close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+22°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սահմանին մենք մենակ ենք ադրբեջանցիների դեմ

Հարթակ

28 Սեպտեմբերի 2015, 15:28
 Սահմանին մենք մենակ ենք ադրբեջանցիների դեմ

Եթե անգամ Հայաստանը մի գիշերվա մեջ որոշում կայացնի դուրս գալ ԵՏՄ-ից էլ, ԱՊՀ-ից էլ, ՀԱՊԿ-ից էլ եւ մտնի ԵՄ ու ՆԱՏՕ, ապա, միեւնույն է, հայ-ադրբեջանական սահմանին /իսկ, որ ասում ենք` հայ-ադրբեջանական սահման, ղարաբաղա-ադրբեջանական սահմանն էլ դրա մի հատվածն է/ միայնակ է լինելու, ինչպես հիմա է միայնակ:

Ինչպես ղազախներն ու տաջիկները, այնպես էլ հույներն ու ֆրանսիացիները չեն գալու` կանգնեն մեր սահմանին եւ մեր զինվորների կողքին չեն մարտնչելու հանուն Հայաստանի եւ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի: Ոչ թե, որովհետեւ Ադրբեջանն այս հակամարտության մեջ, ոմանց կարծիքով, ամուր դիրքեր ունի, այլ, որովհետեւ այս հակամարտությունը կենսական ազդեցություն չունի աշխարհի եւ ոչ մի ժողովրդի համար, բացի մեզանից եւ ադրբեջանցիներից, նաեւ` թուրքերից, անշուշտ:

Եվ որքան շուտ մենք սա հասկանանք, այնքան շուտ կդադարենք որեւէ բան պահանջել… Ենթադրենք` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից: Ի դեպ, այս խմբի համանախագահության մասին. ըստ մանդատի` Մինսկի խմբի համանախագահները իրավասու չեն լուծել ԼՂ հակամարտությունը, այս խումբը ստեղծվել է բացառապես մեկ առաքելությամբ` մոտեցնել հակամարտ կողմերին խնդրի լուծմանը, այլ կերպ ասած` ներկայացնել առաջարկություններ եւ փորձել ստանալ այդ առաջարկությունների վերաբերյալ հակամարտ կողմերի հավանությունը:

Մինչեւ հիմա չի եղել մի առաջարկություն, որ բոլոր կողմերի հավանությանն արժանանա, բայց սա ոչ թե, որովհետեւ Մինսկի խմբի համանախագահներն են շատ վատ աշխատում, այլ, որովհետեւ Ադրբեջանի համար Արցախը «օկուպացված» է, մեզ համար` հայրենիք: Այս համատեքստում առնվազն անիրատեսական է պահանջել Մինսկի խմբի համանագահներից` լուծել հակամարտությունը` օրինակ` միակողմանի հայտարարություններ անելով /սկզբի համար/:

Բանն այն է, որ այն օրը, երբ Մինսկի խմբի համանախագահները կանեն միակողմանի հայտարություն, այդ խումբը կարելի է փակել, քանի որ քննադատվող կողմը կարող է հանգիստ հայտարարել, որ միջնորդները /իսկ Մինսկի խմբի համանախագահները հենց միջնորդներ են/ ցուցաբերում են կողմնակալ վերաբերմունք, եւ ինքն այլեւս չի վստահում այդ խմբին: Մենք սա՞ ենք ուզում: Եթե` այո, ապա կասե՞ք, թե ինչպե՞ս ենք պատկերացնում ԼՂ հարցի շուրջ բանակցությունների հետագա ձեւաչափն ու ընթացքը: Ասենք` Հայաստանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն եւ Ադրբեջանը պետք է առանց միջնորդների՞ բանակցեն, ուղի՞ղ: Կկարողանա՞նք, փոխադարձ ատելության գերմակարդակը թույլ կտա՞: Կամ` թույլ կտա՞ն, արդյոք, աշխարհի գերտերություննները առանց իրենց ներկայության լուծել մի հարց, որից շատ բան է կախված միջազգային քաղաքականությունում` ուժերի վերադասավորման առումով:

Իսկ գուցե մենք դժգոհ ենք Մինսկի խմբի համանախագահների ա՞յս կազմից, որին, ի դեպ, Իլհամ Ալիեւն անվանում է` «Հայաստանի բարեկամներ»: Այդ պարագայում կասե՞ք, թե ի՞նչ կազմ ենք ուզում: Օրինակ` Մինսկի խմբի անդամներ են նաեւ Իտալիան, Գերմանիան, Թուրքիան… Հիմա ո՞րն է ավելի լավ մեզ համար` Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա՞, թե՞ Իտալիա, Գերմանիա, Թուրքիա:

Ինչ վերաբերում է Մինսկի խմբից դուրս միջազգային հանրությանը, ապա այս հասցեով մեր պահանջներն առնվազն տարօրինակ են երկու պատճառով: Նախ` միջազգային հանրությունը, ենթադրենք` Չինաստանը կամ Բուլղարիան, կամ Արգենտինան, կամ Պորտուգալիան, էլ չենք խոսում` Հունաստանի, Վրաստանի, Ուկրաինայի մասին, իրենց խնդիրներն ունեն, ընդ որում` այդ խնդիրները նրանց համար նույն կենսական նշանակությունն ունեն, ինչ մեզ համար Ղարաբաղը: Ուրեմն աշխարհի ոչ մի երկիր այդքան ռեսուրս չունի, որպեսզի միջամտի Ղարաբաղյան հակամարտությանը, եւ այդքան ժամանակ չունի` այս հակամարտության պատմությանը ծանոթանալու եւ գնահատականներ տալու համար: Երկրորդ` մենք երբեք չենք միջամտել այլ երկրների խնդիրներին, մենք անգամ չգիտենք, թե երբ Սիրիայում կրակում են, ապա առաջինը կրակում են իսլամիստնե՞րը, թե՞ նախագահ Ասադին հավատարիմ զորքը, հետեւաբար` մենք երբեք գնահատականներ չենք տալիս միջազգային այս կամ այն հակամարտության վերաբերյալ, եթե, իհարկե, այդ գնահատականը, ինչպես, օրինակ, Ղրիմի հարցով, մեզանից չի կորզում Ռուսաստանը:

Հիմա` ինչպե՞ս եւ ինչո՞ւ ենք պահանջում, որ, ենթադրենք, ուկրաինացիները կամ վրացիները, կամ լեհերը, պորտուգալացիները գնահատական տան մեր հակամարտությանը եւ դատապարտեն Ադրբեջանին: Նրանց ի՞նչ գործն է, նրանք իրենց խնդիրները չունե՞ն, կամ մենք տալի՞ս ենք գնահատական նրանց խնդիրներին եւ հակամարտություններին: Օրինակ` երբեւէ տեսե՞լ եք, որ Հայաստանը հանդես գա Իսպանիա-Բասկոնիա կամ Իսպանիա-Կատալոնիա, կամ Մեծ Բրիտանիա-Շոտլանդիա խնդիրների առնչությամբ, էլ չենք խոսում երբեմնի Հարավսլավիայի տրոհման մասին:

Այս ամենը նշանակում է մեկ բան` սահմանին մենք մենակ ենք ադրբեջանցիների դեմ: Սա ե'ւ լավ է, ե'ւ վատ: Վատ է, որովհետեւ յուրաքանչյուր անհաջողության, ժամանակավոր պարտության, զոհի մեջ ինչ-որ մեկն է մեղավոր, իսկ լավ է, որովհետեւ ամեն մի հաղթանակ մերն է:

Հովիկ Աֆյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica