close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2018
+24°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2018
USD1482.76
GBP1644.63
EUR1565.36
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կապ չունի` ինչ ես կատարում, ազգային դիմագիծդ երևում է կատարումներում, լսվում քո նվագի մեջ. Զոհրաբ Թադևոսյան

Հարցազրույց

21 Հոկտեմբերի 2015, 16:20
 Կապ չունի` ինչ ես կատարում, ազգային դիմագիծդ երևում է կատարումներում, լսվում քո նվագի մեջ. Զոհրաբ Թադևոսյան

Հայաստանում է անվանի ջութակահար Զոհրաբ Թադևոսյանը: Նա այսօր դաշնակահար Սոֆյա Մելիքյանի հետ հանդես կգա Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում:

Թադևոսյանն այժմ ապրում և ստեղծագործում է Իսպանիայում. 2003-ից Մադրիդի թագավորական օպերայի նվագախմբի անդամ է: Yerkir.am-ը զրուցել է նրա հետ:

 

Երաժշտությունը միշտ ներկա է եղել մեր ընտանիքում

Հորեղբայրս` անվանի ջութակահար Էդվարդ Թադևոսյանը, ինձ շատ բան է սովորեցրել: Մայրս դաշնակահարուհի է, հայրս բժիշկ է, բայց նա էլ սեր ունի երաժշտության հանդեպ: Մի խոսքով` երաժշտությունը միշտ ներկա է եղել մեր ընտանիքում: Սկսել եմ ջութակ ուսումնասիրել 6 տարեկանից`  Լևոն Զորյանի ղեկավարությամբ։ Իսկ 13 տարեկանից սովորում էի արդեն հորեղբորս մոտ։ 2002-ին մեկնեցի Մադրիդ՝  սովորելու թագուհի Սոֆյայի անվան բարձրագույն երաժշտական դպրոցում՝ Զախար Բրոնի ղեկավարությամբ։

 

Դրսում կայանալու գրավականը

Իմ պարագայում կայանալու, հաջողություն ունենալու գրավականն առաջին հերթին հաջողակ լինելն էր, բայց հաջողության հետ մեկտեղ պետք է գիտելիքներ, բազա ունենաս: Ես փայլուն ուսուցիչներ եմ ունեցել, և ինձ այնպիսի բազայով են դուրս ուղարկել, որ ինձ մնում էր միայն կատարելագործել իմացածս: Դժվարություններ, իհարկե, եղել են: Մարդու կյանքում միշտ պատեր են լինում, բայց մարդն էլ նրա համար է, որ այդ պատերը քանդի ու շարունակի առաջ գնալ: Մարդ կա` մեկ հարվածից է քանդում պատերը, մարդ էլ կա` հարյուր հարվածից հետո էլ չի կարողանում այն քանդել ու մուրճը դնում է գետնին: Բայց չպիտի հիասթափվես, չէ՞ որ անգամ ջուրն է իր կաթկթոցով կարողանում պատը քանդել, ցանկություն է պետք:

 

Ոչ մի դասական երաժիշտ, համերգներ տալով, դեռ միլիոնատեր չի դարձել

Պարտադիր չէ` դասական երաժշտություն լսեք, կարևորը` որակյալ երաժշտություն լինի, կարող է լինել ոչ դասական, բայց լավը լինել: Այն, ինչ որակով է, հասնում է սրտին` ջազ, փոփ: Կարող է լինել դասական, բայց ահավոր կատարմամբ: Ուրախությամբ պետք է նշեմ, որ տարեցտարի ավելանում է երիտասարդների թիվը, ովքեր նախընտրում են որակով երաժշտություն: Փոփ երաժշտությունը, շոուները միշտ լինելու են առաջատարը, քանի որ դրանք զուտ ֆինանսական կողմն են ապահովում: Ոչ մի դասական երաժիշտ, համերգներ տալով, դեռ միլիոնատեր չի դարձել, բայց ինչքան փոփ երգիչներ կան, որոնք մեկ համերգ են ունենում, տեսահոլովակները տարածվում են, և վերջ: Գիտե՞ք` դրսում երաժշտության հանդեպ սերը դեռ մանկուց են սերմանում, այնտեղ, որպես խաղալիք, երաժշտական գործիքներ են գնում: Այդպես է երաժշտության հանդեպ սերն արմատավորվում մարդու մեջ, և եթե անգամ չես դառնում պրոֆեսիոնալ երաժիշտ, կարող ես լավ ունկնդիր դառնալ: Երաժշտության հետ շփումը մարդուն ուրիշ որակ է տալիս, իսկ դասական երաժշտությունը «Ձերդ մեծություն» երաժշտություն է:

 

Դաշտը փոքր է, հնարավորությունները` քիչ

Հայաստանում մի կողմից ինչ-որ շարժ կա, բայց, մյուս կողմից էլ, մասնագետների կարիք կա: Ունենք շատ լավ նվագախմբեր, բայց ցավն այն է, որ երիտասարդներն այստեղ ուսումն ավարտում են ու գնում: Դաշտը փոքր է, հնարավորությունները` քիչ: Գնալը ճիշտ է, պետք է գնան, աճեն, բայց հետո հետ բերեն գիտելիքները, թեկուզ` վարպետության դասեր տան: Այստեղ դժվար է լինել երաժիշտ և միայն քո գործով զբաղվել ու նորմալ ապրել, իսկ դրսում այդպես չէ: Սակայն չեմ կարող չնշել, որ նկատելի է այն, որ Հայաստանում վերջին տարիներին պետությունը հովանավորում է դասական երաժշտությունը: Տաղանդավոր մի շարք երաժիշտներ ունենք, ովքեր, ցավոք, Հայաստանում չեն ապրում` Սերգեյ Խաչատրյան, Նարեկ Հախնազարյան, Հայկ Կազազյան... Մեծ թիմ ունենք:

 

Կենցաղը… Կենցաղը համը հանում է

Ինչքան էլ տաղանդավոր լինի մարդը, նա ընտանիք է, չէ՞, կազմելու և դրա համար էլ անցնում է այլ աշխատանքի: Կենցաղը քանդում է շատ բաներ, կենցաղը համը հանում է: Բայց կարծում եմ` ժամանակի խնդիր է, ամեն ինչ տեղը կընկնի: Երիտասարդ պետություն ենք, փոքր, ո՛չ նավթ ունենք, ո՛չ գազ… Մեր միակ ու ամենաուժեղ պոտենցիալը մարդն է, ոչ մի պետություն այս քանակությամբ տաղանդներ չի տվել` այդքան քիչ լինելով: Պետք է պարզապես մի քիչ ավելի զգոն լինենք, օգնենք իրար:

 

Դրսում ինքնությունդ պահպանելը քեզնից է կախված

Դրսում մարդուց է կախված ինքնության պահպանման հարցը: Մարդ կա` 50 տարի ապրում է դրսում և հայ է մնում, մարդ էլ կա` 6 ամիս ապրում է ու «օքեյ»-ով, «վաու»-ով է խոսում արդեն: Ինչ ուզում ես արա, քո ազգային դիմագիծը երևում է քո կատարումներում, լսվում քո նվագի մեջ և ամենևին էլ կապ չունի` ինչ ես կատարում:

 

Կուզեի` Հայաստանում ժպտացող ավելի շատ մարդ տեսնել

Կուզեի` մարդկանց ավելի բարի տեսնել. քայլում ես փողոցներով ու մարդկանց դեմքին ժպիտ չկա` դեպրեսիվ են դեմքերը, իսկ ժպիտը կարող է աշխարհ շրջել: Կուզեի` մարդկանց մտածելակերպը փոխվեր, թեև հասկանում եմ, որ կյանքն է մարդկանց փոխել: Բայց ես լավատեսորեն եմ տրամադրված, գիտեմ, որ որոշ ժամանակ անց ամեն ինչ լավ է լինելու:

 

Արամ Խաչատրյանի անվան փառատոնի մասին

Առհասարակ, փառատոներին մասնակցությունը մեծ աճ է երաժշտի համար, իսկ շփումն այլ երկրների երաժիշտների հետ` ձեռքբերում: Ես, օրինակ, Սոֆյայի հետ երբեք չեմ նվագել, բայց անհամբեր սպասում եմ համերգին: Փառատոնը տոն է, որը պետք է ուղղակի վայելել, եթե, իհարկե, այն որակով է արված: Խաչատրյանի անվան փառատոնին առաջին անգամ եմ մասնակցում և շատ զարմացած եմ, որ Հայաստանում այսօրվա դժվար պայմաններում ամենաբարձր մակարդակով նման փառատոն է կազմակերպվել:

 

Կարինե Հարությունյան

Փլուզում՝ Երևանում
26 Մայիսի 2018, 13:00 Փլուզում՝ Երևանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica