close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+8°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուս-ադրբեջանական հոգեբանական գրոհ` Հայաստանի դեմ

Հարթակ

13 Հոկտեմբերի 2015, 17:51
 Ռուս-ադրբեջանական հոգեբանական գրոհ` Հայաստանի դեմ

Մոտ մեկ շաբաթ առաջ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին, տեղեկացրին, որ Թուրքիան առաջիկայում ադրբեջանական բանակին մատակարարելու է 60 հատ AW129 տիպի ռազմական ուղղաթիռ` մոտ 3 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ: Խոսքը վերաբերում է դեռևս 2007թ. անգլո-իտալական համատեղ AgustaWestland ընկերության հետ Թուրքիայի կնքած գործարքին, որի համաձայն` ռազմական ուղղաթիռները նախատեսված են ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի բանակի համար: Սակայն ո'չ ադրբեջանական և ո'չ էլ թուրքական աղբյուրները չեն գրում, թե նոր համալրումն ինչ ժամկետների ընթացքում է իրականացվելու:

Երեկ ռուսական Rambler գործակալությունը տեղեկատվություն հրապարակեց, թե Ռուսաստանը և Ադրբեջանը փակ ռեժիմով բանակցություններ են վարում Ադրբեջանին ռուսական ռազմական ուղղաթիռների և զրահամեքենաների մատակարարման վերաբերյալ: Ընդ որում` որքան կարելի էր հասկանալ, բանակցությունները կայացել են միջկառավարական մակարդակով: Թե ի՞նչ քանակությամբ գնումների, կոնկրետ ի՞նչ ռազմատեխնիկայի մասին է խոսքը, չի նշվում: Սակայն ուշագրավ է, որ այս տեղեկատվության աղբյուրը թուրքական ուղղաթիռների դեպքում անհայտ է: Գործակալությունն ընդամենը նշում է, որ տեղեկատվությունը տրամադրել է ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի իր անանուն աղբյուրը:

Այնուամենայնիվ, տեղեկությունները մատուցվում են ճշմարտանման, որում դեր է կատարում երեք հիմնական հանգամանք: Առաջինն այն է, որ թե' Թուրքիան և թե' Ռուսաստանը Ադրբեջանի սպառազինման հիմնական աղբյուրներն են, և ուղերձն այն է, որ դրանում որևէ տարօրինակ բան չպետք է տեսնել: Երկրորդ` եթե թուրքական աղբյուրների դեպքում ամեն ինչ հասկանալի է, ապա ռուս-ադրբեջանական հերթական թաքուն գործարքի մասին տեղեկատվության հեղինակը հենց ռուսական աղբյուր է, ինչը նշանակում է, որ ռուսական կողմն է շահագրգռված նման տեղեկատվական արտահոսքի ապահովման մեջ: Եվ երրորդ` երկու գործարքների դեպքում էլ խոսքը վերաբերում է ռազմական ուղղաթիռների ձեռք բերմանը, այսինքն` դրանք հաստատում են միևնույն իրողությունը, այն է`ռազմաօդային արսենալը մեծացնելու և այս հարթության մեջ ուժային բալանսը կտրուկ իր կողմը թեքելու` Բաքվի մարտավարությունը:

Չի բացառվում, որ գործ ունենք ռուսական և ադրբեջանական որոշակի շրջանակների կողմից հետևողականորեն իրականացվող տեղեկատվական մանիպուլյացիայի հետ, որի նպատակն է Հայաստանին ենթարկել տեղեկատվական-հոգեբանական էքսպանսիայի` հարուցելով անպաշտպանվածության խորը զգացում և դրանից բխող խուճապային տրամադրություններ: Տեղեկատվական այս հոսքերի մանիպուլյատիվությունն ապահովում է հատկապես դրանում ռուսական կողմի անթաքույց մասնակցությունը: Այն դրսևորվում է երկու ձևով: Նախ` ակնհայտ է, որ եթե Մոսկվայում չցանկանային, որ Ադրբեջանի հետ հնարավոր նոր ռազմական գործարքի մասին հայտի դառնար, ապա տեղեկատվական արտահոսք չէր լինի: Դրա նախադեպը կա: Երկու տարի առաջ ռուս-ադրբեջանական` 4 մլրդ դոլար արժողությամբ գործարքի մասին, որի շրջանակներում Ադրբեջանին վաճառվեց հարձակողական ժամանակակից զինտեխնիկա, հայաստանյան հասարակությանը հայտնի դարձավ միայն դրա փաստացի ավարտական փուլում: Եվ ահա, փաստորեն, Ռուսաստանը հասկանալի է դարձնում, որ, անկախ իր ռազմավարական դաշնակիցը համարվող Երևանից հնչող դժգոհություններից, պատրաստվում է նրա թիկունքում սպառազինության նոր խմբաքանակ մատակարարել Ադրբեջանին:

Երկրորդ` տեղեկատվական այս արտահոսքը թույլ տրվեց թուրքական ուղևորատար ռազմական ուղղաթիռների կողմից երկու օր իրար ետևից Արմավիրի մարզի շրջանում Հայաստանի պետական սահմանը հատելու արտառոց միջադեպի և դրա շուրջ ԱԳՆ-ի, ՊՆ-ի և ԱԱԾ-ի դրսևորած լռության ֆոնին: Հայ-թուրքական սահմանագծի պաշտպանությունը, ինչպես հայտնի է, վերապահված է ռուսական սահմանապահ ուժերին և հայ-ռուսական համատեղ հակաօդային պաշտպանության համակարգին: Դատելով ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի կողմից միջադեպի վերաբերյալ տված պարզաբանումներից` թուրքական կողմին սահմանը խախտելու մասին զգուշացումը հայտնել են ոչ թե ռազմական, այլ քաղաքացիական ավիացիայի դիսպետչերները, ինչը նշանակում է, որ ո'չ ռուսական սահմանապահ ուժերը, ո'չ էլ ՀՕՊ համակարգը փաստացի չեն կատարել իրավիճակից բխող իրենց գործառույթները: Ո՞րն է նման անգործության պատճառը, չի մեկնաբանվում: Բայց փաստ է, որ դրա հետևանքով հասարակության մոտ Հայաստանի օդային տարածքի անխոցելիության և պաշտպանվածության նկատմամբ առաջացել է անվստահություն այն դեպքում, երբ դա երբևէ կասկածի տեղիք չէր տվել:

Թե ինչո՞ւ է ռուսական կողմը շահագրգռված Հայաստանում նման տրամադրություններ արմատավորելու մեջ, թերևս բացատրվում է վերջին շրջանում տնտեսական, ռազմական և քաղաքական ոլորտներում ռուս-ադրբեջանական աննախադեպ մերձեցմամբ: Ռուսաստանն սկսել է հանդես գալ միջազգային արենայում անհայտորեն մեկուսացվող Ադրբեջանի հովանավորի դերում: Երեկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը չափազանց կոշտ քննադատության է ենթարկել միջազգային այն կազմակերպություններին, որոնք հրաժարվել են դիտորդներ ուղարկել Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Իսկ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռագոզինը նախօրեին հայտարարել է, թե Ադրբեջանը Ռուսաստանի ամենաարդյունավետ գործընկերն է: Թերևս տեղին է հիշել, որ այս ամսվա սկզբին Նյու Յորքում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ի պատասխան հարցի, թե որքանո՞վ է հնարավոր Ադրբեջանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը, հայտարարել էր. «Երբեք մի ասա` երբեք»:

Ինչպես կարելի է հասկանալ այս միտումներից, Բաքուն և Մոսկվան, կարծես, սկսել են այդ հարթությունում ընդհանուր լեզու գտնել: Իսկ դրա հիմնական խոչընդոտը ԼՂ հարցում առկա ստատուս քվոն է և հայկական դիվանագիտության բացակայության պայմաններում այդ ստատուս քվոն պաշտպանող հայկական բանակը: Թերևս հենց այդ ոգին ջարդելու, զիջումների անխուսափելիության պատրանք ստեղծելու համար էլ, ըստ ռուսների տրամաբանության, Հայաստանում պետք է տեսնեն, թե որն է Մոսկվայի` դե ֆակտո ստրատեգիական գործընկերը տարածաշրջանում:

 

Գևորգ Աղաբաբյան

Ազգային ժողովի նիստն` ուղիղ
21 Նոյեմբերի 2018, 11:03 HES_VIDEOԱզգային ժողովի նիստն` ուղիղ
Անարմատ ծիլեր
20 Նոյեմբերի 2018, 22:02 Անարմատ ծիլեր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica