մեր գրականությունը, անտանելի է` զուտ որպես անցյալում կատարված իրադարձությունների արտացոլում, որը ոչ մի կապ չունի մարդկային այսօրվա իրականության հետ, դա գրականության մատուցում չէ: Կրթական համակարգն աշխարհում ամենաարագ փոփոխվող համակարգն է: Մի քանի ամիս առաջ Անգլիայում որոշում կայացվեց` «Բիթըլզ»-ը, որպես առանձին թեմա, մտցնել, սա արդեն ինչ-որ բանի մասին է խոսում: Եթե ուզում ենք քաղաքակիրթ երկիր ունենալ, պետք է ունենանք քաղաքակիրթ քաղաքացիներ: Մեզ թվում է` իշխանությունը կարող է մեզ դարձնել քաղաքակի՞րթ, հակառակը` մենք կարող ենք պարտադրել, որ նրանք լինեն քաղաքակիրթ: Երբ մենք սկսում ենք ուրիշի հետ փողոցային լեզվով խոսել, մենք պետք է դիմացինից շատ բան չպահանջենք:

 

Տաղանդը մեծագույն պարտավորություն է

Հաճախ մենք անտեսում ենք կարևոր մի հանգամանք` մտավորական և հասարակություն հարաբերությունները: Մենք մի մեծ սխալ ենք կատարել` ուզում ենք, որ իշխանությունը լսի մտավորականին, բայց որևէ երկրում իշխանությունը մտավորականի հետ հաշվի չի նստում, նրանք հաշվի են նստում մեծամասնության հետ, ուստի` մտավորականը պետք է խոսի իր ժողովրդի հետ: Հասարակությունը, հավատացեք, ուզում է նրա խոսքը լսել, և հենց այդ ժամանակ հասարակությունն իր մեծամասնությունով կպարտադրի այն, ինչը հարմար է գտնում: Մենք ենք մեղավոր, սլաքը սխալ կողմ ենք ուղղել: Խոսքը շատ մեծ ուժ ունի, հատկապես` գրողի խոսքը, գրողը մեծ առաքելություն ունի` ժողովրդի հետ խոսելու, կրթելու դեր: Տաղանդը մեծագույն պարտավորություն է, և նա քեզ սկսում է շատ ուժեղ պատժել, երբ չես կատարում այն, հանուն ինչի կոչված ես:

 

Քաղաքակիրթ պայքարի դեպքում իշխանությունը չգիտի` ինչ անել

Այն հասարակությունը, որն ունենք հիմա, ինչ-որ չափով կարող է ազդել իշխանության վրա, և մենք ունենք դրա օրինակները: Կարծում եմ` ինչքան ավելի կիրթ լինի հասարակությունը, այդքան ավելի ուժեղ կլինի ազդեցությունը: Քաղաքակիրթ պայքարի դեպքում իշխանությունը չգիտի` ինչ անել, իսկ բռնի պայքարի դեպքում գիտի` ուժով պայքարում է ուժի դեմ: Կրթությունն ու քաղաքակրթությունը երկար գործընթաց է, և հետո մենք` հայերս, մեր խնդիրներն ինքներս պետք է լուծենք, և հերիք եղավ մեր ցավերի համար մեղադրենք ուրիշներին: Եթե անգամ այդ մեղադրանքներն արդարացի են, ավելի լավ է` ինքդ քո մեջ փնտրես ելքը: Պարզ է, որ մենք գտնվում ենք մի աշխարհում, որտեղ մեզնից ուժեղները կան, բայց մենք պետք է ցույց տանք, որ, միևնույն է, մենք կանք: Մենք պետք է հասկանանք, որ մեր ամենամեծ արժեքը մարդն է, իսկ հզոր է այն երկիրը, որի համար ամենամեծ արժեքը մարդն է: Յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ անհատ է, հարցը գլխաքանակի մեջ չէ, երկիրը կառուցվում է անհատների վրա:

 

Մենք կամուրջներ կգցենք, երբ փորձենք հասկանալ դիմացինի ճշմարտությունը

Սոկրատեսը գերադասեց մահանալ, բայց չհրաժարվել իր աշակերտների հետ խոսելու հնարավորությունից: Երկխոսելը կարևոր բան է, և ամենևին էլ պարտադիր չէ, որ դիմացինը մտածի քեզ նման, պարտադիր չէ, որ երկխոսության մեջ հաղթող լինի. հաղթում է նա, ում միտքը ճկուն է, ով կարողանում է երկխոսության ժամանակ փոխել նաև իր հայացքը: Երկխոսության իմաստը դա է, որ` ինձ հետաքրքիր ես նաև դու, այլ ոչ թե` ինձ հետաքրքիր եմ ես, և դու պետք է մտածես ինձ նման: Շատ բան կփոխվի, երբ կսկսենք սիրել դիմացինին ավելի, քան ինքներս մեզ, բայց ոչ թե ձևական, որովհետև այդպես գրված է Աստվածաշնչում, այլ` ըստ էության: Յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը, մենք կամուրջներ կգցենք, երբ փորձենք հասկանալ դիմացինի ճշմարտությունը: Ամենահեշտն ասելն է, թե` մեր բախտը ոնց չբերեց մեր հարևանների հարցում, մենք լավն ենք, մնացածներն ահավոր են: Մոռանում ենք, որ այդ տեսակ մտածելակերպն է, որ բերում է արտագաղթի: Նրանք, ովքեր նման կարծիք են հայտնում` ձևացնելով իրենց ամենամեծ հայրենասեր, ամենահակահայրենասիրական քարոզն են վարում:

 

Ինչ անել, որպեսզի կյանքն ավելի հարուստ լինի

Կյանքը տված է, որ մենք անընդհատ աշխատենք դրա վրա և այն փոխենք: Եթե ասում են` ես նույնն եմ, ինչ 20 տարի առաջ, հեչ գլուխ գովալու բան չէ, բա այդքան կյանք ես ապրել, նոր մարդկանց հետ ծանոթացել, ոչինչ քեզ չի՞ տվել կյանքը: Ինքնակատարելագործվել է պետք: Պետք է ավելի հանդուրժող լինել, քանի որ ճնշելով ոչ մի հարց չի լուծվի: Մի կարևոր խնդիր կա` ինչ անել, որպեսզի կյանքն ավելի հարուստ լինի, ավելի հետաքրքիր: Մեր` հարստության մասին պատկերացումները շատ պրիմիտիվ են` մի հատ էլ մեքենա ունենամ, մի տուն էլ` ավելի մեծը: Ախր լավագույն դեպքում 5-6 հոգով եք ապրում ձեր դղյակներում, վախենալու չի՞: Անհրաժեշտ է անընդհատ սովորել, սովորեցնել պարտադրաբար չես կարող, բայց կարող ես այնպես անել, որ մարդու մոտ ցանկություն առաջանա սովորելու: Սովորելը չի սահմանափակվում 12 տարի դպրոց, հետո արդեն բուհական կրթությամբ, եթե այդ ցանկությունը կա, մարդ սովորում է ամբողջ կյանքում, և դրանից ավելի հետաքրքիր բան չկա: Չեխովն ասում էր` հիմարը սիրում է սովորեցնել, իսկ խելոքը` սովորել: Հաճախ լսում ենք, որ բողոքում են երիտասարդներից, թե` էս ինչ սերունդ է եկել: Սերնդին հանգիստ թողեք ու հասկացեք, որ դուք չեք փոխվել, ձեռքդ չես պահել զարկերակի վրա, հետաքրքիր չես դարձել: Մյուս կողմից` երբեք պետք չէ պարտադրել այս կամ այն արժեքը, պետք է ցույց տալ բոլոր ճանապարհները, և մարդն ինքը ընտրություն կկատարի: Մեծագույն արհեստը, որ տվել է Աստված մարդուն, ընտրելու հնարավորությունն է: Ամբողջ սովետական համակարգի արհեստականությունն այն էր, որ ասում էին` մենք զոռով ձեզ կդարձնենք երջանիկ, բարոյական, բայց պարզվեց` ամենաանբարոյական մարդիկ էին հավաքվել վերևներում, որոնք էլ քարոզում էին, թե ինչ է բարոյականությունը: Պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի մարդը հասկանա` կարգին մարդ լինելը շատ ավելի ձեռնտու է, քան գռեհիկ ու գող լինելը:

 

Յուրաքանչյուր դժգոհության արդյունք պետք է լինի գործողություն

Վերջին տարիներին ինչքան էլ հուսահատություն քարոզվեց, միևնույն է, երիտասարդը չի կարող լինել հուսահատ, նա միշտ հույսով ու սպասելիքներով է ապրում, սիրտն ուրիշ ձև է բաբախում: Եվ երբ քո հուսահատությամբ փորձում ես այդ բաբախը կանգնեցնել, դու մեծ մեղք ես գործում: Յուրաքանչյուրը պետք է ապրի իր կյանքը, և միակ բանը, որը կարելի է քարոզել` սեր դեպի կյանք, որովհետև կյանքն ինքը մեծ պարգև է: Մարդուն պետք է հիշեցնել` դու ամեն ինչ կարող ես: Եթե մարդը հավատում է իր ուժերին, իսկապես, շատ բան կարող է անել: Հիշում եմ` տարիներ առաջ մեր թատրոնը շատ տխուր վիճակում էր հայտնվել, բազմաթիվ պարտքեր կային կոտակված, մարդիկ մեղավորներ էին փնտրում, բայց այդ ժամանակ ես ինքս ինձ ասացի, թե կարելի է շարունակել այսպես ապրել` դժգոհելով, բայց կարելի է փորձել այս ամենը փոխել: Հետո ինքս ինձ հարց տվեցի` կարո՞ղ ես դու դա անել, ուրեմն գործի անցնիր, միայն դժգոհելով` գործը գլուխ չի գա: Յուրաքանչյուր դժգոհության արդյունք պետք է լինի գործողություն: 

 

Կարինե Հարությունյան

Նախագահն արձակուրդ է մեկնել
19 Դեկտեմբերի 2018, 14:38 Նախագահն արձակուրդ է մեկնել
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica