close
Եղանակը Երևանում
24 Մայիսի 2018
+13°
+23°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մայ 2018
USD1482.48
GBP1643.97
EUR1565.61
RUB17.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք երկիր կդառնանք այն ժամանակ, երբ հայրենիքն ու պետությունը կնույնանան. Դավիթ Ամալյան

Հարցազրույց

14 Հոկտեմբերի 2015, 17:30
 Մենք երկիր կդառնանք այն ժամանակ, երբ հայրենիքն ու պետությունը կնույնանան. Դավիթ Ամալյան

Yerkir.am-ի զրուցակիցն է երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը:

 

Ամեն ինչից կարող ես փախչել, բայց ոչ` ինքդ քեզնից

Ամեն ինչից կարող ես փախչել, բայց ոչ` ինքդ քեզնից: Մեկ-մեկ հոգսն այնքան շատ է լինում, որ ուզում ես անտարբեր լինել, մեկ-մեկ շներին այնքան եմ նախանձում, որովհետև իրենք իրենց գտած փոքր կերակուրով երջանիկ են: Գալիս է մի պահ, որ հասկանում եմ` ոչինչ էլ չեմ հասկանում: Կյանքը հակասության մեջ է պտույտ տալիս, ու չես կարող անընդհատ «սիրով» հոգսի մեջ լինել, եթե այդպես լինի, ուրեմն մոտդ ինչ-որ բան խանգարվել է: Ես ինձ կենցաղի մեջ շատ հակասական մարդ եմ համարում, քանի որ մի քանի րոպեի մեջ կարող եմ շատ ցնծուն ուրախությունը վերածել տագնապալից, նյարդային իրավիճակի և հակառակը. իմ կերպարը դրա կռիվն է:

 

Ոչ մի գրվածք ինձ չի ամբողջացնում

Անկախ տարիքից` ստեղծագործող մարդը, երբ ինչ-որ բան է գրում, իրեն թվում է` դա իր վերջին գործն է: Դրա համար էլ յուրաքանչյուր ստեղծագործությունում փորձում ես ասելիքդ ամբողջացնել, օրինակ` «Կտակը» գրել եմ 6-7 տարի առաջ, և այն վերջին խոսքի նման մի բան է, բայց, փաստորեն, այդպես չստացվեց, կյանքս շարունակվեց, և նորից ինչ-որ բաներ ծնվեցին: Ցանկացած ստեղծագործողի համար ամենամեծ երազանքը վերջին ստեղծագործությանը հասնելն է: Այսինքն` խոսքը երբեմն չի բավականացնում` ասելիքդ միջիցդ հանելու համար: Ռուբիկն էլ էր ասում` ուզում եմ վերջին խոսքս գրել, այսինքն` բոլորի մոտ այդ տպավորությունը կա, թե` մեկ է, այն, ինչ ուզում էի ասել, չհասցրի: Ինձ մոտ տպավորություն է, որ դեռ պետք է ասեմ այն, ինչ ուզում եմ ասել. ոչ մի գրվածք ինձ չի ամբողջացնում: Երևի թե դա ընթացք է, իսկ ես ընթացք շատ եմ սիրում:

 

Պետք է ժամանակն ընկալես որպես գործիք, ոչ թե` որպես նպատակ

Հավատն իմ կյանքում անընդհատ ուղեկցում է ինձ, բայց, հավատ ասելով, կրոնը նկատի չունեմ: Թող ինձ ներեն իմ կրոնապաշտ ընկերները, ես ինձ նրանց շարքը չեմ դասում: Երևի թե այդ ամենն իմ մեջ վերջացել է այն ժամանակ, երբ իմացել եմ, որ կյանքը բոլորի համար ժամանակավոր է: Իմ ռեժիսոր ընկերներից մեկը, երբ 19-20 տարեկան էինք, մի բան ասաց, որը շատ տպավորեց, ասաց` մարդու հրաշալի տարիքը վերջանում է 8 տարեկանում` ինքնաճանաչման փուլում: Հիմա մտածում եմ` կա'մ սկիզբն է սկսում այդ հրաշալի տարիքը կորցնելուց հետո, կա'մ վերջանում է այդտեղ ամեն ինչ: Եթե փուլերի բաժանեմ` իմ կյանքում ոչինչ չի փոխվել, քանի որ ես սիրում եմ ժամանակի հետ կռիվ տալ: Նույն այն «ես»-ը, որն առաջին դասարանում տեսել է առաջին դավաճանությունը, մինչև հիմա մնացել է նույնը: Շատ եմ ասել, որ մարդու ուղեղը զարգացման ենթակա է, սիրտը` ոչ, մարդկային արժեքը հնարավոր չէ զարգացնել` ոնց կա, այդպես էլ մնում է: Ժամանակի հետ հաշվի չնստելը սխալ է, բայց ժամանակին ենթարկվելն էլ է սխալ, պետք է ժամանակն ընկալես որպես գործիք, ոչ թե` որպես նպատակ:

 

Կոչումը, տիտղոսը մարդու տեսակի բարձրացման կամ իջեցման միջոց չեն

Չնչին բաներին ենք ուշադրություն դարձնում:  Կոչումը, տիտղոսը մարդու տեսակի բարձրացման կամ իջեցման միջոց չեն: Ես Արմենչիկին, որպես մարդ, շատ ընդունում եմ, անձամբ չեմ շփվել հետը, բայց շատ ընդհանուր ընկերներ ունենք: Ես այդ ժանրում երգողներին չեմ մեղադրում` մարդիկ փող են աշխատում: Այդ երգիչներից շատերը կարող են շատ լավ երգել, բայց երբ լավ են երգում, չեն կարողանում գումար աշխատել: Մարդս մարդ լինի, թե այդ մարդն ինչ տիտղոս կունենա, կարևոր չէ: Սովետական մոտեցում են կոչումները: Երբ տեսնում եմ, որ ելույթ ունենալուց առաջ կատարողը հանդիսավարին առաջինն իր տիտղոսն է թելադրում` երեք տողանոց, այդ մարդն իմ մեղքը գալիս է: Դու, ի վերջո, անուն-ազգանուն ունես, տիրոջից ու ծնողներիցդ պարգև, դրանից առավել էլ ի՞նչ կա: Ի վերջո, մեր խնդիրն այնքան մեծ է, որ ինչ-որ մեկի տիտղոսը քննարկելն անհեթեթություն է:

 

Սիրելու համար մեր խելքը մերը չի

Միշտ ասում եմ` մենք երկիր կդառնանք այն ժամանակ, երբ հայրենիքն ու պետությունը նույնանա: Ցավոք, դեռ նույնացած չի, որովհետև հայրենիքի համար զոհվում ենք, պետությանը` հայհոյում: Մեր մեջ կեղծ շփումը երբեք լավ օրի չի բերել, Ազգային ժողովի ճառերը որ նայում եմ, մտածում եմ` ախր, ես էդ մարդուն ճանաչում եմ և երբ իրեն հանդիպում եմ, նա այդպես չի խոսում: Այսինքն` մենք պետության մեջ սուտ ենք խաղում, անկեղծություն է պետք, որ սիրենք իրար, չէ՞ որ սիրելու համար մեր խելքը մերը չի:

 

Մենք ուզում ենք երկիրն ու հայրենիքը սիրելիս նույն բանը զգալ

Եթե մեզ մոտ արժևորվի մարդը, մարդկային հարաբերությունը, օրենքը մարդու համար գրվի, մենք ուժեղ պետություն կունենանք: Վարդան Պետրոսյանի հետ այնպես էին վարվում, կարծես մարդասպան լիներ: Դժբախտ դեպք է պատահել, հասկանում եմ, բայց Վարդանի հանդեպ վերաբերմունքը չեմ հասկանում, նրան բանտարկած պահելը չեմ հասկանում: Դեռ էն մարդիկ` երկրորդ կողմը, ցավ է տեսել, իրեն այդպես է պահում, բա դատապաշտպաննե՞րը, իրենք է՞լ նման կերպ են օրենք պաշտպանում: Մենք ուզում ենք երկիրն ու հայրենիքը սիրելիս նույն բանը զգալ: Օրենքը շատ կարևոր է, բայց դա պետք է ոչ միայն վերևների համար լինի: Միգուցե մեքենայի ամրագոտին ամրացնելը պարտադիր բան է, բայց պետք է հասնենք նրան, որ մարդը գիտակցաբար դա անի: Ոստիկաններն էլ հաստատ մեր անվտանգության համար չեն մտածում մեզ տուգանելիս, թեպետ նրանց մեջ շատ լավ տղերք կան:

 

Ես վախենում եմ էլիտարներից

Շատ ենք տուրք տալիս ձևականություններին: Վերջերս մի բան շատ է վրաս ազդում` ֆուրշետներ, որտեղ էլիտար խավ է հավաքված. ես այդ խավից վախենում եմ, փողոցի տղաների հետ ավելի հեշտ կշփվեմ, քան օսլայած, թանկարժեք օծանելիքի բուրմունքով անհասկանալի տղամարդկանց, որոնք մենակ ռուսերեն գիտեն: Նա ռուսերեն գիտի, բայց Ջիվանուն չգիտի: Սողունաբան ընկեր ունեմ, ով երբեք չի թողնում «սողուն» բառը վատ իմաստով օգտագործել, բայց ես ինքս էն լպրծուն մարդկանց, ում չեմ սիրում, սողուն եմ ասում. դրանց ոչ մի տեղից բռնել չի լինում` իրենք ու իրենց սուտ էլիտարիզմը:

 

Անհույս վիճակ լինում է, բայց անլույս չես կարող ապրել

Մարդու տեսակը պետք է միշտ նույնը մնա` անկախ ամեն ինչից: Լույս միշտ էլ կա, նույնիսկ ինքնասպանները, որ գնում են այդ քայլին ու վերջում որոշում են չանել դա, լույս են տեսնում: Լույս չեն տեսնում կյանքն ավարտած մարդիկ: Անհույս վիճակ լինում է, բայց անլույս չես կարող ապրել: Մեր լույսը մեր համախմբման մեջ է, բայց, ցավոք, մեր լույսը վառվում է այն ժամանակ, երբ սահմանին մութն է ընկնում: Մենք մենակ նեղության ժամանակ ենք համախմբվում, է, եթե ձևը գիտենք, եկեք` հիմա էլ համախմբվենք: Իրար սիրեք, լավ կլինի:

 

Կարինե Հարությունյան 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica