close
Եղանակը Երևանում
13 Հուլիսի 2020
+18°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թիթեռնիկով շորիկը

Հարթակ

12 Հոկտեմբերի 2015, 17:47
 Թիթեռնիկով շորիկը

Երեկ Էրեբունի-Երևանն էր: Տոնական օրերին սիրում եմ դուրս գալ քաղաք ու նայել մարդկանց, նայել մարդկանց ուրախությանը` մեկօրյա ուրախությանը:

«Վերնիսաժ»-ի մոտով էի անցնում. վաճառողներն էլ էին ուրախ, ավելի ճիշտ` լավ առևտուր անելու հույսով:

Օրվա սկիզբն էր, բայց շարժման պակաս չէր զգացվում: Երեկ վաճառողներն անգամ ավելի ներողամիտ էին, քան ուրիշ օրերի` իրար տեղ էին տալիս, օգնում, որ մյուսն իր ապրանքները դասավորի, մեկը մյուսի համար թերմոսից սուրճ էր լցնում, քաղցրավենիք առաջարկում: Օրվա սկիզբն էր, բայց որոշները հասցրել էին արդեն առաջին գնորդին ճանապարհել` դեռ սեղանիկը նորմալ չդասավորած էլ:

Արծաթեղեն վաճառող տղամարդկանցից մի քանիսը սուրճով Երևանի կենացն էին խմում, ձեռքի հետ Արգիշտի թագավորին էլ հիշեցին: Մեկն ասաց, թե` «բա հիմա մի թագավոր չունենայինք»: Հետո հիշեց` այսօր լավ առևտուր է սպասվում, ու միանգամից խոսքը փոխեց. «Սենց էլ մնա, էլի լավ ա»…

Հին-մին հագուստ վաճառող մի նոր` սպիտակամազ կին էր հայտնվել. սկզբում արդեն այդ գործում փորձառու կանայք ընդդիմացան, թե` «էստեղ ամեն մեկն իր տեղն ունի, հո խցկվելով չի՞»: Հետո խղճների վրա ազդեց կնոջ հուսահատ հայացքը` դրան գումարած իրենց բարձր տրամադրությունն ու տոնական օրը, հա, մեկ էլ լավ եղանակը. կանայք ամեն մեկն իր «տարածքից» մի քանի սանտիմետր այս ու այն կողմ գնացին ու կնոջն իրենց մեջտեղում տեղավորեցին:

Գլխարկ, պայուսակ վաճառող կանանցից մեկը հուզված էր` տղային բերել էր, որ իրենցից մի քանի սեղանիկ այն կողմ գտնվող վաճառողուհիներից մեկին տեսնի: Ոնց որ թե տղան էլ հավանել էր աղջկան:

Փողոցի մայթեզրին նստած` մեծ-մեծ խուճուճներով 4-5 տարեկան մի փոքրիկ կար, բարձր ձայնով տզտզում էր, բայց չէր հասկացվում` ի՞նչ է ասում: Մոտեցա նրանց «սեղանիկին»` հագուստեղեն էր, մանկական օգտագործված հագուստ:

Երեխան լացում էր.

-Մա՜մ, ա՜յ մամ, էն թիթեռնիկով շորիկս մի ծախի, էլի՜…

Երևի երեխան վաղուց էր լացում, մայրն արդեն ուշադրություն չէր դարձնում, և այն շապիկները, որոնք ավելի թարմ տեսք ունեին, խնամքով առաջին շարքում էր դնում:

Հենց մոտենա նրանց, երեխան դադարեց լացել: Աչքերը կլորացրել, շրթունքները հավաքել, կենտրոնացած ու լարված սպասում էր` ինչ եմ ընտրելու:

Մանկական մի զգեստ կար` սպիտակ` թևերի վրա թիթեռներ ասեղնագործած: Մի քանիսի գինը հարցրի, հետո` թիթեռներովինը:

-1000 դրամ, 800-ով կտամ:

Աղջնակը մոր փեշը քաշեց, ուզում էր լացել, բայց մայրը հանդիմանական հայացքով նայեց երեխային, նա էլ գնաց-նստեց մայթեզրին` արցունքները հոսում էին, բայց ձայն չէր հանում:

Մի երկու բան «ընտրեցի»` հետն էլ թիթեռներով զգեստը. ամբողջն իրար հետ 2500 դրամ կազմեց: Որպես նվեր` կինն իր գործած բռնիչներից մեկն ինձ նվիրեց: Հեռանալիս երեխայի հայացքն էի ուզում որսալ, բայց չէր նայում մեր ուղղությամբ, լուռ լալիս էր:

800 դրամ` խուճուճներով երեխայի երջանկությունն արժեր 800 դրամ: Էրեբունի-Երևանն էր, դրսում լիքը երեխաներ` թուշիկներին եռագույն ներկած, փուչիկներով, ադի-բուդիներով, շաքար-բամբակներով, պսպղան աչուկներով երեխաներ: Երեխաներ, որոնց գեղեցիկ հագցրել-կապել, ծնողները բերել էին զբոսանքի ու անընդհատ նկարում էին:

***

Մոտակա խանութից մի քիչ քաղցրավենիք եմ գնում, թիթեռներով զգեստը դնում դրանց հետ ու վազում «Վերնիսաժ»: Երեխան մայթեզրին նստած է, բայց չի լացում, անտարբեր հայացքով նայում է իրեն սիրաշահել փորձող մորը: Տոպրակը տալիս եմ երեխային ու հետ շրջվում: Մի քանի քայլ հետո մեկը պայուսակիցս կախվում է. խուճուճներով աղջիկն է` թիթեռներով զգեստը ձեռքին:

-Հագնե՞մ նայես` ինչ սիլուն ա:

***

Երեկոյան, երբ տուն վերադարձա, պայուսակիս միջից ճմրթված 1000 դրամանոց գտա. մինչ երեխային զգեստն էի հագցնում, մայրն էր դրել պայուսակիս մեջ:

***

Ի դեպ, Էրեբունի-Երևանի տոնակատարությունն անցկացնելու համար պետբյուջեից 130 մլն դրամ էր տրամադրվել` մասնավոր հատվածի ներդրումները չհաշված:

 

Կարինե Հարությունյան

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica