close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2017
+6°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2017
USD1483.66
GBP1640.22
EUR1567.24
RUB18.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՎԱՀԱՆԸ . (2-րդ մաս) Պարույր Սանթրոսյան

Թուղթուգիր

28 Դեկտեմբերի 2015, 13:25
 ՎԱՀԱՆԸ . (2-րդ մաս) Պարույր Սանթրոսյան

Սկիզբը կարդալ այստեղ 

      

       «28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1994 ԹՎԱԿԱՆ»

       Բոլորն էին հասկանում, որ մի բան տեղի է ունենալու։ Շատերն արդեն ձերբակալված էին։ Ամեն օր սպասում էինք նոր ձերբակալությունների։ Բայց քչերն էին պատկերացնում իրականացվելիք գործողության մասշտաբն ու ձևը։
Երեկոյան, ինչպես միշտ, լույս չկար ու, չգիտեմ` որտեղից հորս հայթայթած ակումուլյատորի կուտակած հոսանքը խնայում էինք` օրվա լուրերը միակ պաշտոնական հեռուստաալիքից լսելու համար։ 

Կոմիտասի փողոցում գտնվող մեր տան դուռն այնքան խախուտ էր, որ անգամ նորմալ չէր կողպվում։ Դուռը հանկարծ բացվեց ու հարևան բակի Կոստյան, ով ոստիկանության սերժանտ էր, ասաց, որ հեռուստացույցը միացնենք։ Հանրապետության նախագահը խոսում էր աշխարհի ամենավտանգավոր հանցավոր խմբավորման անդամներին վնասազերծելու մասին։ Բեն Լադենն այն տարիներին  անմեղ երեխա էր։

 Կոստյային խնդրեցի հագնել ոստիկանի իր համազգեստը, նախկին աներոջիցս խնդրեցի նրա «ՎԱԶ 2102» մակնիշի մեքենան ու որոշեցի` ինչ գնով էլ լինի իջնել Բյուրոյի գրասենյակ։ Պռոշյան փողոցը փակ էր զինվորականներով,  ու անգամ Կոստյայի ոստիկանական համազգեստը մեզ չօգնեց։ 

Եթե Բյուրոյի գրասենյակը փակ է, ուրեմն Բյուրոյի անդամները պետք է որ տանը լինեին։ Առաջինը փորձեցինք գնալ Վահանենց տուն։ Տանը մոտենալ չեղավ. նույն զինվորական հերթապահությունն էր։ 

Բյուրոյի անդամ Վարդան Հակոբյանի բնակարանին հասանք առանց արկածների։ Տանն էր։ Ասացի, որ իջնի, տեղ ենք գնում։ Որոշել էի Բյուրոյի բոլոր անդամներին հավաքել Գերմանիայում ապրող աներձագիս դատարկ տանը։ Չգիտեմ` ինչ էի մտածում այդ պահին, բայց մի բանում վստահ էի՝ պետք էր ինչ-որ պատասխան տալ։ Ու ամբողջ գիշեր սերժանտ Կոստյայի հետ առանձին-առանձին այդ տուն տեղափոխեցինք Բյուրոյի` Երևանում գտնվող անդամներ Վարդան Հակոբյանին, Ռուբեն Հովսեփյանին, Մասիս Բաղդասարյանին ու «Ազատամարտ» շաբաթաթերթի խմբագիր երջանկահիշատակ Մուշեղ Միքայելյանին։ Բյուրոյի` Հայաստանում գտնվող վերջին անդամը՝ Ափո Պողիկյանը, Պլանի գլուխ կոչվող փողոցում տեղակայված ՄՏԿ-ում էր (մամլո և տեղեկատվական կենտրոն), ուր արդեն խուզարկություն էր գնում։

Իսկ Վահանից հույսներս կտրել էինք։  

Լուսացավ: Ընկեր Ռուբենը տվեց Բյուրոյի հայտարարության ձեռագիր տեքստն ու ասաց, որ անհրաժեշտ է տպել ու բաժանել այն ժամանակ լույս տեսնող թերթերին։

Բոլորս դուրս եկանք այդ բնակարանից։

Ասացին, որ կլինեն Մասիս Բաղդասարյանի տանը։ 

Գործս արեցի մի քանի ժամում։ Հիմա չեմ էլ հիշում` որտեղից համակարգիչ ու տպիչ ճարեցի։ Հուսահատություն չէր այն զգացողությունը, որ այդ պահին համակել էր ինձ։ Ուղղակի գիտակցում էի, որ առանց Վահանի մենք տանուլ կտանք։  Բայց նոր բացված օրն իր հետ նաև ուրախալի լուրը բերեց` Վահանը ձերբակալված չէր։ Ու վստահությունը շատերիս մոտ վերականգնվեց։ «Դե հիմա տեսեք ինչ ենք անելու»։ Այս միտքն էր 20-25 տարեկան իմ գրեթե բոլոր ընկերների ուղեղներում։ Այդ ոգին հատկապես Վահանից էր գալիս ու Վահանով էր պայմանավորված։ 

Վահանի ձերբակալությանը դեռ վեց ամիս ժամանակ կար...

Վահանը դեռ ուղիղ 20 տարի պիտի ապրեր...

   

          ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ

    1994-1998 թվականները եթե չեք տեսել, դժվար կլինի այս հատվածը լավ պատկերացնել։ Այդ տարիներին տղերքից յուրաքանչյուրը գիտեր, որ «տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել» արտահայտությունը հենց իր մասին է։ Օրվա իշխանությունները իմ կուսակցական ընկերներին ձերբակալում էին ոչ միայն նրանց բնակարաններից։ Օրինակ` տղերքից մեկին երթուղայինից էին իջեցրել ու տարել անհայտ ուղղությամբ։ Այդ տարիներին ի՞նչ  օմբուդսմեն, ի՞նչ լրատվական կայքեր, ի՞նչ հասարակական կազմակերպություններ, ի՞նչ ծանուցում, ի՞նչ բջջային հեռախոս և, վերջապես, ի՞նչ «Ֆեյսբուք»։ Տանում էին, ու սկսվում էր փնտրտուքը։ Հետո կա՛մ բանտերից էր խաբարը հասնում, կա՛մ ծնողներն ու ընկերները, ոստիկանության դռները թակելով, իմանում էին տղաների գտնվելու վայրը։ 1995-ին իմ հերթն էլ հասավ։ Տարան մեր բակից` մորս աչքի առաջ։ Ու մինչ ուշ երեկո 24-ամյա երիտասարդս   համբերատար ենթարկվում էի ոստիկանների «համաչափ» գործողությանը։ Բայց քանզի տակը բան չկար, ու թերևս մեկին էլ բանտարկելու անհրաժեշտությունն այդ պահին երևի դեռ չէր հասունացել, գիշերն ինձ բաց թողեցին։ Գնացի տուն։ Առավոտյան տանեցիներին հանգստացրեցի ու մեր բակի ծակուծուկերով դուրս եկա փողոց, շտապեցի Լեոյի փողոցում գտնվող մեր ընկերներից մեկի բնակարանը, որտեղ Վահանին տեսնելու հույս ունեի։ Իրար նոր գտած ընկերների նման գրկախառնվեցինք, պատմեցի եղելությունն ու ոստիկանությանը հետաքրքրող հարցերը։ Մտածեց ու հարցրեց, թե մեկ-երկու ամսով որևէ ապահով տեղում կարո՞ղ եմ թաքնվել։ Ասաց, որ բաց են թողել` հետևելու ու արդեն վերջնականապես ձերբակալելու համար։

Գիտե՞ք` ինչու էին ձերբակալել ինձ։ Որովհետև պապիցս մնացած մեր դատարկ բնակարանը անվճար տրամադրել էի ձերբակալված ընկերներիս դատապաշտպաններին՝ որպես փաստաբանական գրասենյակ։ «Համաչափ» հարցաքննող ոստիկաններից մեկն ամբողջ օրը  շեշտում էր. «Տունդ պրիտոն ես դարձրել, ու դու, տղա՛ ջան, հաստատ դատվեցիր»։ Կարճ ասած` պիտի թաքնվեի։ Այդ երկու  ամիսների ընթացքում ոստիկանությունն անընդհատ այցելում էր մերոնց ու տեղս էր հարցնում։ Ժամանակ առ ժամանակ Վահանին լուր էի տալիս, որ սարսափելի է փախստականի կարգավիճակում մնալը, որ էլ չեմ դիմանում։ Պատասխանում էր,  որ սպասեմ։ Ու մի օր` հոսանքի հերթական հովհարային միացման ժամանակ էլ լուրերից տեղեկացա Վահանի ձերբակալության մասին։ Սպասելն արդեն անիմաստ էր։ Հաջորդ օրը գնացի տուն։ Մնացածը կարևոր չէ։ Երեք տարի սպասեցինք Վահանի ազատ արձակմանը։ Վահանի կնոջն ու երեխաներին այցելելը դրսում գտնվող տղերքից շատերի ու նաև իմ պարտականությունն էր։ Երեք տարիների ընթացքում թե՛ Վահանի երեխաները մեծացան, թե՛ մենք։ Չասեմ` հուսահատ, բայց կոտրված էինք ու, տարիքներիս համեմատ, մռայլ։ 

Ու մի օր էլ արթնացանք երկրում փոխված իրավիճակով, ու տղերքը սկսեցին բանտերից դուրս գալ։ Վահանին հանդիպեցի ազատ արձակվելու հաջորդ օրը՝  ձկան նախկին խանութի հարևանությամբ գտնվող գրասենյակում։  Ճերմակել էր։  Գրկախառնվեցինք, ու ականջիս շշնջաց. «Տվածս պահե՞լ ես»։   Պահել էի։ Ավելի պինդ գրկեց։

     Նոր ժամանակաշրջան էր սկսվում։ 1999-ին Վահան Հովհաննիսյանը ընտրվեց Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ու մենք շարունակեցինք մի ամբողջ երեք տարով ընդհատված մեր ճանապարհը…

 

   «ՄԵՐ ԹԱՆԿ ԳԱՆՁԻՑ ԼՈՒՍԵՂԵՆԸ ՕՐՆ Է ՆՐԱ ՎԵՐԱԴԱՐՁԻ»

    Մինչև 1999 թվականը ես այն կարծիքին էի, որ Վահանը թերևս աթեիստ է։ Չէ, նա այդ մասին երբեք չէր արտահայտվել, որևէ կոնկրետ խոսակցություն չենք ունեցել հավատքի, քրիստոնեության կամ հեթանոսության մասին։ Գուցե նաև սա էր եղել պատճառը նման կարծիքի ձևավորման համար։

1999-ի աշունն էր։ Առավոտյան հենց իրենց տան բակում մռայլ դեմքով նստեց մեքենան ու ասաց, որ Էջմիածին ենք գնում։ Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում լուռ մոմ վառեց, մտքում աղոթեց, խաչակնքվեց, ու մի տեսակ թեթևացած, արդեն սովորականի պես ժպտալով ու կատակելով, վերադարձանք Երևան։

Իսկ հիմա ամենակարևորը։ Կարդացե՞լ եք Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» վեպը։ Եթե դեռ չեք կարդացել, կարդացեք անպայմա՛ն։ Վեպի գեղարվեստական ու նաև պատմական արժեքի մասին շատերն են արտահայտվել։ Բայց խոսքս հիմա այլ բանի մասին է։ Գիտե՞ք` որտեղ է տեղի ունենում ողջ այդ պատմության հանգուցալուծումը՝   Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու բակում։ Այն նույն եկեղեցու, ուր 1999 թվական մի մռայլ աշնանային օր Վահանը գնաց` աղոթելու…

   

      "БОЖЕ, ЦАРЯ ХРАНИ":

     Երբ բջջային հեռախոսների վրա հնարավոր եղավ ցանկացած երաժշտությունը տեղադրել (2000-ին էր կարծեմ), Վահանի զանգահարելու ժամանակ հեռախոսս երգում էր "Боже, Царя храни": Ու երբ նրան ցույց տվեցի, մի բոլ ծիծաղեց, բայց չասաց, որ փոխեմ զանգը։

Ես իրոք ցանկանում էի, որ Աստված  պահապան լինի Վահանին…

  

     ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    2003-ի Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ժամանակ էր։ Վահանը ուղիղ եթերի էր «Շանթ» հեռուստաընկերությունում։ Բարձրացանք հեռուստաընկերության` Կիևյան փողոցում գտնվող տաղավարներից մեկը։ Այդ ժամանակ հաղորդավար Նվեր Մնացականյանը դեռ «Շանթում» էր աշխատում։ Նա էլ էր իր թեկնածությունն առաջադրել ու գտնվում էր Գյումրիում։ Մի խոսքով` մտանք տաղավար, որտեղ հաղորդման աշխատանքային խումբը, մինչ եթերի սկսվելը, մի փոքր ընդմիջում էր անում։ Վահանը լուրջ դեմքով նայեց ու թե. «Էս քե՞ֆ եք անում։ Ինչի՞, Նվերն արդեն ընտրվել ա՞»։  Ու ներկաների ծիծաղը տարածվեց ամբողջ տաղավարով մեկ։

Ընտրությունների ավարտին դեռ մեկ ամիս ժամանակ կար։

  

   ԳՈՐԾՈՒՂՈՒՄ

   2004-ին վեց քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներով գործուղվեցինք ԱՄՆ։ Բուշի ու Քերիի ընտրություններն էին, ու մենք պիտի տեսնեինք, թե ինչ ասել է ազատ, արդար ու դեմոկրատական ընտրություններ։ Ու քանի որ Քերին իր նախընտրական արշավների ժամանակ խոստացել էր ճանաչել Ցեղասպանությունը, մենք էլ` հայերով, նրա կողմից էինք, չնայած երկու թեկնածուների նախընտրական շտաբներն էլ այցելում էինք։ Մի օր էլ ես ու ԱԺՄ-ից Վարդանը Վարդանյանը որոշեցինք կատակել ու փողոցում սկսեցինք անցորդներին բաժանել թեկնածու Քերիի նախընտրական բուկլետները, բայց ամենազավեշտալին, որ հայերենով փորձում էինք ամերիկացի ընտրողին համոզել, որ իր ձայնը տա «մեր» թեկնածուին։  Քերին, բնականաբար, չընտրվեց։ Գուցե չընտրվեց նաև մեր ակցիայի պատճառով։ Գործուղումն ավարտվեց։ Պատվիրակությունը վերադարձավ Հայաստան։ Եկա գործի ու մտա Վահանի մոտ։ Պատմում եմ գործուղման մասին, մեկ էլ Վահանը, ժպտալով, թե` բա էդ քեզ ուղարկել ենք ընտրությունների անցկացման կարգին ծանոթանա՞ս, թե՞ Քերիի օգտին փողոցներում միտինգ անես։ Զարմացա։ Ու ասաց, որ այստեղ դեսպանատնից զանգել են իրեն ու ասել, որ իր խորհրդականն իրեն այնտեղ լավ չի պահում։ Ծիծաղեցինք, անցավ-գնաց։

   

   ԴԵՂԻՆ ՓՈՂԿԱՊՍ

    Իմ խորին համոզմամբ` Վահանը ճաշակով հագնվող տղամարդ պաշտոնյաներից էր։    Մի օր հանդիպման էր պաշտպանության նախարարությունում։ Նախարարությունը դեռ Աշտարակ տանող ճանապարհին էր։ Չգիտեմ` ինչու այդ օրը վառ դեղին փողկապ էի կապել, ու ակամայից խոսակցություն բացվեց փողկապների, կոստյումների, վերնաշապիկների, կարճ ասած` ճիշտ հագնվելու մասին։ Ամբողջ ճանապարհին բացատրում էր, որ եթե վերնաշապիկը միատոն է, փողկապը կարող է նաև գծեր ունենալ, իսկ եթե վերնաշապիկն իր մեջ որոշ էլեմենտներ է պարունակում, փողկապն անպայման պիտի միատոն լինի, որ չի կարելի կարճ թևերով վերնաշապիկի հետ փողկապ կապել ու անգամ ամառվա տապին, եթե ստիպված ես փողկապով տնից դուրս գալ, վերնաշապիկդ անհրաժեշտ է, որ երկարաթև  լինի։ Խոսեցինք նաև փողկապների ու վերնաշապիկների գույների համադրության մասին։ Հասանք ՊՆ։ Վահանը գնաց խորհրդակցության։ Ես հենց մեքենայում հանեցի իմ «անկրկնելի»  դեղին փողկապը։

***

   

    ՃԱՄՓԱԲԱԺԱՆԸ

    2006 թվականն էր։ Անասելի հոգնել էի Ազգային ժողովում ինձ համար տաղտկալի դարձած աշխատանքից։ Ցանկանում էի փոխել աշխատանքս։ Միայն Վահանի հանգամանքն էր, որ ինձ հետ էր պահում։ Մտածում էի, որ եթե ասեմ, կմտածի, թե իրենից եմ ուզում հեռանալ։ Ի վերջո, էգոիզմս հաղթեց։  Ասացի։ Արտաքուստ հանգիստ ընդունեց։ Ասաց, որ հասկանում է որոշումս։ Հարցրեց` գուցե իրենից եմ հոգնել։ 13 տարի միասին աշխատելը ու ոչ միայն աշխատելը բավական երկար ժամանակահատված է։ Բայց, ախր, Վահանից ինչպե՞ս կարելի էր հոգնել։ Նրա հետ միշտ էր հետաքրքիր։ Միշտ սովորելու բան կար։ Բացատրեցի, որ աշխատանքն է ձանձրալի դարձել, որ մի նոր տեղ եմ ցանկանում փորձել ուժերս։ Հարցրեց, թե աշխատանք գտե՞լ եմ արդեն։ Ու երբ ասացի, որ դեռ չեմ գտել, ասաց, որ հաջորդ օրն ինձ կպատասխանի։ Առավոտյան կանչեց իր աշխատասենյակն ու առաջարկեց՝ ուսումնական հաստատության տնօրեն կաշխատե՞ս։ Պատասխանեցի, որ ոլորտն անծանոթ է, բայց կարծում եմ` ազնիվ գործ է երեխաների հետ աշխատելը։ Անկեղծ ասած` աշխատանքային բավական մեծ փորձ ունեի՝ լավաշի արտադրության տիրոջից մինչև թերթի տնօրեն, մի հսկա կուսակցության տարբեր գրասենյակների պատասխանատու, Ազգային ժողովի փորձագետ, փոխնախագահի խորհրդական։ Կարճ ասած` որոշեցինք, որ համաձայնում եմ։ Ու մի քանի օր հետո ես արդեն Երևանի թիվ 2 արհեստագործական ուսումնարանի տնօրենն էի։  Մի կիսաքանդ ու ավերակ, վատ ավանդույթներով հայտնի, ընդամենը 60 սովորող ունեցող հաստատություն էր։

    Սեպտեմբերի 1-ին ուսումնարանի սովորողների համար կազմակերպված միջոցառմանը Վահանն ինձ մենակ չթողեց։ Առավոտյան ժամը 9-ին ելույթ ունեցավ սովորողների ու աշխատակիցների առջև, ովքեր, վստահաբար, քամուց ու աշխարհից քշված իրենց ուսումնարանում այդ մակարդակի բարձրաստիճան պաշտոնյա առաջին անգամ էին հյուրընկալում, ու ասաց ամենակարևորը. «Ձեր նոր տնօրենի գալով` ձեր ուսումնարանին լուրջ ու դրական փոփոխություններ են սպասվում։ Ես վաղուց եմ ճանաչում Պարույրին։ Հավատացե՛ք, նա կհաջողի»։ Հաջողեցի, թե` ոչ, սա արդեն լրիվ այլ պատմություն է։ Բայց մի բան փաստէ՝ նոր աշխատատեղումս էլ ամեն պահի զգացի ու տեսա Վահանի օգնությունը։ Ու ամենատարբեր հարցերում` կրթական և ոչ միայն…

     

     ՎԵՐՋԱԲԱՆ

 

      2001-ի օգոստոսն էր։ Առողջական որոշակի խնդիրներ ունեի։ Լուրջ բան չէր`  հին հայկական բարի նևրոզ, դեպրեսիա։ Տանն էի։ 
Վահանը զանգեց ու թե. «Պարյո՛ւր, սեպտեմբերին 4 ամսով գնում ես Գերմանիա` վերապատրաստման,  Մարշալի կենտրոնում»։ Միանգամից ընկա պանիկայի մեջ։ Ասում եմ. «Չեմ կարող, վատ եմ, ես Գերմանիայում կմեռնեմ»։ Ծիծաղեց ու թե. «Մի՛ մտածի, որ մեռնես, կբերենք, Գերմանիայում չես մնա»։

  Գնացի ու վերականգնված հետ եկա։

  2013-ին Վահանը նշանակվեց Գերմանիայի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան։ Բոլորս գիտեինք, որ լավ չէ վիճակը, ու մեր վերջին հույսը գերմանական բժշկությունն էր։

  Գնաց ու …

  Քանի Վահանը ողջ էր, գիտեի, որ եթե երբևէ մատս փուշ մտնի ու փուշն այդ հանել չկարողանամ, Վահանը կհանի կամ կասի` ոնց հանեմ, կամ էլ կասի` թքիր փշի վրա ու առաջ անցիր։

  Երևի տասնհինգ տարի առաջ էր, չեմ էլ հիշում` ինչի համար շտապօգնության մեքենայով ինձ տարան հիվանդանոց։ Սիստեմա, դեղեր, տանեցիները խառնված… Մեկ էլ Վահանը եկավ հիվանդանոց,  բժիշկների հետ խոսեց, տանեցիներին հանգստացրեց ու ծիծաղելով, թե. « Պարյո՛ւր, хватит х....м груши околачивать, շատ պառկեցիր, վեր կաց, գործ կա»։ Ու հավաքվեցինք, գնացինք, թեև բժիշկները չէին թողնում։ Իսկ հիմա…

 Հիմա սկսում եմ փշակալել առանց Վահանի...

 Գոնե ինձ համար դժվար է առանց Վահանի …

 

Պարույր ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

yerkir.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica