close
Եղանակը Երևանում
13 Հուլիսի 2020
+18°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամեն բան լավ է լինելու, բայց ամեն բան լավ չէ

Հարթակ

1 Հոկտեմբերի 2015, 13:00
 Ամեն բան լավ է լինելու, բայց ամեն բան լավ չէ

Ի՞նչ է նշանակում` «ամեն բան լավ է լինելու» պնդումը: Նախեւառաջ այն, որ հիմա ամեն բան լավ չէ: Օրինակ` Հայաստանում աղիքային հիվանդություններն աճել են 47,6 տոկոսով, ինչը նշանակում է, որ մեզանից շատերը լավ չեն սնվում, իսկ քչերն էլ շատ են սնվում:

Ես չգիտեմ, թե ի՞նչ կապ ունի աղիքային հիվանդությունների աճը արտագաղթի տոկոսի աճի հետ, բայց վստահ եմ, որ շատերն արտագաղթում են, որովհետեւ ցանկանում են լավ սնվել: Ընդ որում` սնվել գործողությունը պետք չէ ընկալել որպես վիրավորանք, քանի որ բոլորս էլ, խոսքը մեր մեջ, ցանկանում ենք լավ սնվել: Ոմանց մոտ հաջողվում է, քչերի մոտ այստեղ է հաջողվում: Հենց այդ պատճառով էլ շատերն ուզում են գնալ այստեղից, հա, այստեղը մեր երկիրն է, որից մենք երկու հատ ունենք, ի տարբերություն, օրինակ` ամերիկացիների:

Ի դեպ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ի 70-րդ գագաթաժողովում ունեցած իր ելույթում հայտարարեց. «Երկրների հզորությունը որոշվում է բնակչության բարեկեցության մակարդակով»: Այսինքն` որքան բարեկեցիկ է տվյալ երկրի բնակչությունը, այնքան հզոր է տվյալ երկիրը: Ճիշտ է, Օբամայի այս խոսքերից հետո, օրինակ, նորվեգացիները կարող են իրենց երկիրը ԱՄՆ-ից ավելի հզոր համարել, բայց դա այլ խոսակցության թեմա է: Կարեւորն այստեղ երկրի հզորության բանաձեւն է:

Եթե մենք ուզում ենք, որ ամեն բան լավ լինի, պետք է բարեկեցիկ ապրենք, այսինքն` լավ սնվենք, իսկ սնվելիս ուտենք այն, ինչը ուզում ենք, ոչ թե այն, ինչը ստիպված ենք: Այս կապակցությամբ մի պատմություն կա. ամեն օր վերմիշելի փլավ ուտող ընտանիքում փոքրիկ տղան հարցնում է հորը. «Պա'պ, ինչո՞ւ ենք մենք ամեն օր վերմիշել ուտում, իսկ հարեւան Գեղամ ձյաձյայենք` միս»: Հայրը պատասխանում է. «Որովհետեւ Գեղամ ձյաձյայենք վերմիշել չունեն»: Սա եւս բանաձեւ է, երբ կարողանում ես ստիպված կատարած գործողությունդ ներկայացնել որպես քո իսկ կողմից ընտրված գործողություն:

Հիմա մենք ունենք երկու տարբերակ` կա'մ կենտրոնանում ենք այն ամենի վրա, ինչն ուրիշները ունեն, իսկ մենք` ոչ, կա'մ կենտրոնանում ենք այն ամենի վրա, ինչը մենք ունենք, ուրիշները` ոչ: Եթե ընտրում ենք առաջին տարբերակը, ապա ամեն բան լավ է լինելու, իսկ եթե երկրորդը, ուրեմն ամեն բան արդեն լավ է:

Բայց մի խնդիր կա, պետք է գտնել գոնե մեկ բան, ինչը մենք ունենք, իսկ ուրիշները` ոչ, բացի, իհարկե Ցեղասպանությունից, չնայած դա էլ միայն մերը չէ: Կա՞, արդյոք, այդպիսի բան, եւ մի՞թե հենց նման բան չունենալը չի ապացուցում, որ ամեն բան լավ չէ: Բայց, իհարկե, ամեն բան լավ է լինելու... հեռուստացույցով են ասում:

Հովիկ Աֆյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica