close
Եղանակը Երևանում
23 Նոյեմբերի 2017
+0°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Նմբ 2017
USD1483.75
GBP1640.87
EUR1568.65
RUB18.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հաղթանակ, որ սկսվեց սահմանամերձ Չորաթանից, բայց շարունակվեց Հաճնում

Անտեսված ձայներ

22 Հոկտեմբերի 2015, 18:01
 Հաղթանակ, որ սկսվեց սահմանամերձ Չորաթանից, բայց շարունակվեց Հաճնում

Սահմանից ոչ հեռու գտնվող  Տավուշ գյուղի բնակիչ Արմենն ուշուի մարզիչ է: 5 տարի է` ընտանիքի հետ մասնակցում է «Մարզական ընտանիք» մրցույթին: Նա է ընկերոջը՝ մարտական ուշուի մարզիչ Բագրատ Ուդումյանին համոզել, որ մասնակցի մրցումներին: Բագրատն էլ առիթը բաց չի թողել, կնոջն ու որդուն մարզել է, եկել են ու հասել եզրափակիչ:  4-րդ տարին անընդմեջ մասնակցում են. միշտ էլ հաջող են հանդես եկել՝ հաղթել են ու մրցանակակիր դարձել: Այս տարի էլ կանգնեցին պատվո հարթակին:

Բագրատը սահմանամերձ Չորաթան գյուղից է: Ընտանիքը մեծ էր, տունը` փոքր, առանձնացան ու տեղափոխվեցին Նոր Հաճն:  Ուշուի  մարզիչը մինչ այդ 10 տարի գյուղում ֆիզկուլտուրա էր դասավանդել:

«Դպրոցում աշակերտները քիչ էին, նորմալ պայմաններ չկային, դասարան կար` 6 հոգի էր, 6-ն էլ` տղա: Գյուղի ապրուստն էլ էր վատ: Չէր ստացվում մի բան հետ գցել, մի արդյունքի հասնել: Էրեխեքին մրցումների տարին մի անգամ էինք բերում, էդ էլ շատ քիչ էր, որ էրեխեն աճի: Ընդեղ շատ էինք կտրված, ոչ մի բանից տեղյակ չէինք, ամենաշատը, որ տեղյակ էինք, էդ կրակոցներն էին»,- գյուղից տեղափոխվելու որոշումն այսպես է մեկնաբանում Բագրատը:

36-ամյա մարզիչը խոստովանում է` եթե մի քիչ հնարավորություններ լինեին, կմնար գյուղում:

Բագրատի ընտանիքում առողջ ապրելակերպը կենսակերպ է:  Սպորտի նկատմամբ սերը եկել է Արցախյան պատերազմում զոհված հորեղբոր որդուց՝ Արթուրից: Նրա անունով էլ կոչել է որդուն:

Բագրատի երկու եղբայրներն էլ պայմանագրային զինծառայության անցան: Նրանցից Արմանը զոհվեց այս տարվա հունվարին՝   ադրբեջանական գնդակից: Արմանի երեք երեխաների մասին այժմ հոգ են տանում Արմանի եղբայրները, կինը: 

Բագրատը հիշում է` երբ «Մարզական ընտանիք»-ի մրցումները սկսում էին, եղբայրն իրենից շատ էր ոգևորվում: «Միշտ գովում էր, միշտ զանգում  էր: Առաջին անգամ հրաձգություն մարզաձևը որ մտցրեցին, ինքն ա կնոջս  ու տղուս սովորացրել: Դե ես ծառայել էի, գիտեի»,- ասում է նա:

Բագրատի 13-ամյա որդու՝ Արթուրի ականջներում դեռ հնչում է սահմանի կրակոցների ձայնը, մրցումների ժամանակ հնչող կրակոցներն էլ նմանեցնում է սահմանին հնչող կրակոցներին: «Համարյա նույնն ա, էլի, ոնց ընդեղ են կրակում, նենց էլ էստեղ»,-անկեղծանում է երեխան:

Ընտանիքի հետ Նոր Հաճնում հաստատված Արթուրը կարոտում է հայրենի գյուղը, խոստովանում է ՝  Չորաթանում ավելի լավ էր:

Գյուղի մասին որդու պատմածները լսելիս հայրն էլ մտաբերում է իր մանկությունը: Այն ժամանակ էլ էին խաղալիք զենքեր պատրաստում, անծայրածիր դաշտերում խաղում, բայց իրական զենքերի կրակոցների ձայներ չէին լսում, ադրբեջանցիների հետ էլ կարգին հարևանություն էին անում: 

«Ես որ փոքր էի, պապիկս կապ ուներ թուրքերի հետ, իրա հետ գնացել եմ իրանց գյուղը, շատ լավ մեզ հյուրասիրել են: Էրեխա էի, բայց հիշում եմ էդ ամեն ինչը»,- ասում է մարզիչը:

Բագրատը խոստովանում  է ՝ հեռացել է գյուղից, որ որդիներն ուրիշ մանկություն ունենան, որ գոնե նրանք գալիք խաղաղությանը հավատան: Իսկ սահմանամերձ գյուղ վերադառնալը Բագրատը կապում է միայն գալիք խաղաղության հետ:

 

Թագուհի Մելքոնյան

Երբ են դադարելու տեղումները
22 Նոյեմբերի 2017, 18:00 Երբ են դադարելու տեղումները
Էրդողանը մեկնել է Սոչի
22 Նոյեմբերի 2017, 16:40 Էրդողանը մեկնել է Սոչի
Ռոհանին մեկնել է Սոչի
22 Նոյեմբերի 2017, 13:04 Ռոհանին մեկնել է Սոչի

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica