close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2018
+9°
+12°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2018
USD1487.27
GBP1622.97
EUR1549.69
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ֆիզիկական արատով ծնված երեխային ծնողները հետ են վերցրել մանկատնից

Բլոգեր

29 Սեպտեմբերի 2015, 15:30
 Ֆիզիկական արատով ծնված երեխային ծնողները հետ են վերցրել մանկատնից

«Բարի մամա» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Մարինա Ադուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ փոքրիկ Ռաֆայելին, ով ծնվել էր առանց ձեռքի թաթերի, ծնողները մանկատնից հետ են վերցրել:

Ադուլյանը գրում է.«Ամենաերկար, սպասված, ամենաերջանիկ լուրը` փոքրիկ Ռաֆայելը, ով ոչ պրոֆեսիոնալ լրագրողների թեթև ձեռքով ստացավ «առանց վերջույթների փոքրիկ» մականունը, արդեն տանն է՝ մայրիկի և հայրիկի ջերմ ու ապահով գրկում:
Երջանկություն է գիտակցել, որ այս հեքիաթի մեջ «Բարի մաման» ունեցել է իր մեծ դերը՝ ցուցաբերելով հոգեբանական աջակցություն Ռաֆայելի՝ շուրջ մեկ տարի տանջվող և իրենց ոչ մի կերպ չներող ծնողներին:

Վերջապես ամեն ինչ ընկավ իր տեղը: Եվ զուր էին բժիշկների և վատը կամեցող մարդկանց ջանքերը: Ի վերջո փոքրիկը վերադարձավ ընտանիք:

Երբ Ռաֆուլը ծնվեց, երբ ծնողներին այդքան կարևոր էր զգալ, որ իրենք միայնակ չեն և կարող են հաղթահարել այս փորձությունը, օգնելու փոխարեն բժիշկները հորդորել են թողնել երեխային՝ բացատրելով, որ իրենք չեն կարող հոգ տանել փոքրիկի մասին: Երբ մայրիկն անգիտակից վիճակում էր, իսկ հայրիկը իրեն անզորությունից կորցրել էր, Հիպոկրատի երդում տված մարդիկ հորդորում էին գնալ ամենավատ քայլին: Ցավոք, սա է հայ իրականությունը: Եվ մանկատներում հայտնված երեխաների դառը ճակատագրի մեջ իրենց ահռելի լուման միշտ ունենում են բժիշկներն ու բուժանձնակազմը:
Հետո փոքրիկի ծնողները մեկնել են Ռուսաստան բուժվելու: Այդպես էլ չիմանալով, թե ինչ աղմուկ է բարձրացել: Սակայն երբեք իրենց չեն ներել և անընդհատ մտածել են Ռաֆայելի մասին: 

Վերադառնալուն պես գնացել են մանկատուն, որ տեսնեն փոքրիկին: Նրանց ներս չեն թողել: Եվ հուսահատված ծնողները մտածել են, թե այլևս ոչինչ չեն կարող անել, որ իրենց մնում է միայն համակերպվել և երբեք հանգիստ չունենալ հոգեկան մտորումներից: 

Իսկ հետո իրենց կյանքում հայտնվեց «Բարի մաման»: Արդյունքում ուշացումով եղավ այն, ինչ հնարավոր չէ այլևս փոխել: Այս պահին Ռաֆայելը վայելում է մայրական քնքշանքը, ջերմությունն ու սերը:

«Բարի մամայի» ստեղծման պատճառ դարձած հրաշքն արդեն տանն է: Այս մասին կարելի էր միայն երազել: Երևի թե զուր չէր այս ամենը: Փոքրիկն իր մեծ լուման ունեցավ մեր կազմակերպության ստեղծման մեջ, ծնողներն այժմ հասկանում են, թե ինչից էին զրկվել: Իսկ նրանց երջանկությանը նայելով՝ գուցե էլի ընտանիքներ միավորվեն: Գուցե լինեն ծնողներ, որոնք տանջվում են: Մենք կարող ենք օգնել: Դիմեք մեզ:

Հարգելի լրագրողներ, ուզում ենք տեղեկացնել, որ փոքրիկի հետ կապված յուրաքանչյուր հարցին իրավասու է պատասխանել միայն «Բարի մամայի» PR բաժինը: Իսկ յուրաքանչյուր անձ, ով կփորձի այս պահին խանգարել Ռաֆայելի ընտանիքի անդորրը՝ կպատժվի օրենքով, քանի որ իրենք այժմ գտնվում են իրավապահ մարմինների հսկողության տակ, որպեսզի կարողանան վայելել այսքան սպասված երջանկությունը և լրացնել մեկ տարվա բացը: 
Երջանկությունն այնքան մոտ է... Պետք է պարզապես գնահատել այն, ինչ տալիս է ճակատագիրը:

Միայն ես գիտեմ, թե որքան եմ լացել, անզորությունից ոռնացել, ամեն անգամ նրան տեսնելուց հետո եկել տուն, դատարկությունից գժվել...
Քանի անգամ եմ Ռաֆին գրկել ու իրան ասել, որ երբեք մենակ չեմ թողնի, որ միշտ կպաշտպանեմ իրեն...

Մեկ-մեկ գնում էի մանկատուն ու իր մոտ չէի մտնում, որ հետո չնեղվեմ: Ուղղակի հարցնում էի, թե ինչպես է իրեն զգում... Որ ուղեղս սթափ լինի ու կարողանամ իրեն օգնել: Ու ամեն գրկելուց ավելի ու ավելի էի մոտենում նրան որդեգրելու քայլին: Որոշել էի, որ եթե մինչև 3 տարեկան իրեն չտանեն, ես արդեն թղթերով դառնամ իր բարի մաման: 

Բայց արի ու տես...Ճակատագիրն միշտ իրենն է ասում: Աստված վկա, թե ինչ երջանիկ եմ, որ պստոն իր մամայի գրկում է: Որ իրենք հիմա երջանիկ եմ միասին:

Արդեն 4 շաբաթ է, ինչ Ռաֆին չեմ տեսել: Ահավոր անսովոր ա: Մի տեսակ դատարկ ա մեջս, չնայած ուրախ եմ:
Կարծես հեքիաթի մեջ լինեմ:

Ու հիմա Ռաֆի բարի մամայի ստատուսից անցա մի նոր ստատուսի: Դեռ պարզ չէ, թե ինչ դեր եմ խաղալու նրա ճակատագրի մեջ այսուհետ: Բայց էլի եմ ասելու...

Ռաֆս, ես միշտ քո հետ կլինեմ: Թեկուզ կողքից...

Սիրում եմ քեզ աշխարհի չափ»:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica