close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2017
+6°
+13°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռումբերի տակ ավելի ուրախ էինք

Անտեսված ձայներ

17 Սեպտեմբերի 2015, 13:14
 Ռումբերի տակ ավելի ուրախ էինք

«Դժվար օրեր են»,- ռմբակոծվող Հալեպից մեկ ամիս առաջ  Հայաստան հասած պարոն Գրիգորը հասցրել է համոզվել՝ անտարբերությունը ռումբից էլ վատ է: «Մարդ մարդով կապրի, չէ՞»,- վշտանում է նա : Հայաստան գալուց ի վեր նրա դուռը թակող չի եղել, ասում է՝  կարծես, ես լեռան վրա եմ ապրում: Ընտանիքով բնակարան են վարձակալել Արաբկիր թաղամասում, բայց մտքով ու սրտով  Հալեպից դեռ չեն հեռացել. այնտեղ մեկ հոգու աշխատավարձը բավարար էր, որպեսզի ընտանիքը  լիարժեք ապրեր:

Պարոն Գրիգորը Հալեպում դուռ-դարպասների մեխանիզմներ էր տեղադրում, տան միակ աշխատողն էր,  և լավ էին ապրում:  Հեռանալու որոշումը կայացրեցին շատ ավելի ուշ.  Հալեպի հայկական թաղամասերը վաղուց էին ռմբակոծվում,  նրանք դեռ այնտեղ էին: «Ռումբերի պահին ամուսիններով փաթաթվում էինք ու քնում: Հոգ չէր, մեքենան, տունը վնասվեցին, մեզ բան չեղավ, Աստված էր մեզ պաշտպանում»,- պատմում է պարոն Գրիգորը: Ասում է, որ իրենց Հայաստան է բերել ոչ թե մահվան, այլ հաշմվելու, անաշխատունակ դառնալու վախը:  Աստվածաշունչն ամենաառաջինն են ճամպրուկը դրել:  Փորձում են հարմարվել, խաղաղվել,  բայց  չի ստացվում: 

Պարոն Գրիգորն այս մեկ ամսում բազմաթիվ գործատուների դռներ է թակել,  չի ստացվել`  գործ չկա:  Միայն 180 հազար դրամ բնակարանի վարձակալության համար են վճարում:  Հալեպից բերած գումարը մաշվում է: Ի՞նչ են անելու հետո, չգիտեն : «Հույս տվող էլ չկա»,- պարոն Գրիգորը դառնացած է: Այս մեկ ամսում ոչ ոքից մի հուսադրող բան  չի լսել, բոլորը զարմացել են՝ մենք շուտով մեկնում ենք, դու ինչո՞ւ եկար...

Որդին երևանյան ԲՈՒՀ-երից մեկում է սովորում` վճարովի բաժնում: Աղջիկը՝ Մարալը, ժամանակավոր է այստեղ. ամուսնուն Հալեպում է թողել, մի քանի օրից պետք է վերադառնա: Սիրիան չի խաղաղվում, բայց Մարալը չի պատրաստվում ամուսնուն մենակ թողնել:  Մեկնում է «Աստված կօգնի» հավատով :

Ընտանիքի մայրը ՝ Թերեզը, փորձում է լավատես լինել,  ամուսնուն էլ հույս տալ՝  թե դժվարությունները ժամանակավոր են,  բայց այնքան էլ չի ստացվում` պարոն Գրիգորն անդրդվելի է. «Եթե հիսուն տարի էլ այստեղ մնամ, մատով ցույց կտան՝ սա հալեպահայ է»:

«Այնտեղ` Հալեպում, ավելի ուրախ էինք»,- ասում է պարոն Գրիգորը: Մտադիր է ետ վերադառնալ.  «Ռումբերը մեզ վրա են թափվում,  բայց աշխատանք կար»: Կինը  շատ է ուզում, որ այստեղ հարմարվեն, մնան, բայց եթե չստացվի ՝ ստիպված միանալու է ամուսնուն: Տիկին Թերեզը պատմում է, որ  հաճախ են ռումբերն ու պայթյուններն անտեսել, եկեղեցի, սրճարան գնացել:  Նրան միայն շատ երկար են թվացել հալեպյան երեկոները` ժամը 5-ից հետո տնից դուրս գալ չկա: Այդ ժամանակ էլ պարապ չի մնացել`  գեղեցիկ ծաղիկներ է գործել, նույնիսկ` հողաթափերի համար. խաղաղության սպասումը կարճելու միջոց է: Իսկ խաղաղության հույս ընտանիքն ունի: «Պատերազմը մի օր պետք է ավարտվի»,- պարոն Գրիգորը ցավում է, որ ժամկետներն են անորոշ: Սիրիայում ծնված-մեծացած այս մարդն էլ պատերազմի իմաստը չի հասկանում. «Դու իմ, ես քո գաղափարը պիտի  ընդունեմ, ինչո՞ւ ելնես ու սուրը հանես»: Նա շատ կարճ եզրակացություն է անում.  «Աղտոտ  մարդկություն»: 

Լավրովը Երևան է ժամանում
18 Նոյեմբերի 2017, 17:25 Լավրովը Երևան է ժամանում
Հրդեհ Արփի գյուղում
18 Նոյեմբերի 2017, 10:11 Հրդեհ Արփի գյուղում

yerkir.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica