close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2018
+11°
+21°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2018
USD1483.48
GBP1634.62
EUR1557.16
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր կինոները նայում ես` հզոր լույսեր են միացված, տեխնիկա է աշխատում, բայց ոչինչ տեղի չի ունենում

Հարցազրույց

8 Սեպտեմբերի 2015, 16:25
 Մեր կինոները նայում ես` հզոր լույսեր են միացված, տեխնիկա է աշխատում, բայց ոչինչ տեղի չի ունենում

Տեղեկացրել էինք, որ կինոռեժիսոր Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը Սախալինում կայացած «Աշխարհի ծայրը» փառատոնում արժանացել է Գրան պրիի` «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում: Yerkir.am-ի հետ զրույցում Շահբազյանը նշեց, որ, առհասարակ, չի սիրում փառատոներ, բայց այս փառատոնը կարծես տարբերվում էր մյուսներից, և այնտեղ ձևական փառատոնային միջոցառումներ չկային:

Ըստ կինոռեժիսորի` Հայաստանում կինոարտադրությունը չի զարգանում երեք պատճառով` պրոդյուսերական դպրոցի բացակայության, դրամատուրգիական և ֆինանսական խնդիրների:

Yerkir.am-ի զրուցակիցը Արամ Շահբազյանն է:

 

Սախալինի փառատոնում չկար փառատոնային, չպատճառաբանված բոհեմիկ մթնոլորտ

Սախալինի կինոփառատոնը ես կբնորոշեի որպես աճող, երիտասարդ փառատոն: Սա 5-րդ փառատոնն էր, բայց այն շատ հետաքրքիր էր, և, ամենակարևորը, չկար փառատոնային, չպատճառաբանված բոհեմիկ մթնոլորտ: Այն շատ կազմակերպված և հստակ ծրագրով ընթացող փառատոն էր, և կարծում եմ` ժամանակի հետ ավելի կընդարձակվի և մեծ փառատոն կդառնա: Փառատոնը յուրահատուկ էր նրանով, որ ֆիլմերը դիտելուց հետո կար քննարկում, որին մասնակցում էին ոչ միայն լրագրողներն ու մասնագետները, այլև հանդիսատեսը: Հանդիսատեսի ակտիվ մասնակցությունը գովելի երևույթ է, որը, ցավոք, այնքան էլ բնորոշ չէ մեր մենթալիտետին:

 

Աշխարհի ամենակոսմոպոլիտ բանը գյուղն է

Կային մարդիկ, որ ասում էին, թե «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմի թեման, հումորը, կերպարները շատ են տեղային, սակայն Սախալինի կինոփառատոնը ցույց տվեց, որ «Մոսկվիչը» լայն շրջանակի համար է նախատեսված: Ֆիլմի հետարտադրական ընթացքը տեղի է ունեցել Ֆրանսիայում, և ի սկզբանե մենք ֆրանսիացիների ռեակցիայից գիտեինք` ընկալե՞լ են նրանք այդ ամենը, թե՞ ոչ: Ֆիլմի մոնտաժողը, ով ազգությամբ ֆրանսիացի էր, շատ կադրեր դիտելիս ասում էր, թե` սա ոնց որ մեր տան իրավիճակներից մեկը լինի: Կարծում եմ` ֆիլմի թեման շատ համամարդկային է: Ես իմ կյանքում շատ եմ գյուղերում նկարահանումներ իրականացրել և եկա այն եզրակացությանը, որ աշխարհի ամենակոսմոպոլիտ բանը գյուղն է: Աշխարհի բոլոր գյուղերն ու գյուղացիներն իրար նման են` անկախ ազգությունից ու դավանանքից:

 

Չէի ասի, որ մեր կինոյի մեկը երկուս չի դառնում

Հայաստանում կինոարտադրությունը չի զարգանում, քանի որ  այդպես էլ չի ձևավորվում պրոդյուսերական դպրոցը: Բացի այդ` ունենք դրամատուրգիական և զուտ ֆինանսական խնդիրներ. մեր կինոյին հատկացվող գումարները շատ քիչ են: Չնայած դրան, ես չէի ասի, որ մեր կինոյի մեկը երկուս չի դառնում. մեր կինոթատրոնները սկսել են գումար աշխատել հայկական կինոյով, ինչը շատ զարմանալի է, բայց փաստ է:

 

Տարեց կինոքննադատները որոշել են ընդհանրապես չգրել, երիտասարդներն էլ շատ են կաղում

Պետությունը պետք է խրախուսի մասնավոր սեկտորին, որ այն պրոդյուսերական գործն իր վրա վերցնի: Խրախուսանքը պետք է պետական մտածողությունից գա: Բացի այդ` մենք մի խնդիր էլ ունենք` կինոքննադատության բացակայությունը. տարեց քննադատները որոշել են ընդհանրապես չգրել, երիտասարդներն էլ շատ են կաղում: Երիտասարդ կինոքննադատները շատ սուբյեկտիվ են`  մի ֆիլմը կարող է շատ սուր քննադատեն, իսկ իրենց ընկերոջ շատ վատ ֆիլմի մասին ուղղակի լռել: Իսկ ի՞նչ է կատարվում մեր հարևան երկրներում: Բոլոր տեղերում էլ առողջ կինոքննադատություն է ձևավորված:

 

Իրական պատմություններով ֆիլմերը բացակայում են

Մեզ մոտ բացակայում են իրական պատմությունների հիման վրա նկարահանված ֆիլմերը: Իմ բոլոր նախագծերում իրական փաստերն են աղբյուրը: Ցավոք, մեզ մոտ բոլոր ֆիլմերի սցենարը կա'մ վերցված է արտասահմանյան սյուժեներից և հարմարեցված` մի քիչ հայկականացված, կա'մ էլ art house կոչվող ֆիլմերն են, որոնք, որպես կանոն, շատ հետաքրքիր գաղափար են պարունակում, բայց այդ լավ գաղափարները մեզ մոտ հաճախ կուռ դրամատուրգիա չեն ներկայացնում: Գաղափարից կուռ դրամատուրգիա ստանալը շատ երկար ճանապարհ է, մեզ մոտ այդ ճանապարհն անցնելը սահուն չի ստացվում, այդ ճանապարհին գաղափարը և իրական պատմությունը կարծես թուլանում են, և արդյունքում` ստանում ենք թույլ ֆիլմ: Իսկ այդ ֆիլմն այնքան էլ միտված չէ հանդիսատես բերել, այն էլ` այսօրվա հանդիսատեսին, որը վերջին տարիներին հակված է նայելու popcorn-ային ֆիլմերը: Popcorn-ային ֆիլմերը գալիս են` ճնշելու լուրջ ասելիքի միտում ունեցող ֆիլմերին, բայց դա նորմալ է, որովհետև մեզ մոտ լուրջ ասելիքի միտում ունեցող ֆիլմերը հետաքրքիր չեն: Այս պարագայում ես հակված եմ կինոյի այն տեսակին, որը, art house լինելով, միևնույն ժամանակ կփորձի հնարավորինս լայն հանդիսատես ներգրավել:

 

Լավ-վատ նկարելը հետաքրքիր կինո նկարել-չնկարելու հետ ամենևին էլ կապ չունի

Աշխարհում, առհասարակ, տենդենց կա` կառչել մի հայտնի դերասանից ու սահմանափակվել նրանով: Ես այդ սկզբունքով չեմ առաջնորդվում, ես շատ լավ գիտեմ` այս փոքր երկրում քանի դերասան կա, ու քանի դերասան է եղել, որովհետև կան մարդիկ, որոնք ժամանակին դերասաններ են եղել, իսկ հիմա այլ աշխատանքով են զբաղվում: Ինչ վերաբերում է հարցին, որ երբեմն ասում են` եթե մի քիչ շատ գումար ունենայի, ավելի լավ կնկարեի, ապա պետք է ասեմ, որ լավ-վատ նկարելը հետաքրքիր կինո նկարել-չնկարելու հետ ամենևին էլ կապ չունի: Մեզ մոտ ճիշտ հակառակն է` նայում ես հզոր լույսեր են միացված, տեխնիկա է աշխատում, բայց ոչ մի բան տեղի չի ունենում: Մեր ողբերգությունն ավելի շատ այդտեղ է, ոչ թե ֆինանսն է խնդիրը:

 

Երիտասարդ կինոռեժիսորներն իրենց առաջին քայլերն անելուց հետո աջ ու ձախ են զարկվում

Հայաստանում երիտասարդ ռեժիսորների շատ հետաքրքիր աճ կա, որը գալիս են վկայելու վերջին 2 տարիներին իմ տեսած կարճամետրաժ ֆիլմերը: Բավական հետաքրքիր մտածողություն ունեցող երիտասարդներ ունենք, ուղղակի եթե նրանք լինեին ավելի բուռն կինոարտադրողական պրոցեսում, շատ արագ կաճեին: Նրանք իրենց առաջին քայլերն անելուց հետո աջ ու ձախ են զարկվում, ու թե ինչ պետք է լինի` ինքս էլ չեմ հասկանում:

 

«Հայֆիլմն» անցավ պետությանը… Հետո ինչ…

Վերջերս շատ է խոսվում «Հայֆիլմի» պետականացվելու մասին: Ես ո'չ դեմ եմ, ո'չ էլ կողմ, որովհետև չգիտեմ` պետությունն ի՞նչ ռազմավարություն ունի, որ այն գնել է: Ես հարց ունեմ` եթե ունեք ռազմավարություն, ցույց տվեք, ես էլ այդ ժամանակ կասեմ` լա՞վ փոփոխություն է, թե՞ վատ:

 

Կարինե Հարությունյան

ՄԻՊ-ն այցելել է Բաղանիս
18 Հոկտեմբերի 2018, 21:14 ՄԻՊ-ն այցելել է Բաղանիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica