close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2017
+3°
+13°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՎԱՀԱՆԸ. Պարույր Սանթրոսյան (Մաս1-ին)

Թուղթուգիր

28 Դեկտեմբերի 2015, 13:20
 ՎԱՀԱՆԸ. Պարույր Սանթրոսյան  (Մաս1-ին)

Օգոստոսի 16-ին  Վահան Հովհաննեսյանի ծննդյան օրն է: Նա  կդառնար 59 տարեկան: yerkir.am -ը շարունակաբար հրապարակում  է Պարույր Սանթրոսյանի հուշերը, որ գրվել է Վահանի հիշատակին:  

        

       ՆԱԽԱԲԱՆ


        Ես չգիտեմ, թե իմ կյանքն ինչպես կդասավորվեր, եթե 22 տարեկանում չհանդիպեի Վահան Հովհաննիսյանին։ Չէ, մի բան հաստատ կդառնայի, ասենք` վաճառական կամ գուցե լավ չինովնիկ։ Բայց որ այլ տեսակ կլինեի, այլ կերպ կապրեի ու կմտածեի, դրանում համոզված եմ։ Իսկ արդյո՞ք դա ինձ պետք էր։ Դե, անշառ, գլուխս շառի տակ չդնելու ու տաքուկ ապրելու իմաստով,  երևի` այո։ Բայց այնպիսին, ինչպիսին ինձ ճանաչում եք, գուցե նաև սիրում կամ հարգում, որոշ դեպքերում` ատում, հաստատ չէի լինի։ 

        Հուշերը գրում են օր ծերության, երբ փորձում են իրենցից հետո ինչ-որ բան թողնել սերունդներին։ Այդքան դեռ չեմ ծերացել։ Օրը կգա, գուցե գրեմ թոռներիս համար։ Բայց Աստծուց առաջ չընկնենք։ Այս պատմություններն իմ մասին չեն։ Սրանք    հիշողություններ են Վահան Հովհաննիսյանի մասին, ընկեր Վահանի..., Վահանի։ 

Հիշելու շատ բան կա։ Բաներ կան, որ թղթին ու հանրության դատին չես հանձնի։ Դեռ դրա ժամանակը չի եկել։ Բայց կան էպիզոդներ, որ կօգնեն ընթերցողին հասկանալ  Վահանի տեսակն ու մեծությունը։ Վստահաբար, կան մարդիկ, ովքեր ինձնից ավելի շատ բան գիտեն նրա մասին ու շատ ավելի լավ կգրեն։ Քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի մասին թող խոսեն քաղաքական գործիչներն ու քաղաքագետները, Ազատամարտի մասնակից Վահան Հովհաննիսյանի մասին՝ նրա մարտական ընկերները, հնագետ Վահանի մասին՝ պատմաբանները։ Ես կգրեմ իմ բաժինը։ Գուցե մեկին պետք գա։ Գուցե մեկը մի օր հավաքի բոլորի գրածները, խմբավորի ու հրատարակի։ Ու սա անելու եմ ոչ թե, որովհետև պատիվ ու երջանկություն եմ ունեցել նրա հետ երկար աշխատելու ու նաև ընկերը լինելու, ես ուզում եմ, որ իմ էրեխեքն իմանան, որ այսպիսի մարդ է եղել, ու որ եթե այսօր իրենք դեռ խաղաղ ապրում են Հայաստան աշխարհում, դրանում իրենց հոր ավագ ընկերն ահագին դերակատարություն է ունեցել։

 

        ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

1991-ին մորիցս թաքուն դիմում գրեցի` Դաշնակցությանն անդամագրվելու համար։ Մայրս վախ ուներ ու որոշակի վերապահումներ, քանի որ դեռ խորհրդային տարիներին նրա ղաչաղ հորեղբայր Թոռնիկին, ով նույնպես դաշնակցական էր, աքսորել էին Սիբիր։ Բայց Թոռնիկը պինդ տղա էր ու աքսորավայրից վերադարձել էր,  ընտանիք կազմել ու արդեն ծոռներ ուներ: Վեց ամիս փորձաշրջան անցնելուց հետո` 1992-ի մայիսի 28-ին,  վերջապես երդում տվեցի ու դարձա ՀՅԴ անդամ՝ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմում։ Նույն ամռանն էլ մի խումբ տղերքի, որոնց թվում նաև ես էի, հանձնարարվեց մեկ ամիս շարունակ շրջել Արևմտյան Ամերիկայից Հայաստան ժամանած` Համազգային հայ կրթական և մշակութային միության երգչախմբի և պարախմբի պատվիրակության հետ, որի կազմում հիմնականում անչափահաս ամերիկահայ երեխաներ էին։ Երևի հանձնարարությունը վատ չկատարեցի։ Ու արդեն ձմռանն առաջարկեցին շատ պատասխանատու կուսակցական աշխատանք. ինձ վիճակված էր դառնալ ՀՅԴ Բյուրոյի Երևանի գրասենյակի գործավարը։ Դաշնակցության գրասենյակներում գործավարը գործերի կառավարիչն էր, գրասենյակի պատասխանատուն, որը զբաղվում էր ամեն ինչով, բացառությամբ ֆինանսական հարցերի։ Իմ գործառույթների մեջ մտնում էր նաև ամենակարևոր գործը՝ Բյուրոյի նիստերի արձանագրությունների կազմումը: Նիստերի ընթացքում քննարկվում էին բոլոր կուսակցական ու քաղաքական  հարցերը։ Այդ տարիներին ինձ բախտ վիճակվեց անձամբ ծանոթանալ ժամանակի դաշնակցական կարկառուն գործիչների հետ՝ Հրայր Մարուխյան, Հրաչ Տասնապետյան, Երվանդ Մոնոֆարյան և ուրիշներ։ 1993-ի հունվարին «Ազատամարտ» շաբաթաթերթի խմբագրության մի փոքրիկ սենյակից ՀՅԴ Բյուրոյի գրասենյակը տեղափոխվեց Սարյանի արձանի հարևանությամբ գտնվող բնակելի շենքի վերջին հարկը, որտեղ էլ տեղի ունեցավ իմ առաջին հանդիպումը Վահան Հովհաննիսյանի հետ։ Գրասենյակն արդեն ձևավորված էր, բայց Վահանը գործուղման մեջ էր։ Այնքան բան էի նրա մասին լսել, որ չգիտեի, թե մեր առաջին հանդիպմանը ինձ ինչպես պիտի պահեմ։ Վերջապես Վահանը վերադարձավ գործուղումից ու եկավ գրասենյակ։ Վահանին ինձ ներկայացրեց տղերքից մեկը, ով նույնպես գրասենյակի աշխատակից էր ու Վահանին վաղուց էր ճանաչում։  «Պարույրն ինքն ա, կարգին տղա ա» ,- բառացի ասաց նա։ Իմ ահուդողը միանգամից անցավ, երբ Վահանը մեկնեց ձեռքն ու, ժպիտը դեմքին, ասաց. «Բարով եկար, ընկե՛ր»։ Ղեկավարի հետ առաջին հանդիպումը բոլորովին այլ կերպ էի պատկերացնում` մի տեսակ պաշտոնական։ Իսկ Վահանն իր ջինսե տաբատով, հաստ սվիտրով և ծխած` ամերիկյան Lucky Strike սիգարետով  պարզ էր ու անմիջական։

     

       ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

       1993-ի ձմեռն էր… Օրներս բացվում էր գրասենյակում ու ավարտվում այնտեղ։ Տներում լույս չկար ու ցուրտ էր։ Իսկ գրասենյակը հա՛մ վառարան ուներ, հա՛մ դվիժոկ։ Էլ չեմ ասում համակարգիչների մասին։ Համակարգչով աշխատել սովորելու ընթացքում երկու անգամ ամբողջ ծրագիրը ջնջեցի ու արարքս ստորաբար գցեցի դվիժոկի փոփոխական հոսանքի վրա։ Ու հեչ պատահական չէ, որ մինչ օրս Armenian Typewriter ստեղնաշարով եմ աշխատում։ Անցած դարի սերունդ եմ, ներողամիտ եղեք։ Ու այնպես ստացվեց, որ համակարգչային «փայլուն» գիտելիքներս պետք եկան նաև 1999-ին։ Ազգային ժողովի parliament.am կայքում Վահանի էլեկտրոնային հասցեի գաղտնաբառը միասին ընտրեցինք։ Գրեց թղթին ու հաջորդ օրը կորցրեց թղթի այդ կտորը։ Բարեբախտաբար, ես մտապահել էի գաղտնաբառը, ու Վահանը որոշեց, որ իր էլեկտրոնային փոստարկղը ես եմ ստուգելու։ Ինքը «զահլա» ու ժամանակ չուներ։ Ու ամեն առավոտ իմ գործը Վահանի էլեկտրոնային փոստարկղը բացելն էր, ստացված նամակների մասին նրան տեղեկացնելը…

      Անհատակ հիշողություն ունենալով հանդերձ` կարողանում էր իր համար անկարևոր բաներով ուղեղը չծանրաբեռնել։ Այնուամենայնիվ, որոշ ժամանակ հետո Վահանը վերջապես մտապահեց իր գաղտնաբառը, ու գործս թեթևացավ…

     

           ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ

       1993-ին ծանր վիրավորվեց «Արաբո»-ի Ճուտը՝ Արթուր Օվչյանը, ով վարում էր Վահանին կցված «Նիվա» մակնիշի կիսաքանդ մեքենան, ու ես, մի կարգին վարել չիմանալով, ինձ վրա վերցրեցի էդ պարտականությունը, հատկապես, որ օրը մի քանի անգամ Արթուրի մոտ հիվանդանոց գնալու անհրաժեշտություն կար։ Անկեղծ ասած, իմ այս էնտուզիազմը երկու հանգամանքով էր պայմանավորված. առաջինը՝ Ճուտն իմ ընկերն էր,  երկրորդը գրասենյակային` երբեմն միօրինակ կյանքից փախչելու ու ամբողջ օրը Վահանի հետ լինելու բուռն ցանկությունն էր։ Փորձում էի Վահանից հնարավորինս հմտորեն թաքցնել վատ վարորդ լինելուս հանգամանքը, բայց քանի որ նա ընդհանրապես մեքենայից գլուխ չէր հանում (էդ հետո էր, որ Մորուք Հովոն Վահանին քիչ թե շատ մեքենա վարել պիտի սովորեցներ), սխալներս ու ստեղծածս վթարային իրավիճակները աննկատ էին մնում։

Այդ ժամանակ էր, որ ծանոթացա նաև Վահանի ընտանիքի անդամների` մոր՝ տիկին Սյուվայի, կնոջ՝ տիկին Լաուրայի ու էն ժամանակ դեռ շատ փոքր զավակների՝ Հայկի ու Աննայի հետ։ Հորը` ժամանակի մեծ հայրենասերներից մեկին` Էդվարդ Հովհաննիսյանին, ավելի ուշ պիտի հանդիպեի, երբ օրվա իշխանությունները կհեռանային, ու նա հայրենիք վերադառնալու հնարավորություն կունենար։ Դե, իսկ մի օր էլ մանկության ընկերներին այցելելու ժամանակն էր։ Ընկերներից երկուսին՝ դիմածնոտային ճանաչված վիրաբույժ Գրիգոր Խաչատրյանին՝ Գրիշին, ու տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանին հիմա էլ եմ ժամանակ առ ժամանակ հանդիպում։ Բնականաբար, խոսակցության հիմնական թեման Վահանն է։ Ինչքա՜ն կարոտ կա աշխարհ տեսած ու իրենց լավագույն ընկերոջը կորցրած էս մարդկանց աչքերում։ Վահանի երրորդ ընկերոջը, ով մահացել էր երիտասարդ տարիքում, և որին Յոժ էին ասում (Սերգեյ Օհանջանյան), չեմ ճանաչել։ Բայց Վահանն ինձ պատմեց նրա մասին, երբ միասին գնացինք Յոժի գերեզմանին։ Ասում էր, որ յուրահատուկ մարդ է եղել։

15 օր տևեց իմ երանությունը։ Ղեկավարությունը տղերքից մեկին հանձնեց մեքենան, իսկ ինձ հետ կանչեց գրասենյակ։ Այդ 15 օրում ես արդեն կարգին մեքենա վարել էի սովորել։ Բայց կարևորն ուրիշ բան էր։ Այդ 15 օրում Վահանն ինձ մի լավ տնտղեց։ 15 օրն էն փորձությունն էր, որ ես անցա Վահանի հետ իմ հետագա հարաբերությունները կառուցելու ճանապարհին։ Այդ օրերին էր, որ Վահանն ինձ կնքեց ՊարՅուր անունով…

     

         ԱՂԴԱՄ

        Դուք երբևէ տեսե՞լ եք Վահան Հովհաննիսյանին` սափրված։ Նրանք, ովքեր բախտ են ունեցել, կհաստատեն, որ սափրված Վահանը լրիվ այլ մարդ էր։ Չէ, խոսքն, անշուշտ, միայն արտաքինի մասին է։

    1993-ի ամռանն էր։ Ղարաբաղ էր գնալու մի քանի օրով ու առաջին անգամ որոշել էր ինձ էլ իր հետ տանել։ Առավոտյան գրասենյակում սպասում էինք Վահանին։ Ուշանում էր։ Հերթական այցելուն թակեց գրասենյակի դուռը։ Տնտեսուհին բացեց ու, այցելուին չճանաչելով , ներս թողեց։ Ու եթե Վահանը չծիծաղեր, ներկաներից շատերը, այդ թվում` նաև ես, բավական երկար ժամանակ պիտի գլուխ կոտրեինք, թե ո՞վ էր այդ, սպորտային գլխարկը մինչև աչքերը քաշած, անծանոթ տղամարդը։

       Սափրված Վահանին, բառիս բուն իմաստով, չէին ճանաչում նաև Ստեփանակերտի գրասենյակի շատ այցելուներ։ Իսկ ինքը կարծես հաճույք էր ստանում դրանից. նստում էր գրասենյակի մի անկյունում ու գլխարկի տակից հետևում մարդկանց։

      Հուլիսի 23-24-ին ազատագրվեց Աղդամը։   Հաջորդ օրը սափրված Վահանը մտավ Աղդամ…

 

          ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ

          1993 թվականի վերջն էր կամ 1994-ի սկիզբը։ Հայաստան էին այցելել մի խումբ թուրք լրագրողներ։ Այլ հանդիպումների թվում նաև Վահանի հետ հանդիպելու ցանկություն էին հայտնել ու այցելել Բյուրոյի երևանյան գրասենյակ։ Խոսեցին, տվեցին իրենց հարցերը։ Սենյակի պատին ծովից ծով Հայաստանի քարտեզն էր, որի վրա Վահանը կապույտ ու կանաչ դրոշակներով նշել էր հայկական քաղաքները` Արևելյան ու Արևմտյան Հայաստանի տարածքներում։ Քարտեզին նայելով` թուրք լրագրողներից մեկը չդիմացավ ու նշեց, որ կապույտ դրոշներով նշված քաղաքներն արդեն հայկական են, իսկ կանաչ դրոշներով նշված քաղաքները գրավելը գուցե դաշնակների ծրագրային նպատա՞կն է։ Վահանը իրեն հատուկ սարկազմով ու ժպիտով պատասխանեց, որ իր կապույտ դրոշակները պարզապես վերջացել են, ու ստիպված է եղել մյուս մեծ քաղաքները կանաչ դրոշակներով նշել։ Իսկ ես հոգուս խորքում այն ժամանակ էլ համոզված էի, որ թուրք լրագրողը հասկացել էր Վահանի երազանքը։ Տարիներ անց Վահանը պիտի հայտարարեր, որ իր համար ամենացանկալի պաշտոնը Կարսի նահանգապետ լինելն է...

(Շարունակելի..)

Պարույր Սանթրոսյան

yerkir.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica