close
Եղանակը Երևանում
24 Նոյեմբերի 2017
+1°
+3°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Նմբ 2017
USD1483.99
GBP1645.01
EUR1574.40
RUB18.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վտանգավոր իրավիճակ՝ հղի անվերահսկելի գործընթացներով

Հարցազրույց

28 Սեպտեմբերի 2015, 15:42
 Վտանգավոր իրավիճակ՝ հղի անվերահսկելի գործընթացներով

Yerkir.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը:

-Անցած շաբաթվա վերջին իրավիճակի լարվածությունը սահմանին ակնհայտ էր: Նախ` Ադրբեջանը նպատակաուղղված սպանում է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գյուղի երեք բնակչի, մի քանիսը վիրավորվում են: Հաջորդ օրն արդեն հրետակոծում է ԼՂՀ զինվորական ստորաբաժանումները, ինչի պատճառով զոհվում է 4, վիրավորվում 16 զինծառայող: Ո՞րն է Ադրբեջանի մտադրությունը: Սա Ադրբեջանում կայանալիք առաջիկա ընտրություններով միայն պայմանավորելը արդյո՞ք միամտություն չէ: Ինչի՞ է ձգտում հակառակորդը, եւ գուցե միամիտ հարց է՝ բայց ինչո՞ւ` հիմա:

-Չեմ կարծում, որ Ադրբեջանի իշխանությունները, զուտ ընտրական գործընթացներով պայմանավորված, հրթիռային կայանքների և ծանր հրետանու կիրառման կգնային: Ի վերջո, եթե իշխանությունը «ուժեղ Ադրբեջան» ցույց տալու անհրաժեշտություն ուներ, ապա դա կարող էր անել «ավանդական մեթոդներով»՝ դիվերսիոն խմբեր, դիպուկահարներ, ծանր գնդացիրներ և այլն: Միայն ընտրություններում հաջողություն գրանցելու ու «Հաղթանակած իշխանություն» խորագրով քարոզարշավ խաղալու համար Ադրբեջանը նման կտրուկ քայլի չէր գնա: Ինչո՞ւ հենց հիմա. Ադրբեջանն ակտիվանալու համար ընտրել էր այն ժամանակահատվածը, երբ սահմանամերձ տարածքներում բերքահավաք էր: Սրանով Ադրբեջանը ոչ միայն փորձում է մարդկանց զրկել օրվա ապրուստից, այլև դրդել հեռանալ սահմանամերձ տարածքներից: Սահմանամերձ համայնքները պաշտպանական համակարգի կարևոր բաղադրիչ են, և դրանով Ադրբեջանը փորձում է թուլացնել ու խոցելի դարձնել այդ համակարգը: Մյուս կողմից` այն քայլերը, որոնք Ադրբեջանը մինչ այս կիրառում էր Հայաստանի ու Արցախի նկատմամբ` կիրառվող զինանոցի պայմաններում, նպատակին չէին ծառայում:

-Նախագահ Սերժ Սարգսյանի վերջին կոշտ հայտարարությունը տարբեր կերպ մեկնաբանվեց, մանավանդ` «Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են» հատվածը: Արդեն հայտնի է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հասցրել է այն յուրովի մեկնաբանել: Ձեր մեկնաբանությունը, ի՞նչ էր ցանկանում ասել նախագահը:

- Հայաստանն ու Արցախը անվտանգության համակարգի միևնույն տիրույթում են և ցանկացած սպառնալիքի դեպքում հանդես են գալիս որպես մեկ ամբողջական բռունցք: Չեմ կարծում, թե դա նորություն էր Ադրբեջանի համար: Երկրորդ` Ադրբեջանն իր յուրովի մեկնաբանություններում հղում էր կատարել միջազգային իրավունքին: Այս սկզբունքներին հղում անողը պետք է հարգի դրանք, իսկ եթե Ադրբեջանում միջազգային իրավունքի նկատմամբ հարգանք լիներ, ապա նրանք երբեք խաղաղ բնակիչների ու բնակավայրերի ուղղությամբ հարվածներ չէին իրականացնի:

-Ի՞նչ տվեցին Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումները, Նալբանդյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի եւ ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է սահմանային իրավիճակը, ներկայացրել Ադրբեջանի ագրեսիան, բայց, գոնե ըստ պաշտոնական հաղորդագրությունների, ակնհայտ է, որ միջազգային հանրությունը չի փորձում միջամտել իրավիճակի լարվածությանը: Ինչո՞ւ, մի՞թե այս բարդ ժամանակներում աշխարհը թույլ կտա, որ մեր տարածաշրջանում էլ իրավիճակը դառնա պատերազմական:

- Այս հանդիպումների արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել որոշ ժամանակ անց, երբ ժամանակային առումով վերլուծության կենթարկվի Ադրբեջանի ակտիվության դինամիկան: Ամեն դեպքում` միջնորդների որոշ առաջարկներ, ակտուալության տեսանկյունից, երկրորդ պլան են մղվել, օրինակ՝ դիպուկահարներին առաջին գծից դուրս բերելը, որովհետև ներկայումս առաջնային խնդիր է ծանր հրետանու ու հրթիռային կայանքների կիրառումը: Իսկ հետաքննության մեխանիզմի ներդրման գաղափարն անորոշ է նախևառաջ այն տեսանկյունից, թե քայլեր են հետևելու հրադադարի ռեժիմը խախտած կողմի նկատմամբ: Փաստացի, առանց հետաքննության համակարգ սահմանելու, միջնորդների համար պարզ է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմի կանոնները, կան զոհեր, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում: Ո՞րն է միջնորդների կամ, առհասարակ, ԵԱՀԿ-ի դերակատարությունը: Կան ակնհայտ փաստեր և դեռևս ոչինչ չասող հայտարարություններ, որոնք որևէ կոնկրետ քայլի չեն հանգեցրել: Այս տեսանկյունից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է փոփոխությունների ենթարկվի, ինչու չէ՝ վերաիմաստավորվի, բովանդակային փոփոխությունների ենթարկվի, այլապես` Ադրբեջանի համառ ջանքերով նրանց գլխավոր առաքելությունը կձախողվի:

-Հայաստանի ՊՆ-ն աննախադեպ կոշտ հայտարարությամբ հանդես եկավ` ասելով, որ հակառակորդին լռեցնելու, նրա գործողությունները կանխարգելելու և դրանով իսկ բանակցային գործընթացին աջակցելու նպատակով ՀՀ զինված ուժերի կողմից այսուհետ օգտագործվելու են հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ: Դանակը ոսկորի՞ն է հասել, թե՞…

-Պաշտպանության նախարարությունն իր հայտարարությամբ մեկ անգամ ևս զգուշացնում է, որ իր գլխավոր խնդիրը կատարելիս պատրաստ է կիրառել այնպիսի միջոցներ, որոնք կչեզոքացնեն Հայաստանին ու Արցախին ուղղված ցանկացած սպառնալիք: Դա անվանեք «դանակը ոսկորին հասնել» կամ մեկ այլ բան, փաստ է, որ գործընթացը վերահսկողությունից դուրս գալու իրական ռիսկեր է պարունակում, որի պարագայում զինված ուժերը համապատասխան գործողություններ են նախապատրաստում:

- Եվ այս օրերին ամենահաճախ հնչող հարցը՝ կլինե՞ն լայնամասշտաբ ռազմական գործողություններ…

- Համոզված եմ, որ զինված ուժերը պատրաստ են իրավիճակի զարգացման տարբեր սցենարների: Այս տարիների ընթացքում բանակն անընդհատ կատարելագործվել է, պատրաստվել հնարավոր պատերազմին: Իսկ երբ Ադրբեջանը փորձում է իրավիճակ փոխել, դրան համապատասխան, բանակը սկսում է գործել տվյալ իրավիճակի տրամաբանությամբ, ինչը ենթադրում է նաև ծանր տեխնիկայի կիրառում: Սա ինքնին վտանգավոր իրավիճակ է ստեղծում՝ հղի անվերահսկելի պրոցեսներով:

Թունավորում Ծիլքարում
24 Նոյեմբերի 2017, 15:11 Թունավորում Ծիլքարում
ՀՄԸՄ-ի շաբաթ՝ Հայաստանում
24 Նոյեմբերի 2017, 11:33 ՀՄԸՄ-ի շաբաթ՝ Հայաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica