close
Եղանակը Երևանում
6 Հուլիսի 2020
+18°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ով էր այն հնարամիտ ոստիկանը

Քաղաքական

6 Հուլիսի 2015, 17:22
 Ով էր այն հնարամիտ ոստիկանը

Մի հին պատմություն կա` Սվենսոնների ընտանիքի մասին: Ուրեմն մի օր, երբ Ստոկհոլմում անձրեւը համառորեն դադարելիս չի լինում, Սվենսոնները` հայրը, մայրը, որդին, դուստրը եւ փոքրիկ` անգլիական քոքեր-սփանիել ցեղատեսակի` չգիտես ինչու, Մոցարտ անվանված շունը, նստած են լինում իրենց տանը եւ պարապությունից սկսում են իրար հետ զրուցել: Հանկարծ տան դուռը բախում են: Ոչ ոք տեղից վեր չի կենում, միայն Մոցարտը սկսում է ցատկոտել` աջ եւ ձախ, անհանգիստ հաչալով: Առաջինը տեղից խոսում է հայր Սվենսոնը. «Գուցե մորաքույր Լիզա՞ն է եկել` Կոպենհագենից, նա պետք է, որ արդեն Շվեդիայում լինի»: Կինն առարկում է. «Չեմ կարծում, թե նա է, հնարավոր է քեռի Գուդյոնն է եկել` Ռեյկյավիկից, նա երեկ էր զանգահարել ինձ եւ ասել, որ այսօր կլինի Շվեդիայում»: Որդին իր տեղից ասում է, «Օ, ոչ, իմ ընկեր Էրիկն է եկել, նա այսօր ինձ պետք է բերեր նոր խաղեր»: Տիրում է լռություն, սակայն դուռը շարունակում են բախել: Այդ պահին աղջիկը հանկարծ ասում է. «Իսկ գուցե մեզանից ինչ-որ մեկը գնա եւ բացի՞ դուռը, որպեսզի տեսնենք, թե ով է…»: Մոցարտը սկսում է ուրախ հաչալ եւ դեպի աղջիկը վազել` ըստ ամենայնի հասկացնելով, որ նա միակն էր, ով իրեն հասկացավ:

Այս պատմությունը, որը հենց այսպես էլ ավարտվում է, հիշեցի Բաղրամյանում տեղի ունեցած այսօրվա իրադարձությանը հետեւելիս: Ուրեմն պարզվում է, ոստիկանությունը երեկ էլ, դրա առաջին օրն էլ, երկու օր առաջ էլ հանգիստ կարող էր հանել աղբամաններն իրենց եւ ցուցարարների մեջտեղից, այդպիսով ազատել Բաղրամյան պողոտայի երթեւեկելի հատվածը, ընդ որում` առանց որեւէ բռնության` միայն փողոցում պառկածներին բաժին տանելով: Կարող էր, բայց չէր անում: Չի բացառվում, որ ոստիկանները խորհրդակցում էին, թե ինչ կանեն հիմա ցուցարարները: Ի վերջո, ոստիկաններից մեկը, հավանաբար` այսօր, իր գործընկերներին ասել է. «Տղե'րք, իսկ եթե մենք մոտենանք նրանց եւ ուղղակի հանե՞նք աղբամանները…»: Չի բացառվում, որ ոստիկանությունն ապշել է այս հանճարեղ առաջարկից եւ անմիջապես ձեռնամուխ եղել դրա իրագործմանը:

Պետք է նկատել, որ ցուցարարները, այդ թվում` փողոցում պառկածները առանձնապես չեն հակառակվել ոստիկանության գործողություններին: Ուշագրավ է, որ Երեւանի փոխոստիկանապետ Օսիպյանն էլ հայտարարեց, թե բերման ենթարկվածներից եւ ոչ մեկի հանդեպ հետապնդում չի իրականացվելու, քանի որ «նրանք բոլորը մեր /այսինքն` ոստիկաննների/ քույրերն են եւ եղբայրները»: Բաղրամյանն այլեւս բաց է: Ու մենք շատ ենք ցանկանում իմանալ այն հնարամիտ ոստիկանի անունը, ով առաջինն ասաց. «…իսկ, եթե ուղղակի հանե՞նք աղբամանները…»

Հովիկ Աֆյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica