close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2017
+6°
+13°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՌԱՋԻՆ ԿԻՆԸ. Ռ.Հովսեփյան

Թուղթուգիր

8 Հուլիսի 2015, 23:08
 ԱՌԱՋԻՆ ԿԻՆԸ. Ռ.Հովսեփյան

Կորել էր Տատյանա Արկադևնայի սենյակի բանալին:

Նա կեսօրին էր հասել անապատ, նրան տրամադրել էին աուլի դատարկ սենյակներից այն մեկը, որի միակ պատուհանը սովորական ուղղանկյուն բացվածք չէր: Բարաքը կցմցելիս վարպետը կամ չի ունեցել պատուհանի սովորական շրջանակ, կամ զզված է եղել միօրինակությունից ու օգտագործել է տակառի անպետք օղը: Նա ի՞նչ իմանար, որ կլոր պատուհանը հետագայում տղամարդկանց երևակայության մեջ դառնալու է կանացի աչք, և որ այդ մենաչքը տգեղ ու անհեթեթ չի դիտվելու, որովհետև ահավոր մեծ ուժ է երևակայությունը, եթե երևակայությանը վերագրենք նաև այն ամենը, ինչ ծնվում է նրանից: Հնարամիտ մեկը ձիու պոչի մազերից հսկայական հոնք էր սոսնձել, ամրացրել էր պատուհանի վերևում, գուցե նույն տղամարդը, գուցե մեկ ուրիշը, ածուխով սևացրել էր աչքի աջ ու ձախ ակնդիրները, աուլի վրա թափվող պատահական անձրևները չէին լվացել ածուխը, խցկել էին ծեփի տակ, ավազախառն քամիները քրքրել էին հոնքը՝ մազերը նոսրացել էին, մազեր էին կախ ընկել, դարձել թարթիչներ, և այսպիսով աչքը տարիների ընթացքում մշակվել էր, կոկվել:
Այդ սենյակում դեռ ոչ մի կին չէր ապրել: Այդ սենյակում յուրաքանչյուր տղամարդ կարող էր ապրել իր ուզած կնոջ հետ:

Եվ, ահա, եկել էր առաջին կինը, ու նրան, բնականաբար, տրամադրել էին կլոր պատուհանով սենյակը, որի դուռը, ինչպես և աուլի մնացած բոլոր դռները, պարտադիր չէր կողպել, բայց Տատյանա Արկադևնան անապատ էր հասել կեսօրին ու դեռ չէր հասցրել հաղթահարել սովորության ուժը. Աշխաբադում,- որտեղից նա եկել էր,- մեծ ու փոքր բոլոր քաղաքներում մարդիկ տնից դուրս գալիս կողպում են դռները, միևնույն է, տանը գողանալու ինչք ունե՞ն, թե՞ ոչ, միևնույն է, կա՞ անհրաժեշտություն, թե՞ ոչ: Հավանաբար ոչ մի ասպարեզում այնքան հնարամտություն չի մսխվել, որքան փականքի արտադրության մեջ, հապա փորձեք հիշել, թե ձեր կյանքում քանի խորամանկ փականք եք տեսել ու օգտագործել: Մեղավորն անպայման առաջին միամիտն է, փականքի գյուտարարը, և եթե մարդու գող տեսակն այսքան կենսունակ ստացվեց, ապա մեղքն, իրոք, հենց այդ առաջին միամտի ու նրա հետնորդների շլինքից չի՞ կախված: Գողին պիտի ոչնչացնեին, այնինչ վարժեցրին կռվել փականքի խորամանկացման հետ. որքան բարդանում էր փականքի կառուցվածքը, այնքան նրբանում էին գողի մատները: Համենայն դեպս, դեռ չի եղել մի կողպ դուռ, որ գողը բացած չլինի:

Բանալին ընկել էր Աղե լճի ճանապարհին կամ լճափի ավազներին և, եթե գիշեր էլ չլիներ, մեկ է, չէր գտնվելու,- անապատի ավազը, ոնց որ ջուրը, կլանում, սուզում է իր մեջ՝ ինչ վայր է ընկնում և ջրի նման էլ ծածկում է հետքերը:- Տղամարդիկ չէին ուզում, որ բանալու պես չնչին իրի պատճառով մտահոգվեր անապատ եկած առաջին կինը. նրանք խոստանում էին ջարդել փակ դուռը, հոխորտում էին փշրել բարաքի չորս պատերը, վերջապես էլի կան դատարկ սենյակներ, չէ՞, իսկ ամենից շատ նրանցից յուրաքանչյուրը Տատյանա Արկադևնային երազում էր առաջարկել իր խուցը, իր՝ դեռ կնոջ մարմին չգրկած անապատային անկողինը:

Տատյանա Արկադևնայի մտքով չէր անցել, ոչ էլ Աշխաբադում հուշել էին նրան, որ անապատում, թեև աղահամ, թեև գարշահոտ, բայց և իսկական լիճ է լինելու, և ավելորդ էր համարել ճամպրուկ խոթել լողազգեստը ու հիմա լողում էր մերկ կամ կիսամերկ. ոչ ոք չտեսավ, թե ինչպես և ինչով նա լիճ մտավ, նրա հրամանով բոլորս շրջել էինք երեսներս, շունչներս պահած լսում էինք կանացի հանդերձների շրշյունները, որ հենց ընկնում էին ավազներին, մարում էին իսկույն:

Ես նայում էի աուլի փտող ոսկորների պաղ առկայծումների նման աղոտ լույսերին, ջանում էի գտնել կլոր պատուհանը, բայց դա անհնար էր, որովհետև հեռավորությունն ու իմ կարճատեսությունը աղճատում էին պատկերները: Գիշերվա այն ժամն էր, երբ Աշխաբադի ռադիոկայանը «բարի գիշեր» էր մաղթում իր ունկնդիրներին և, ուրեմն, պիտի լռեին եթերը գրաված թուրքմենական դութառի ծլնգծլնգոցները, ու ես միջակ հզորություն ունեցող իմ ընդունիչով կարող էի լսել Երևանի ձայնը: Ես քսաներեք տարեկան էի: Անապատն ինձ թվում էր լքված ավազե ժամացույց, որի վերին ձագարանման անոթը պարպվել էր վաղուց, իսկ վարինը՝ բերնեբերան, մինչև նեղ կոկորդը լիքն էր մանր, դեղնավուն ավազով, ու այդ ավազի տակ քնել էր Ժամանակը: Ես հարբած էի: Բակից հեռացրած շան նման ուզում էի ոռնալ կարոտից: Ռուսական թունդ օղին խարտում էր, խարտում էր, խարտում էր հայրենախտի ժանգը, ու ես հաճելի սարսուռով զգում էի ընկնավորության սահմաններին քսվող պահերի մոտեցումը, որ խլրտում էին անցյալի հնչյուններով ու պատկերներով: Լսածդ ոչ մի հնչյուն չի մարում, տեսածդ ոչ մի պատկեր չի ջնջվում, դրանք դարս-դարս կամ խառնիխուռն ամբարվում են ներսումդ ու քնում, քանի դեռ չեն բթացել զգայարաններդ, քանի դեռ աստծո եկող օրը անկրկնելի է, քանի քեզ չի պատանավորել նորին մեծություն Ծերությունը: Երբ խցանվում են ականջներդ, երբ խեղճանում են աչքերդ, երբ ներսդ լիքն է, երբ լեցունությունդ կտրատում է բոլոր կապերը՝ քեզ հասցնելով անսահման ազատության, ահա այդ ժամանակ են արթնանում լսածդ հնչյունները, տեսածդ պատկերները: Եվ կամ՝ երբ շուրջդ լռություն է, երբ միօրինակությունից պաղում են աչքերդ, երբ անապատում ես...

Մութ, ցեխոտ փողոցներով, անձրևի շրխկոցի տակ, ես հետևում էի հորս, ամեն սայթաքելիս սարսափելով, որ հիմա-հիմա կորցնելու եմ նրան: Ես չգիտեի, թե ուր է նա գնում և ինչու. նույն փողոցներն էին, նույն մութը, անձրևը: Տպավորությունն այնպիսին էր, թե սկզբում նա, հետո ես՝ մտել էինք խավար մի թունել, որի լուսավոր ծայրը չկար, դուրս գալու հույսը չկար, իսկ վերևից՝ ժայռերի պատռվածքներից չռռում էր լպրծուն, սառը ջուրը, որ պիտի ցեխ դառնար ոտքերի տակ կամ արդեն ցեխ էր՝ օդում: Ես շտապում էի հասնել նրան որևէ հեռագրասյան մոտ, ուր լապտեր էր ճոճվում, նայել դեմքին՝ համոզվելու, որ ճիշտ չէ, ճիշտ չէ կասկածս:

Երեք տարի առաջ շուկայի մուտքի մոտ մի բիձա ծանր պարկը փորձել էր շալակն առնել ու չէր կարողացել: Տարօրինակն այն էր, որ շուկա ելումուտ անող տղամարդկանցից որևէ մեկին դիմելու փոխարեն բիձուկը լակոտիս մոտ կանչեց: Ես մատներով հազիվ էի գտել պարկի տակը, դեռ ուժ չէի տվել ձեռքերիս, պարկն արդեն թառել էր բիձուկի թիկունքին: Նա շրջվեց շնորհակալություն հայտնելու, ու ես սարսափեցի նրա դեմքից. դա դեմք չէր՝ դիմակ էր: Նա փորձեց ժպտալ, գուցե և ժպտաց, բայց դա ժպիտ չէր, ավելի ճիշտ՝ ժպիտ էր դիմակի տակ, անշարժ, քարացած, ինչպիսիք ունենում են գերեզմանատան անհաջող հուշարձանները: Դա մեռած կամ մեռնող ժպիտ էր: Դա մեռած կամ մեռնող դեմք էր: Տասը-տասներկու քայլ գնաց բիձուկն ու ընկավ: Մարդիկ հավաքվեցին, արձակեցին ընկածի վերնաշապկի կոճակները, ջուր ցանեցին երեսին, կսմթեցին, ապտակեցին՝ ոչինչ չօգնեց: Նա մեռած էր: Պարկի բերանը բացվել էր, մայթին, մարդկանց ոտքերի տակ տրորվում, իրենք իրենց թերթվում էին պարկից դուրս պրծած, մաշված կազմերով հին-հին գրքերի էջերը:

Այդ օրից բիձուկի դիմակ-դեմքը հետապնդում էր ինձ: Ես երևակայում էի, թե մարդկանց դեմքերին նայելով՝ կարող եմ գուշակել նրանց Մահը:

Անձրևը դադարել էր, երբ հայրս հասավ երկաթուղային գծերին: Սկզբում ես կարծեցի, թե երկաթուղային թաց գծերն ու ավազաթմբի մյուս կողմի ճահիճը ցոլցլում են կայարանի լուսարձակից, բայց հենց լուսարձակը շարժվեց, ու, ասես, վազ տվեցին զույգ գծերը, գլխի ընկա, որ շոգեքարշը պոկվեց տեղից, ետևից քարշ տալով փայտոջիլի հոտ ունեցող վագոնները՝ անքուն ուղևորներով, աշխարհի ամենանախանձելի մարդկանցով. իրոք, նախանձելի են նրանք, երբ քթերը ապակիներին սեղմած՝ փախչում են մոտիցդ, քեզ նայելով մի ակնթարթ միայն, հետևյալ պահին մոռանալու համար դեմքդ էլ, թախիծդ էլ. դու մի աննշան մանրամասն ես այն բնանկարի, որ ուղևորությունից հետո նրանք պահելու են որպես հուշ, տպավորություն: Իսկ նրանց կճատ քթերը գուցե թե դու երբեք էլ չմոռանաս:

Շոգեքարշի լուսարձակը դեռ հեռվից լուսավորեց հորս ոտքից գլուխ, և ես հասցրի տեսնել նրա դեմքը: Ոչ,- ուրախացա,- հորս դեմքը դիմակ չէր: Հոգնած, չարչարված դեմք էր, բայց դիմակ չէր, ու ես չբղավեցի, չկանչեցի հորս: Համոզված էի՝ գնացքն անցնելու էր նրա կողքով: 
Վերջին վագոնի պոչից կառչած հորս հայացքում ինքն իրեն հաղթած մարդու ժպիտ կար ու պարտվածի խեղճություն...
- Ապուշ,- լճի միջից ինձ հասավ մեկի ձայնը,- կամ քնելու գնա, կամ ջուրը մտիր:
Աղի, գարշահոտ ջրերում տղամարդիկ շարժվում էին այնպես, որ և լողի տպավորություն թողնեն, և չհեռանան Տատյանա Արկադևնայից: Հանդիսատեսի իմ վիճակը գրգռում էր տղամարդկանց, գոնե նրան, ով ձայն տվեց,- լճում կչկչացող հարբած կինը հրաշքով գլխիվայր շրջել էր ժամացույցը, տղամարդկանց հիշեցնելով, որ պատրանքը՝ պատրանք, բայց կա նաև իրական մարմին՝ գեղեցիկ է, տգեղ է, սա է,- և իմ հավատարմությունը հնին, պատրանքներին՝ դավաճանություն էր:
- Տատյանա Արկադևնա,- լսվեց նույն ձայնը, ու հիմա ճանաչեցի օս Մայրանսաևին,- հապա նայեք. ավազներին փռված մեր տղան կարծես Մուհամմեդը լինի այն պահին, երբ նոր կրոնն էր հորինում:
- Բայց նա ավելի Քրիստոսին է նման,- կնոջ ձայնը խեղդվեց ընդհանուր քրքիջի մեջ:
Ծիծաղի կծիկը քանդվել էր, ոչ մեկն անմասն չէր ուզում մնալ. ընկերության ստորջրյա կապերը, նման դեպքերում, շարժման մեջ են դնում բոլորին ճիշտ այնպես, ինչպես տիկնիկներին՝ դերասանի մատներին փաթաթված լարերը:
- Թող նա իջեցնի վարտիքը՝ տեսնենք թլփատվա՞ծ է, թե՞ ոչ:
- Թող նա իջեցնի վարտիքը՝ տեսնենք որևէ բան ունի՞:
Սրամտությամբ կնոջ համակրանքը շահելու աճուրդ էր հայտարարված՝ ո՞վ ավելին: Երևակայական մուրճը չէր հասցնում զարկել երեք անգամ, թեև հերթական սրամտությունը հաճախ զիջում էր նախորդին:
Մի տեսակ հայրաբար, մտքումս,- քիչ ավելի ուշ գլխի ընկա, որ Տատյանա Արկադևնայի փոխարեն եմ ընտրություն կատարում,- թվարկում էի ամեն սրամտողի առավելություններն ու թերությունները, մի բան, որ չէր կարող անել կեսօրին անապատ եկած կինը: Բայց իմացություններս ավելի շատ խանգարում էին, քան՝ օգնում. երբ ճանաչում ես մարդուն,- իսկ ես երկրորդ տարին էր անապատում էի, և աշխատանքից բացի ու հենց աշխատանքում էլ մենք ուրիշ ոչինչ չունեինք անելու, քան մեկմեկու ուսումնասիրելը,- ակամա ընդունում ես նրան ամբողջությամբ: Մոռացվել են հիասթափության, հիացմունքի պահերը, որ ոչ թե տվյալ մարդու, այլ առհասարակ մարդու մասին քո պակասավոր պատկերացումների արդյունք են: Երբ ճանաչում ես մարդուն,- և ոչ թե նրա այս կամ այն հատկությունը,- այլևս անհնար է, անիմաստ է համեմատել նրան մեկ ուրիշի հետ: Եվ, վերջապես, մտքումս կատարված ընտրության փորձը գոնե մի գիշերով կին ունենալու համար էր՝ պարգև, որին, անհարմար է նույնիսկ ասել, արժանի էին բոլորը: Նույնիսկ կալանավորներին, կարծեմ, թույլ է տրվում ժամանակ առ ժամանակ տեսակցել կանանց հետ: Նրանց տրվում է առանձին սենյակ, միայնություն, և դռան մյուս կողմում քայլող հսկիչը, որին իսկույն մոռանում են կարոտած ամուսինները, այլևս բանտապահ չէ, այլ մեղրամիսի առաջին գիշերը հսկող սկեսրայր: Բանտի կարգը խախտողներին որպես պատիժ զրկում են կնոջ հետ հերթական տեսակցության իրավունքից: Չեն արգելում շնչել, սնվել, արտաքնոց գնալ, արգելում են տեսակցել կնոջ հետ: Ուրեմն, այդ արգելքն է պատժի առավելագույն չափը:

Եթե ես ընտրեի մեկին, նշանակում է պիտի պատժեի մնացածներին: Ես դեմ չէի ոչ մեկի ընտրությանը, բայց և կողմ էի առանձին-առանձին յուրաքանչյուրին: Առաջին պահ, թվաց, վրեժխնդիր կլինեմ Մայրանսաևից, դուրս կգցեմ նրան մրցակիցների ցուցակից. անապատ գալուս առաջին օրը սա ինձանից տասնհինգ ռուբլի վերցրեց, որ, իբր, մի ծանոթի միջոցով ինձ համար ծալովի մահճակալ ճարի: «Հայրենակից,- ասաց (Կովկասը մեր ընդհանուր հայրենիքն էր),- հատակին քնելը բանի նման չէ: Անապատում ինչն է շատ՝ օձը և ամեն տեսակի զեռունը: Դուռը չես փակի՝ շոգ է, բաց կթողնես, սրանք են ներս խցկվում»: Երեկոյան նա հարբած էր ու շշկլված լեզվով համոզում էր ինձ, որ խմել է ոչ իմ փողերով,- փառք ալլահին, անապատում վատ չեն վաստակում՝ ջրի պակասի դիմաց վարձատրվում ես, բնակավայրերից հեռու ապրելու համար նույնպես, անապատն էլ հատուկ վարձատրության գոտի է, իսկ ծալովի մահճակալին ես կպառկեմ վաղը, ամենաուշը՝ մյուս օրը, եթե մինչև այդ սենյակ խուժած օձերն ու ամեն տեսակ զեռունը ինձ չուտեն:
Ես վաղուց մոռացել էի այս միջադեպը, կարծեմ այն օրից, երբ ինքս ինձ ասացի. ենթադրենք՝ կորցրել ես տասնհինգ ռուբլին կամ չես ունեցել, և հիմա ընտրելիս հիշեցի, բայց միայն մի պահ իշխեց վրեժխնդիր լինելու ցանկությունս: Ես նրան պատժելու ուժ չունեի:

Չգիտեմ որտեղից,- աուլում գրադարան չկար, և ամեն գրադարան չէ, որ ունի այդ գիրքը,- նա մի քանի օրով ճարել էր «Անամգարանդա Կալիանամատա»-ի հին հրատարակություններից մեկը ու հաճույքով, բարձրաձայն կարդում էր կենակցման ձևերի մասին զանազան պատմություններ: 

«Շան կյանք է, չէ՞: Ամիսներով կնոջ փեշ չենք տեսնում, իսկ երբ մի շաբաթով քաղաք ենք ընկնում, կոնծում ենք այնքան, որ դառնում ենք շնչող մեռել: Եվ լավ էլ անում ենք, որ կոնծում ենք, միևնույն է, մի շաբաթում կնիկ չես ճարի: Նրանք հո չե'ն նստում ու սպասում, թե երբ է անապատից բեղը ցցած գալու Մայրանսաևը, այդ անբախտ շանորդին, որի կյանքը, տեսնես, ինչո՞ւ չստացվեց»:
Չէ, ես նրան մերժելու ուժ չունեի:
Եվ ոչ էլ որևէ մեկին ու ջուրը մտա, որ խառնվեմ նրանց՝ ընտրության մենաշնորհը հանձնելով դրության տիրուհուն:
Ես լող տալ չգիտեի, բայց խեղդվելու վախը չկար, և ոչ թե այն պատճառով, որ շուրջս բոլորն էլ հիանալի լողորդներ էին,- ինձ բոլորովին մոռացած նրանք պտտվում էին Տատյանա Արկադևնայի շուրջը, և դժվար թե հուզմունքի, ցանկասիրության այդ ալիքների մեջ նկատվեր մեկն ու մեկի հատակ սուզվելը: Պարզապես ջուրը սոսկալի աղի էր, ծանր, գերհագեցած լուծույթ, այլևս անընդունակ որևէ նոր բան ներսն առնելու: Եվ որքան դժվար էր նկատել մեկն ու մեկի անհետացումը, նույնքան էլ դժվար էր նկատել որևէ մեկի ներկայությունը: Տղամարդկային մի հոծ զանգված էր շողոքորթում մերկ կնոջ շուրջ, և ես չգիտեի, թե որքան դեռ կդիմադրեր կինը, ու ինչով կվերջանար արու սարդերի հարսանեկան պարը հիշեցնող այս տեսարանը: Շողոքորթանքին, քծնանքին,- այդ անդիմադրելի ուժին,- ո՞վ է դիմացել, որ Տատյանա Արկադևնան դիմանա: Նույնիսկ Քրիստոսը չդիմացավ, թույլ տվեց, որ Մարիամը նարդոսի ազնիվ յուղով օծի իր ոտքերը:
Ջո՞ւրն էր վարակված կրքով, թե՞ կնոջ կլորիկ ուսերն էին մագնիսի նման ձգող, ինձ արդեն գրավում էր Տատյանա Արկադևնան, բայց գայթակղությունս թաքցնելու համար հնարում էի, թե իբր հետաքրքրվում եմ իմանալ՝ մե՞րկ է լիճ մտել նա, կիսամե՞րկ, այսքանը, ու երևակայում էի, թե ես Ոդիսևսն եմ և ահա կամովին կապկպված՝ ճգնում եմ և վայելել սիրենների երգը, և չկործանվել: Ցանկությամբ ես աստիճանաբար միանում էի անապատի տղամարդկանց, ու նրանց քծնանքը, կնոջը տիրանալու նրանց այս դաժան մարաթոնը, որ անհայտ էր, թե որքան էր դեռ տևելու, այլևս ծիծաղաշարժ չէր: Բայց ես պաղ, օտարի հայացքով երկար էի նայել տղամարդկանց, ու այդ իմ օտարի հայացքը, որ մնացել էր լճափին, խայթում էր ծոծրակս: Ես ինձ չկարողացա համոզել, որ հայացքս տեսնելու ցանկությունս անմտություն է, ցնորք, որ հայացքս չեշիրյան կատվի ժպիտ չէ, օդում կախված,- ծոծրակիս խայթոցն այնքան էր իրական, որքան հենց ծոծրակս: Ես շրջվեցի լճափի կողմը, տեսա կաղ ուղտին, ու նույն պահին մեկի ոսկրոտ, ամուր ձեռքը ինձ սեղմեց, սուզեց հատակ: Դեռ ջրի տակ, մինչև վեր բարձրանալս, ես մտածում էի, որ հերթական կատակի զոհ դարձա էլի ու երբ գլուխս դուրս հանեմ ջրից, պիտի լսեմ տղամարդկանց քրքիջը: Բայց իմ դուրս գալուն սպասում էր միայն Մայրանսաևը՝ խոժոռ, արնակալած աչքերով, տեր աստված, այնպիսի թավ հոնքերով, որոնցից յուրաքանչյուրը կփոխարիներ Բուդյոնիի բեղին: Ես նրա հայացքի տակ խեղճացա այնպես, ինչպես երևի անծանոթ մեկի ոտնաթաթը տրորող մարդն է խեղճանում: Իսկ լճափին հայտնված կաղ ուղտը տեսապատրանք չէր: Հիմա նա հոտոտում էր Տատյանա Արկադևնայի շորերը, փորձում էր համը՝ ատամների տակ ծամծմելով, ասես ոսկեդրամը կեղծից զանազանող առևտրական, ուզում էր ճշտել՝ իրո՞ք կին է մերկացել լճափին:
- Կարո՞ղ ես ստել,- հարցրեց Մայրանսաևը:
Հարցեր կան, որ միջոց են, կամուրջ՝ հասնելու իսկական հարցին, որ, հավանաբար, մեկեն դժվար է ասել, կամ ո՞վ գիտե, գուցե մարդուս մեջ արմատացել է իսկականը, կարևորը քիչ թատերականացված ասել-լսել տալու եղանակը:
- Ոչ,- ասացի ես:
- Ուրեմն, սովորիր ստել: Ստիր, բայց մի ապրիր գերանի պես: Դու ոչինչ չես անում, դու այնքան ես բութ, որ նույնիսկ հանցանք չես գործի: 
Ես ընկա թիկունքիս, փորձում էի հիշել կարդացածս որևէ տող՝ պատասխանելու Մայրանսաևին: Ես ձեռքերս վեր էի պարզել նրա, անապատի տղամարդկանց փորձառության դիմաց, հաստատ իմանալով, որ նրանց կենսափորձը միայն իրենցն է, իմը չէ, ու ես, բնականաբար, չեմ կարող վարվել այնպես, ինչպես նրանց թելադրում է իրենց կենսափորձը: Եվ քանի դեռ չկա իմը, ու եթե ապավինելու անհրաժեշտություն է ստեղծվել, ապա լավ չէ՞ դիմել գրքերին: Իսկ ի՞նչ են բարբաջում գրքերը:
- Նեբիտ-Դաղում մի օր կորցրել էի հյուրանոցի ճամփան...- Մայրանսաևի ձայնը հազիվ էր հասնում լսողությանս, կարծես դեռ ջրի տակն էի ու ձուկ դառած լսում, հասկանում էի մարդկային լեզուն: Աղի, գարշահոտ ջրերում ապրող միակ ձուկն էի, միայն ես էի դիմացել միջավայրի մահացու փոփոխությանը:
- Հերն էլ անիծած,- մտածեցի,- կքնեմ որևէ պատի տակ՝ շան կամ խոզի նման, մեկ չէ՞, թե որտեղ ու ոնց է քնում հարբած, մենակ տղամարդը... 
Մայրանսաևի պատմության ծայրը բռնած, ես՝ ապրող միակ ձուկս, շարժեցի պոչս, հասա Տատյանա Արկադևնայի սպիտակ ոտքերին, քսվեցի նրանց, խուտուտեցի, և կինը հաճույքից գլուխը կորցրած սուզվեց, որ տեսնի՝ այդ ո՞վ է, ի՞նչն է խուտուտում:
- Մտա մի պարտեզ, ընկա ցամաք առուն, հարմար տեղավորվեցի՝ ոնց որ չափովս փորած լինեին: Ուզում էի փակել աչքերս, մեկ էլ տեսնեմ ճյուղերի արանքից լուսավոր պատուհան է երևում...
«Դու ի՞նչ գործ ունես այս թունավոր լճում, ձկնիկ»,- զարմացավ Տատյանա Արկադևնան:
«Երկանքն եմ փնտրում»,- ասացի ես:
«Ոչինչ չեմ հասկանում,- կապույտ աչքերը կկոցեց Տատյանա Արկադևնան, թույլ տալով, որ ես դառնամ կենդանի կրծքազարդ,- լճում ինչո՞ւ պիտի երկանք փնտրեն»:
«Չգիտե՞ք,- հարցրի,- չգիտե՞ք ինչպես աղիացավ ջուրը»:
- Սրա՞նք ինչու չեն քնել,- մտածեցի, ու սատանան բոթեց, թե՝ ել, ել: Մոտեցա պատուհանին, ներս եմ նայում. նիհար, փսլնքոտ մի լակոտ, իսկը քո տարիքին, նստած էր սեղանի մոտ, լրագիր էր կարդում, իսկ նրա կինը, հավատա ճաշակիս, նման կին չեմ տեսել, թեյ էր լցնում այդ փսլնքոտի բաժակը...
«Հիմա կպատմեմ, ինչպես որ եղել է,- ասացի ես Տատյանա Արկադևնային,- միայն թե դուք երբեմն-երբեմն դուրս եկեք ջրի երես, օդ շնչեք...
Ժամանակին այս լիճը մեծ ծով էր՝ քաղցրահամ, զուլալ, ձկնառատ... Դեռ իմ պապերը, պապերիս պապերը դուրս չէին եկել ձվերից, երբ ծովափում,- ծովափն այն ժամանակ լեռներին էր հասնում,- այսպիսի դեպք պատահեց...»:
«Հեքիա՞թ ես պատմում, ձկնիկ»,- ժպտաց Տատյանա Արկադևնան:
- Կնոջը չէր նայում լակոտը, քիթը կախել էր լրագրի վրա ու այնպիսի լուրջ տեսք ուներ, ասես երկու-երեք կյանք էր ապրել արդեն, զզվել էր ամենօրյա հաճույքներից ու հիմա ծնվել էր նորից, որ միայն լրագիր կարդա...
«Տատյանա Արկադևնա,- ծվծվացի ես-ձուկս,- դուք է՞լ, դուք է՞լ չեք հավատում... Ես չգիտեմ, թե ինչն եք դուք հեքիաթ անվանում, բայց այն, ինչ պիտի պատմեմ, եղելություն է, իրականություն, ինչպես լճափի կաղ ուղտը, որ քրքրում է ձեր շրջազգեստը...»:
- Քեֆս թողեց, այնքան էի կատաղել, ու երբ բռունցքով զարկեցի, փշրեցի լուսամուտի ապակին, բոլորովին լուրջ էի, հավատա: Ափսոս, ավելի շատ կինը վախեցավ:
- Մարդիկ, Մայրանսաև,- վերջապես կարդացածս մի միտք հիշեցի ես,- թյուրիմացաբար կարծում են, թե հաճույքն է իդեալը: Ոչ թե հաճույքը, իմացությունն է մարդու նպատակը:
- Դու թքեցիր փայփայածդ նպատակի ճակատին՝ հենց ընկար թիկունքիդ,- ասաց Մայրանսաևը արհամարհանքով,- լավ է սատկես անապատում, քան այդ անօգուտ լեշդ Հայաստան տանես:
Զգացողությունս, որ պիտի փորձեմ նկարագրել, ավելի վաղ էր խտղտում,- երևի այն պահից, երբ նկատել էի Տատյանա Արկադևնայի կլորիկ ուսերը, բայց կարևորություն չէի տալիս՝ մտածելով, որ անցողիկ բան է, բորբոքված երևակայության հետևանք,- ես իմ ներսում մի այլ ես-ի սաղմը հանկարծ զգացի, ինչպես երևի կինն է զգում իր պտուղը: Տարբերությունն այն էր, սակայն, որ իմ ներսինը աճում էր անհավատալի արագությամբ, և նա մտադիր չէր ծնվել այնպես, ինչպես մենք բոլորս ենք ծնվել: Նա աճում էր՝ աստիճանաբար գրավելով մարմինս, մտքերս, ցանկություններս: Բայց նաև չէր ոչնչացնում ինձ: Իմ ամեն ինչը մնում էր անփոփոխ: Համենայն դեպս, Մայրանսաևի արհամարհանքից հետո երբ զգացի, որ ավարտվել կամ ավարտին մոտ է նրա աճը, ես՝ ես էի, ու իմ մեջ դեռ լողում էր Ձուկը:
- Նա մեկն է, մենք՝ յոթը,- գլխով Տատյանա Արկադևնայի կողմը ցույց տվեցի ես ու միտքս կիսատ թողած հիշեցի Թիֆլիսից մեր փոքր քաղաքը տեղափոխված Նանային, որն ավարտական տարում պիտի դառնար մեր դասընկերուհին:- Պատերազմի տարիներին թերսնված սերնդիս ճիշտ պատկերը, Մայրանսաև, մեր դասարանի աղջիկներն էին: Նրանք չէին հասունանում: Տասնվեց, տասնյոթ տարեկաններ էին՝ թույլ զարգացած կրծքերով, և չկար մեկը, որ կրծկալ հագներ: Բայց այդ թերությունը մենք՝ տղաներս, նկատեցինք այն օրը միայն, երբ առաջին անգամ դասարան մտավ Թիֆլիսից եկած Նանան:
- Նա, իհարկե, ճերմակ մաշկ ուներ:
- Ամենից առաջ, Մայրանսաև, նա մեզ ապշեցրեց մաշկի ճերմակությամբ. մերոնք մեզ նման արևահար՝ թրծած կավի գույն ունեին կամ, պարզապես, սև էին, մուր:
- Խե՜ղճ աղջիկներ...
- Մենք կոպիտ, աննրբանկատ հայացքներ էինք գցում մեկ՝ թիֆլիսուհու, մեկ՝ մեր խեղճ աղջիկների վրա, որոնց կյանքում ուրիշ ավելի վատ օր երևի չի եղել: Նրանք տեղնուտեղը ատեցին թիֆլիսուհուն, այլևս երբեք չներելու պայմանով, և մեզ, որ նորեկի ճերմակ մաշկով շլացած՝ ահա-ահա հայտնագործելու էինք կուրծքը...
- Խե՜ղճ տղաներ...
- Այդ օրը, Ալեքսեյ, և էլի հաջորդ շատ օրեր, մենք չէինք կարողանում նայել մեր աղջիկներին. միայն համեմատությունից առաջացած հիասթափությունը չէր պատճառը, մի ուրիշ բան էլ կար, որ դժվարանում եմ բացատրել:
- Դուք մտածում էիք, թե աղջիկները երկար-երկար տարիներ խաբել են ձեզ:
- Ճիշտ է, Ալյոշա, ճիշտ է... Սեպտեմբերի վերջերից, սովորաբար, մեզ կտրում էին դասերից, այս կամ այն գյուղն էին տանում՝ բամբակ հավաքելու: Տնից մենք մեզ հետ պարտավոր էինք վերցնել ուտելիք և, որ ամենակարևորն էր, գոգնոց: Առանց գոգնոցի բամբակ հավաքել հնարավոր չէր, լավ էր ուտելիքդ մոռանայիր տանը, քան՝ գոգնոցը: Չեմ հիշում, թե ով առաջինը խորամանկեց, բայց հաստատ գիտեմ, որ թիֆլիսուհու մասնակցությամբ բամբակահավաքի երրորդ օրը տղաներից ոչ մեկն այլևս գոգնոց չուներ: Բոլորս Նանային մոտ մարգեր էինք ընտրում, բուռ-բուռ հավաքած բամբակը նրա գոգնոցն էինք լցնում: Մենք այդ աշուն մեծացանք՝ այդ մի հատիկ գոգնոցին ու գոգնոցի կապերը պահող կոնքերին քսվելով...
Մայրանսաևն անսպասելի սուզվեց,- այնքան արագ, որ ես չհասցրի տեսնել նրա դեմքը՝ իմանալու, թե ինչ տպավորություն թողեց պատմությունս,- ջրի երես ելավ արդեն Տատյանա Արկադևնային շրջապատած տղամարդկանց մոտ ու փորձում էր խցկվել, վերագտնել իր տեղը, բայց իմ մեղքով նա անվերադարձ կորցրել էր վայելքի վերջին րոպեները: Տատյանա Արկադևնան թախանձում էր տղամարդկանց խնայել իրեն, բաց թողնել:
- Աստված վկա, կյանքումս այսքան չեմ հոգնել,- երդվում էր նա,- կարծես մի շաբաթ անընդմեջ լվացք արած լինեմ: Շրջվեք, պիտի դուրս գամ: 
Նա չսպասեց մեր շրջվելուն,- գուցե համոզված էր, որ շրջվող չի լինի, և անօգուտ էր համարում պնդելը, կամ ո՞վ է հասկանում կանացի բարության խորքը,- լողաց մինչև այնտեղ, ուր ոտքերն առաջին անգամ դիպան հատակին ու այդտեղից քայլեց դեպի ափ՝ աստիճանաբար ցուցադրելով ջրից բարձրացող մերկությունը:
Ոչ ոք չշարժվեց նրա ետևից: Քարացան բոլորը: Աղի, գարշահոտ լճի հարթության վրա ոչ մի կոհակ չէր փախչում. յոթ ապշած գլուխներ էին միայն դուրս ցցվել ջրից ու անթարթ աչքերով դիտում էին մերկ կնոջ ու կաղ ուղտի մենամարտը: Ուղտին կամ դուր էր եկել Տատյանա Արկադևնայի շրջազգեստի համը, կամ սուր-սուր ատամները ծակծկել, կարթել էին չիթը:
- Թող, կաղ սատանա, թող,- բղավում էր մերկ կինը:
Քաշքշուկից ձգվում, շտկվում էր ուղտի ծուռ վիզը, և ավելի էր ցցվում միակ սապատը. ուղտը լայն չռել էր ոտքերը՝ առանց մատնելու կաղությունը և գազազած թափահարում էր գլուխը՝ սպառնալով բզիկ-բզիկ անել ավարը: Նա համարյա վայրենացած ուղտ էր: Նրանից վաղուց ձեռք էին քաշել թուրքմենները, թույլ տալով միայն, որ երբեմն-երբեմն մոտենա յուրտերին ու ջուր խմի ինչքան կարող է: Նա չէր տառապում կեղծ համեստությամբ, խմում էր չորս, հինգ դույլ ջուր ու էլի չքվում էր անապատի ծոցը՝ սաքսաուլներ կրծելու, օազիսներում տուղտ ճարելու:
Վերջապես, Տատյանա Արկադևնան խլեց շրջազգեստը, քշեց կաղ ուղտին, և երբ մոլեգնած ուղտը, կոխկրտելով լճափի թաց ավազները, սլացավ կիսամութից մութը ու անէացավ, մի այնպիսի լռություն տիրեց շուրջբոլորը, որ անապատում նույնիսկ դժվար է պատկերացնել: Թվաց, ուր որ է լսելի կդառնան բարխանների տեղաշարժման շշուկները:
- Դուրս եկեք, պինգվիններ,- հանկարծ ճչաց Տատյանա Արկադևնան:
Աներևակայելի արագությամբ ու Տատյանա Արկադևնայի ծիծաղի տակ,- այդ ծիծաղն ինձ թվաց հիստերիկ լացը խեղդող թաշկինակ,- մենք ափ ելանք, խճճվելով փողքերի մեջ, կարերը տրաքտրաքացնելով հագանք տաբատներս, որոնց ծալքերում պահ մտած ավազահատիկները տզրուկների պես սոսնձվեցին ոտքներիս ու պիտի խայթեին, քանի դեռ թաց էինք:
«Նա ինչո՞ւ է ուզում լալ: Վախենո՞ւմ է, թե՞ խղճում է մեզ»,- մտածում էի, սեղմելով գոտիս մինչև վերջին անցքը:
Եվ եկավ ժամանակը կրկին հիշելու կորած բանալին: Ես առաջարկեցի լայն ճակատ բռնած մինչև բարաք քայլել ոտաբոբիկ, գուցե թե մեր ոտնամատները որսան փափուկ ավազների տակ պառկած մետաղի կոշտությունը: 
Ոչ ոք չառարկեց, միայն ավագ երկրաբան Մանժոսովը քթի տակ անհասկանալի փնթփնթաց: Եթե նա որոշ հույսեր փայփայելով,- Տատյանա Արկադևնային գործուղել էին մեզ մոտ Մանժոսովի հաշվետվության գծագրական աշխատանքները կատարելու համար,- ուրախ էր, որ կորել է բանալին, ուրեմն, բնական է, որ պիտի չարանար իմ առաջարկից, որքան էլ ավազների մեջ ընկած կեսմատ երկաթակտոր գտնելը հավասար էր հրաշքի: Իսկ հրաշքներ չեն լինում. մեր ոտաբոբիկ թափորը ձեռնունայն կանգ առավ կլոր պատուհանով սենյակի դիմաց:
Տատյանա Արկադևնան տանջված, հոգնած տեսք ուներ: Փոքրացած ու ճպռոտած աչքերի տակ կախվել էին կապույտ պարկեր, իսկ ճակատին նստած աղի պսպղուն բյուրեղիկները, որ լճի պարտադիր խարանն էր, ավելի էին ընդգծում նրա զարգացող կնճիռները: Կայտառությունը, խմիչքի ազդեցության հետ, մնացել էր լճում, տեղը զիջելով ամբողջ կես օր բենզինատարի տոթ խցիկում լխկլխկալու հոգնությանը: Մարդը ի՞նչ, մեքենան է ուժասպառվում անապատի ճանապարհին: Տասը-տասնհինգ կիլոմետրը մեկ եռում է մեքենայի ջուրը, շիկանում է շարժիչը, և ուզես, թե չուզես, շտապես, թե չշտապես, պիտի կանգ առնես, ցուցամատիդ երեսի կողմը թքոտես, տնկես հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք, մինչև այրվող օդում որսաս,- ծիծաղելի է ասել,- քամու շարժման ուղղությունը: Գտա՞ր, մեքենայի մռութը բաց, դեմ արա քամուն ու սպասիր գազազած մետաղի հանդարտվելուն: Իսկ դու փռվիր մեքենայի քառասունհինգ աստիճան ջերմությամբ շվաքի տակ ու երևակայիր, թե սոճիների անտառում ես պառկած, և մաշկիդ ծակոտիներից բուսնող քրտինքի կաթիլները մրջյուններ են, այդ նրանք են խուտուտում մարմինդ: Եթե խուտուտի տեղում մատներդ մրջյուն են տրորել, եթե ձեռքդ նորից գլխիդ տակ տանելիս դարանակալ եղինջ հանդիպի, ապա խայթված մատդ անպայման բերանդ կկոխես ու կզգաս մրջյունի թթվաշ համը: Իսկ քրտինքն աղի է, ինչպես Աղե լճի ջուրը... Ժամանակին այս լիճը մեծ ծով էր, Տատյանա Արկադևնա, քաղցրահամ, զուլալ, ձկնառատ... 
Տատյանա Արկադևնայի դեմքին և' վախ կար, և' խղճահարություն: Ավելի ճիշտ՝ միայն վախ էր՝ ծնված խղճահարությունից: Նա վախեցած էր իր խղճահարությունից: Նա պատրաստ էր տալ ամեն ինչ, միայն թե փախչեր մեր շրջապատումից, իր խղճահարությունից: Նա չէր ցանկանում ոչ մեկին,- իմ անփորձ աչքերն ինչպե՞ս նկատեցին,- բայց տրվելու էր առաջինին, ով նրան քարշ կտար իր ետևից: Եվ տրվելու էր չցանկանալով: Տրվելու էր խղճալով:
Մեր հայացքները հանդիպեցին. նա, կարծեմ, գլխի ընկավ, որ ես հասկացել եմ իր վիճակը, ու ձեռքը հարդին գցող խեղդվողի նման այլևս պոկ չեկավ ինձնից:
- Տատյանա Արկադևնա,- Մանժոսովի ձայնն էր,- գուցե դուք ուզում եք ծանոթանա՞լ հաշվետվության նյութերին... Մենք կարող ենք առանձնանալ: 
- Կորչի աշխատանքը,- ռադիստ Յուրայի բարակ, համարյա կանացի ձայնն էր,- Մադրիդը հիմա գիտե՞ք ինչ երաժշտություն է հաղորդում...
Տատյանա Արկադևնան ինձ էր նայում. նրա հոգնած, ինչ-ինչ սպասելիքներից հետզհետե աշխուժացող հայացքը սահում էր վրայովս գուրգուրող ձեռքի նման և ասես նպատակ ուներ կենդանացնելու մեռած կամ քնած նյարդերս: Իմ ներսում մարում, կորչում էր «Ես ի՞նչ կարող եմ անել» ճիչը, հիմա ինձ սարսափելի չէին Մայրանսաևի, ոչ էլ Տատյանա Արկադևնային անապատ բերող բենզինատարի վարորդի մկանները: Տուրուդմփոցը բացառված չէր, կարող էր ծագել ամեն վայրկյան՝ թթու մի խոսքից, խեթ նայվածքից, հենց այնպես՝ անառիթ: Եվ լավ է, որ մինչև տուրուդմփոցը քեզ հաջողվում է պայթեցնել հակառակորդի հնարավորությունները խոշորացնող սարսափի փուչիկը:
Բայց կատարվեց անսպասելին. Տատյանա Արկադևնայի սևեռուն հայացքի հետքը բռնած տղամարդիկ իրենց մեջ գտան ինձ: «Ահա թե ում ընտրեց, վերջապես, Տատյանա Արկադևնան»: Թյուրիմացությունն ինձ համար ակներև էր, բայց պահն այնպիսին էր, որ ես ակամա ստանձնեցի ընտրյալի դերը: «Հապա ի՞նչ էիք կարծում»: Նրանք մոռացան դուռը ջարդելու, պատերը փշրելու հոխորտանքները, միամիտ պատրվակներով, երկիմաստ ժպիտներով, քաշվեցին իրենց խցերը՝ կլոր պատուհանի դիմաց թողնելով ինձ ու Տատյանա Արկադևնային: Ես հիացած էի: Ես ուղղակի օրհնում էի տղամարդկային ազնիվ ցեղի ծնունդը:
Միայն բենզինատարի վարորդը չդիմացավ, ոռնաց հեռվում, հետո այնտեղ, ուր լսվեց ու մարեց ոռնոցը, հռնդաց մեքենայի շարժիչը, կատաղի շրխկաց խցիկի դուռը, և բենզինատարը ակնթարթ միայն լուսահարելով մեզ՝ սլացավ աուլով, բռնեց երևի քաղաք տանող ճանապարհը: 
- Խելառ,- հազիվ արտասանեց Տատյանա Արկադևնան, հենվեց բարաքի պատին ու փղձկաց:
Ես վազ տվեցի ետ, թափ առա, եկա ու զարկվեցի դռանը: Բարաքը ցնցվեց, տախտակնե՞րը, թե՞ ոսկորներս ճթճթացին, իսկ դուռը մնաց անշարժ: 
- Պետք չէ,- արցունքները երեսին քսելով՝ ասաց Տատյանա Արկադևնան,- մի ջարդիր... ես կգամ քեզ մոտ...
Խոսքերը ասես մեկ արած՝ անապատի տղամարդիկ մարեցին խցերի լույսերը՝ մեզ գցելով խավարի բերանը, գուցե քթերով սեղմվեցին լուսամուտի ապակիներին՝ նախանձով դիտելու մեր գնացքի ընթացքը, որ պիտի խեղդվեր ավազների մեջ, պիտի խափանվեր, ու մենք պիտի վար իջնեինք վագոնից՝ ոտքով շարունակելու մնացած ճանապարհը: Եվ ես հայտնագործեցի, որ մնացած ճանապարհը մենք պիտի անցնեինք լճի հատակի ավազների մեջ խրվելով, այնինչ կարող էինք լողալ, ես՝ շարժելով լողաթևերս, նա՝ սպիտակ ոտքերը:
«Ձկնիկ, այ ձկնիկ, դու կիսատ թողեցիր հեքիաթդ»:
«Ծովափին, լեռների ոտքերի տակ,- շարունակեցի,- մի գյուղակում երկու եղբայր էին ապրում...»:
«Մեկը՝ հարուստ, մյուսը՝ աղքա՞տ»:
«Ըհը, մեկը՝ հարուստ, մյուսը՝ աղքատ»:
«Տեսա՞ր, ինչպես բոլոր հեքիաթներում»:
«Բայց ես ի՞նչ մեղավոր եմ, որ հեքիաթները շատ են նման եղելությանը... Հարուստ եղբայրը ժլատ էր, աղքատը՝ բարի: Բայց նա ոչինչ չուներ, և մարդիկ չգիտեին, որ նա բարի է: Միայն ձկները, իմ նախապապերը գիտեին. նա այնքան էր ձուկ որսում, որքան հարկավոր էր ընտանիքը սովից փրկելու համար: Եվ իմ նախապապերը որոշեցին օգնել նրան: Մի օր...»:
«Ոսկե ձկնի՞կը հայտնվեց»:
«Ոչ, սովորական մի ձուկ, ու ձկնորսին մողեսի կես պոչ տվեց»:
«Մողեսի՞»:
«Մողեսի: Ու ասաց. բարի ձկնորս, վերցրու այս կես պոչը, լեռները գնա: Լեռներում, տափակ քարի վրա կհանդիպես պոչատ մողեսին, մողեսների թագաժառանգին, որն ահա յոթ ամիս է, կտրված պոչն է փնտրում: Կտաս նրան փնտրածը, ու երբ նա քեզ արքա հոր մոտ կտանի, ու երբ արքան քեզ կուզենա վարձատրել, ոչինչ չվերցնես: Հրաժարվիր ամեն ինչից, մինչև կառաջարկի կախարդական երկանքը: Երկանքից չհրաժարվես: Ձախից աջ պտտելիս՝ դու կարող ես ասել. երկանք, երկանք, ալյուր աղա, և երկանքը քեզ ալյուր կտա: Պտտիր քարը և ոսկի խնդրիր. ոսկի կտա: Երկանքը կբանի օր ու գիշեր, քանի դեռ դու չես պտտել քարը աջից ձախ: Չմոռանաս՝ աջից ձախ: Ասաց ու ծովը սուզվեց: Իսկ ձկնորսը լեռները գնաց, գտավ պոչատ մողեսին, տվեց կես պոչը ու փոխարենը տեր դարձավ կախարդական երկանքին: Իսկապես, բարի մարդ էր ձկնորսը: Նա ոչ միայն իր, այլև համագյուղացիների համար էլ էր ալյուր, ոսկի, ամեն-ամեն ինչ աղում: Նույնիսկ չար ու ժլատ եղբոր համար: Բայց հարուստ եղբորը չգոհացրեց ձկնորսի տվածը: Նա ցանկացավ սեփականացնել երկանքը: Եվ մի գիշեր նա բոլորից ծածուկ մտավ եղբոր տուն, գողացավ երկանքը, նավակ նստեց, որ փախչի, հեռանա հարազատ գյուղից: նա իր հետ ուտելիք էր վերցրել. հաց, խաշած հավկիթներ, կանաչի, բայց շտապելուց մոռացել էր աղը»:
- Ջուր ունե՞ս,- հարցրեց Տատյանա Արկադևնան, երբ հենց հատակին փռված ներքնակի վրա ես մաքուր սավան գցեցի:
- Երկու դույլ,- ասացի,- եթե չի գոլորշիացել:
- Մեկն ինձ, մյուսը՝ քեզ: Մաքրվենք աղից:
«Բա էլ ո՞ր օրվա համար է երկանքը,- մտածեց հարուստ եղբայրը ու, հիշելով, թե ինչպես էր ձկնորսը գործի գցում քարերը, պտտեց ձախից աջ ու շշնջաց.- Երկանք, երկանք, աղ աղա»: Երկանքը սկսեց աղալ: Բայց, այ քեզ դժբախտություն, հարուստ եղբայրը չգիտեր, թե ինչպես են կանգնեցնում երկանքի պտույտները: Նա խնդրեց, պաղատեց, բղավեց, հայհոյեց՝ օգուտ չկար, երկանքը գործում էր, հա գործում: Շուտով աղով լցվեց նավակը, ծանրացավ ու խորտակվեց: Հարուստ եղբայրը խեղդվեց, երկանքը սուզվեց հատակ՝ անընդհատ աղալով: Ու ծովն աստիճանաբար աղիացավ: Ու ծովն աստիճանաբար փոքրացավ: Ու ձկները սկսեցին մահանալ: Միայն մեր տոհմն էր դիմանում: Երևի նրա համար, որ գտներ երկանքը:
«Տխուր հեքիաթ է...»:
Իմ բաժին դույլը ձեռքիս՝ դուրս եկա սենյակից և տկլոր ու հպարտ կանգնեցի շեմի տախտակամածին: Քաղցրահամ ջուրը մաքրում էր մարմնիս կպած լճի գարշահոտությունը, աղը, և ինձ թվում էր, թե վրայիցս թափվում են ձկան թեփուկները: Ինձ թվում էր, ես՝ մեռած ձկների վերջին հույսս, ահա գտել եմ երկանքը, դուրս եմ հանել ափ, պտտել եմ քարը աջից ձախ՝ փրկելով լիճը ոչնչացումից: Մաքուր ջուրը սրբեց, տարավ օդից ինձ անջատող շղարշը. ես սկսեցի շնչել մաշկով, մազերով, ես խառնվեցի օդին...
Տատյանա Արկադևնան ինձ սպասելով քնել էր՝ շեկ մազերի խուրձը փարծամ կրծքին ցրիվ տված: Ես նրան չարթնացրի. կամացուկ, զգույշ տեղավորվեցի կողքին, ինչպես մորս մոտ կպառկեի, եթե նա անձրևոտ, մութ մի գիշեր... Բայց իմ այս մաքուր, տաք երջանկության միջից ես անքեն ու ներողամիտ ժպտացի նրան...

 

Ռուբեն ՀՈՎՍԵՓՅԱՆ

Լավրովը Երևան է ժամանում
18 Նոյեմբերի 2017, 17:25 Լավրովը Երևան է ժամանում
Հրդեհ Արփի գյուղում
18 Նոյեմբերի 2017, 10:11 Հրդեհ Արփի գյուղում

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica