close
Եղանակը Երևանում
6 Հուլիսի 2020
+20°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչ կստանա Արտաշես Գեղամյանը Պուտինից

Հարթակ

9 Հուլիսի 2015, 17:30
 Ինչ կստանա Արտաշես Գեղամյանը Պուտինից

Հելսինկիում ընթացող` ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում այսօր ընդունվել է Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններն «ագրեսիա» որակող հռչակագիր: Դրան դեմ է քվեարկել միայն մեկ հոգի: Եվ այդ մեկ հոգին եղել է ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը: Հայաստանյան պատվիրակության մյուս անդամները` Ստեփան Մարգարյանը և Ստեփան Դեմիրճյանը, քվեարկությանը չեն մասնակցել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գեղամյանը Վեհաժողովում հանդես է եկել Ռուսաստանին և նախագահ Պուտինին պաշտպանող, նրանց նկատմամբ Արևմուտքի քննադատությունը դատապարտող ելույթով: Գեղամյանը նաև Վեհաժողովի պատվիրակներին է բաժանել իր հեղինակած` «Ռուսաստանի դեմոնացումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի» խոսուն վերնագրով գիրքը:

Հելսինկիի հռչակագրին Գեղամյանի դեմ քվեարկելու հանգամանքը որոշ իմաստով կարելի է հասկանալ: 2014թ. մարտին Հայաստանը ՄԱԿ-ում 10 երկրների հետ միասին դեմ քվեարկեց Ղրիմում անցկացված անկախության հանրաքվեի արդյունքները չճանաչելուն միտված բանաձևին:

Թեև Հելսինկիի հռչակագիրը հիմնականում վերաբերում էր Դոնեցկում և Լուգանսկում Ռուսաստանի դերակատարությանը, սակայն դրանում կար մի կետ, որով Ղրիմի ինքնավար մարզում և Սևաստոպոլ քաղաքում անցկացված հանրաքվեն հայտարարվում է իրավական ուժ չունեցող: Այս իմաստով Գեղամյանի քվեարկությունը տեղավորվում է Ղրիմի հանրաքվեի հարցում Երևանի քաղաքականության ծիրում: Խնդիրն այն է, սակայն, որ նրաի քվեարկությունն իրականում Հայաստանի կամ նրա շահերի ու հետաքրքրությունների հետ բացարձակապես որևէ կապ չունի:

Նախ` Գեղամյանը կարող էր ոչ թե դեմ քվեարկել հռչակագրին, այլ ձեռնպահ, կամ, ինչպես իր ղեկավարած պատվիրակության անդամները, պարզապես չմասնակցեր քվեարկությանը: Դրանից ոչինչ չէր փոխվելու. բանաձևը, միևնույն է, ընդունվելու էր, Ռուսաստանը չէր կարող Հայաստանին մեղադրել «անհավատարմության» մեջ, որովհետև, համենայն դեպս, կողմ չի քվեարկել դրա և, ամենակարևորը, չէր վերակենդանանալու Հայաստանի` իբրև Ռուսաստանի անհույս կցորդը լինելու մասին նվաստացուցիչ կարծիքը` հատկապես` Երևանում տեղի ունեցած և Հայաստանի ինքնիշխանությունը, արժանապատվությունը որոշակիորեն վերականգնած բողոքի ցույցերի թողած արտաքին տպավորության ֆոնին: Գեղամյանն, այսպիսով, ընդամենը մեկ կոճակ սեղմելով, ուղղակի ջուրն է լցրել այն ամենը, ինչ մի ամբողջ հասարակություն փորձում էր կառուցել երկու շաբաթ շարունակ: 

Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ ԽՎ Հելսինկիի գագաթաժողովին ռուսական պատվիրակությունը չի մասնակցել` այն բոյկոտելով` պատվիրակության մի քանի անդամների, այդ թվում` ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին Ֆինլանդիայի իշխանությունների կողմից, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների շրջանակում, երկիր մուտք գործելու իրավունքից զրկելու պատճառով: Փաստորեն, Արտաշես Գեղամյանը որոշել է օգտվել այն առիթից, որ Ռուսաստանը հնարավորություն չունի Խորհրդարանական վեհաժողովում և չափազանց կոշտ գնահատականներ պարունակող այդ հռչակագրի շրջանակում ինքնապաշտպանվելու, և իրեն հատուկ ոճով որոշել է ստանձնել ռուսական շահերի պաշտպանության «ասպետի»` յուրատեսակ Իլյա Մուրոմեցի առաքելությունը և այն իրականացնել այնպիսի մի ֆուրորային եղանակով, որ, ուզեն, թե չուզեն, Կրեմլում հիանան իր այդ «մենահամերգով»:

Մինչ այս նա բավարարվում էր` Հայաստանի գործող նախագահին ներբողներ նվիրելով, արդարացնելով եվրասիական տարածքին ինտեգրման կուրս որդեգրելու նրա իմաստնությունը: Այս ձոներգությունը Սերժ Սարգսյանի կողմից գնահատվեց ըստ արժանվույն: Եվ իրողությունը, որ Արտաշես Գեղամյանը ՀՀԿ-ի համամասնական ցուցակով հիմա Ազգային ժողովում է ու ձեռքի հետ գլուխ է բերում իր ընտանիքի անդամների բարեկեցության ապահովման, տարատեսակ քվոտաներ ստանալու գործը, հենց այդ գնահատման ուղղակի արգասիքն է: Դատելով այն ջանասիրությունից, որ նա հիմա ցուցաբերում է Ռուսաստանի իշխանությունների ուշադրությունը գրավելու համար, պետք է ենթադրել, որ հայաստանյան քվոտաները, Սերժ Սարգսյանի սիրելին լինելու հանգամանքը երևի արդեն քիչ են թվում: Ու մարդը աչքը գցել է Կրեմլին: Գեղամյանին կարելի է հասկանալ: ԱԺ պատգամավորի նրա կարգավիճակին շատ քիչ` մոտ երկու տարի ժամանակ է մնացել: Իսկ ապագայի մասին մտածել ամեն դեպքում պետք է: Նաև` այնքան էլ արդարացի չէ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության համար այդքան ջանք ու եռանդ թափել, գրքեր գրելու վրա այդքան ժամանակ ու առողջություն վատնել և փոխարենը նույն ԵՏՄ-ում ոչ մի պաշտոն չստանալ: Փաստորեն, այս իմաստով Սերժ Սարգսյանից նա հույսը կտրել է: Մնում է` Վլադիմիր Վլադիմիրովիչը: Ոչինչ, որ Հայաստանը խայտառակելու, նրա արժանապատվության վրա ոտքերը մաքրելու գնով: Նման կատեգորիաները Մամիկոնիչի «հագով չեն»:

Գևորգ Աղաբաբյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica