close
Եղանակը Երևանում
6 Հուլիսի 2020
+20°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եղբայրները չմիացան Հայրիկյանին

Քաղաքական

3 Հուլիսի 2015, 15:25
 Եղբայրները չմիացան Հայրիկյանին

Եթե դուք բողոքում եք ձեր շենքի աղբահանությունից, ինչը հատկապես այս շոգ օրերին լուրջ եւ, բառի բուն իմաստով, վատ հոտով խնդիր է, ապա հանգիստ կարող եք մի պաստառ պատրաստել, վրան գրել` «Պահանջում եմ աղբահանում» եւ այն, հնարավորինս բարձր պահած, գնալ Բաղրամյան պողոտա` միանալով այնտեղ հավաքված մարդկանց: Սա դուք կարող եք անել, որովհետեւ Բաղրամյանում մնացածները հստակ պահանջ կարծես թե չունեն, այնտեղ բոլորը տարբեր բաներ են պահանջում, մարդ կա` նախագահի հրաժարականը, մարդ կա` Օսիպյանի հրաժարականը, մարդ կա` Վովա Գասպարյանի նոր բոցը, մարդ էլ կա` սելֆի անելու ձող:

Ընդհանուր, ասում են, պահանջում են հոսանքի սակագինը չբարձրացնել, բայց խնդիրն այն է, որ հոսանքի գինը, ինչպես նախոօրոք որոշվել էր, օգոստոսի 1-ից չի բարձրանալու: Այնպես որ` Բաղրամյանում տարբեր պահանջներ կան, ճիշտ այնքան, որքան մարդ կա: Օրինակ` երեկ երեկոյան Բաղրամյան էր գնացել Պարույր Հայրիկյանը, ով առավել հայտնի է «անկախության խորհրդանիշ» մականունով: Մարդը պաստառի փոխարեն իր հետ Բաղրամյան էր տարել Եվրամիության դրոշը, տանելը դեռ բավական չէ, հանել, սկսել է թափահարել: Քանի որ այս ցույցը հանուն Եվրամիության կամ, որը նույնն է դարձել, ընդդեմ Ռուսաստանի չէ, բաղրամյանցիները թույլ չեն տվել Հայրիկյանին շարունակել իր եվրոպական շարժումը եւ պարտադրել են իջեցնել Եվրամիության դրոշը: Ավելին` նրանք  «անկախության խորհրդանիշից» պահանջել են անհապաղ հեռանալ Բաղրամյանից:

Հասկանալ Հայրիկյանին, իհարկե, հնարավոր է: Մարդը տանը համացանցով տեսել է, որ Բաղրամյանում մարդիկ բողոքում են` ամեն մեկն իր պահանջով, ինքն էլ որոշել է իր պահանջով ներկայանալ Բաղրամյան: Մյուս կողմից էլ` հասկանալ Հայրիկյանին Բաղրամյանից հեռանալ ստիպողներին եւս հնարավոր է: Մարդիկ չեն պայքարում հանուն Եվրամիության, եւ ահա հայտնվում է մեկը, ով այդ միության դրոշն է վեր բարձրացնում: Ընդ որում` այդ մեկը սովորական քաղաքացի չէ, այլ, հիշեցնենք, «անկախության խորհրդանիշը»:

Հայրիկյանը, սակայն, դրոշ բարձրացնելու իր քայլը հիմնավորել է այսպես` տղաները, այսինքն` նրանք, որոնց հանդեպ հունիսի 23-ին, նույն Բաղրամյանում ոստիկանությունը ուժ է կիրառել, դիմել են Եվրոպական դատարան, հիմա ինքն էլ Եվրամիության դրոշն է պարզել, որպեսզի Ստրասբուրգից տեսնեն եւ շոյվեն, ըստ այդմ էլ` արդարացի վճիռ կայացնեն` հանուն տղաների եւ ընդդեմ Հայաստանի անկախ Հանրապետության, որի «խորհրդանիշը», ի դեպ, ինքն է:

Փաստորեն, եթե տղաները հանկարծ դիմած լինեին մոնղոլական դատարան, Հայրիկյանը Բաղրամյան պիտի գար Մոնղոլիայի դրոշով, գուցե նաեւ` տարազո՞վ:

Մի խոսքով` անկախության սերունդը, որի որոշ ներկայացուցիչներ դեռ Բաղրամյանում են, այդ փողոցից դուրս են հանել «անկախության խորհրդանիշին»: Նա էլ, գուցե շատ նյարդային եւ հուզված, վերադարձել է իր ամառանոցը եւ սկսել երգել, բաղրամյանցիների եւ, առհասարակ, հայության ինադու, «Դե եկեք, եղբայրներ, մենք միանանք» երգը` կանգնելով Եվրամիության դրոշի առջեւ:

Համենայն դեպս, Բաղրամյանում, եթե պետք է ինչ-որ դրոշ լինի, ապա բացառապես կարմիր, կապույտ եւ նարնջագույն գույներով: Ի դեպ, եթե բաղրամյանցիները երբեւէ հստակ պահանջագիր ներկայացնեն, ապա կարող են դրա կետերից մեկով պահանջել` «Երբեք թույլ չտալ Հայրիկյանին…»:

Հովիկ Աֆյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica